Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ բանկերը 2022-ի ընթացքում 1.6 միլիարդ դոլարի ներդրումներ են արել ՀՀ-ից դուրս։ Ինչու այդ ներդրումները Հայաստանում չեն արվում

Lragir.am-ի զրուցակցին է ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ նախագահ, կառավարությանն առընթեր ՓՄՁ խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, 2022 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 142 տոկոս։ Փոքր ու միջին բիզնեսն ինչ իրավիճակում է, այդ ոլորտի վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել երկնիշ տնտեսական աճը։

Չէի ասի, որ փոքր ու միջին բիզնեսի համար սա մեծ ազդեցություն է ունեցել։ Փոքր ու միջին բիզնեսը մեծամասամբ նույն վիճակում է գտնվում, չհաշված չնչին փոփոխությունները։ Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերի և այս տարվա հունվար ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ վաճառքների գծով նույնիսկ անկում կա։ Այսինքն՝ տնտեսական աճը ապահովում են արդյունաբերությունը, այլ ոլորտները, բայց դա ՓՄՁ-ին այնքան էլ չի առնչվում։ Իսկ առևտրաշրջանառության մեջ մեծ մասնաբաժին ունեն խոշոր սուպերմարկետները, որոնք պատկանում են օլիգարխներին։ Մանր բիզնեսը էապես չի զգում այդ շարժը։

Ծառայությունների ծավալը նախորդ տարի աճել է 282 տոկոսով։ Այս ցուցանիշը հիմնականում արտերկրից Հայաստան տեղի ունեցած ներհոսքի շնորհիվ է՝ և ֆինանսական, և մարդկային։ Այս ոլորտում ի՞նչ իրավիճակ է։

Այդ գումարները չեն ազդում ներքին առևտրաշրջանառության աճի վրա։ Այդ գումարները մեծամասամբ կուտակվում են բանկերում, օլիգարխիայի մոտ։ Իսկ մենք թվերով տեսնում ենք, որ բանկերը ներդրում են անում դրսում, օլիգարխները ևս ներդրում են անում դրսում։ ՀՀ բանկերը 2022-ի ընթացքում 1.6 միլիարդ դոլարի ներդրումներ են արել ՀՀ-ից դուրս։ Այդ ներդրումները Հայաստանում չեն արվում, որովհետև համապատասխան քաղաքական ու տնտեսական իրավիճակ ստեղծված չէ մինչ այսօր։ Հասարակ լոգիկայով կարող ենք գնահատական տալ՝ եթե մեր տնտեսությունում երկնիշ աճ է լինում, ինչո՞ւ է մեր բյուջեն դեռ դեֆիցիտի մեջ, ինչո՞ւ է կառավարությունը շարունակաբար ավելացնում հարկերը։ Եթե որևէ երկրում տնտեսական աճ կա, գումարներն ավելանում են, հարկերն ավելացնելու իմաստ չկա, իսկ մեզ մոտ տարին մի քանի հարկատեսակ բարձրացվում է։

Արտերկրից դեպի Հայաստան գումարի ներհոսքի կտրուկ աճի պայմաններում, որը տեղի ունեցավ 2022 թվականին, մասնագետները կարևորում էին այն հարցը, որ պետք է այնպես անել, որ այդ գումարները երկարաժամկետ հատվածում օգուտ տան ՀՀ տնտեսությանը։ Դուք ասում եք՝ տնտեսությունում կենտրոնացվածությունը մե՞ծ է։

Մենք չենք կարողանում այդ գումարներն իրացնել մեր տնտեսությունում, մեր տնտեսությունը մեծամասամբ դիվերսիֆիկացված չէ, այսինքն՝ կենտրոնացված է մի քանի բանկերի ու օլիգարխիայի ձեռքին։ Սրա պատճառով այդքան էական շրջանառություն չկա քաղաքացիների մոտ։ Այնինչ, այնպես պետք է անել, որ այդ գումարները դիվերսիֆիկացվեն մանր բիզնեսում։ Միայն այդ դեպքում է հնարավոր, որ քաղաքացին միանգամից զգա այդ ծավալի ներհոսքը։

Կառավարությունը փոքր ու միկրոբիզնեսին արտոնություններ տրամադրելու քայլեր էր արել, ի՞նչ ազդեցություն է ունեցել դա ոլորտի վրա։

Մինչ այդ էլ գոյություն ուներ ընտանեկան բիզնեսը, որն ավելի լավ պայմաններում էր գործում, քան այսօր միկրոբիզնեսը։ Կառավարությունը սկզբում հիանալի պայմաններ ստեղծեց միկրոբիզնեսի համար, ինչը սխալ գործիք էր։ Ես չեմ ուզում ամբողջ մեղքը բարդել կառավարության վրա, այդ գործիքը ճիշտ կառուցվածք չուներ, և դրանից մեծամասամբ օգտվեցին ոչ միկրոբիզնեսները։ Եվ հիմա կառավարությունն ստիպված եղավ իր տված մեծ շրջանակն ավելի փոքրացնել՝ սրանով հարվածելով իսկապես միկրոբիզնեսին։ Եվ սա ավելի շատ դարձավ պոպուլիստական քայլ, քան տնտեսական զարգացման հնարավորություն։

Ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը՝ ՓՄՁ զարգացման համար։

Կարող եմ ասել, որ այսօր փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ոչինչ չի արվում։ Ավելին, հարկային ու վարչարարական բեռն ավելացնում են, որը միանշանակ չի խթանելու ՓՄՁ զարգացումը։ Մեր երկրի համար կենսունակ ու պարտադիր պահանջ է, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը հնարավորինս զարգանա, և դրամաշրջանառությունը, ամբողջ տնտեսությունը հավասար բաշխվի փոքր ու խոշոր բիզնեսի մեջ։ Դրա ուղղությամբ քայլերը կամ շատ թույլ են, կամ լավը չեն։