Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՀՀ ճանապարհների սուվերեն իրավունք»․ Սահմանը կարող է անցնել ցանկացած տեղով

Մոսկվան, Բաքուն և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում չեն քննարկում «արտատարածքային միջանցքի» ստեղծումը, որը կխաթարեր կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը։ Այս մասին Ռոսիյսկայա գազետային տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը։ Դա նշանակում է, որ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չի գնում և չի կարող գնալ արտատարածքային միջանցքի մասին, որը որևէ կերպ կխաթարի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով, բանակցությունների ժամանակ սկզբունք է մշակվել․ «Ճանապարհի վրա տարածվում է այն երկրի ինքնիշխանությունը, որտեղով անցնում է այդ ճանապարհը։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանականով, ապա ադրբեջանական է»։

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ ճանապարհներ բացվելու կամ կառուցվելու են միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կսահմանեն երկրների միջև սահմանի հատման և այդ ճանապարհներով տեղաշարժի իրավական ռեժիմը։ «Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհ մուտք գործելու համար կատարվելու է սահմանային ու անձնագրային վերահսկողություն այնպես, ինչպես օրինակ Իրանից Հայաստան մտնելիս», – ընդգծել է նա։

«Բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն կլինի, որ բոլոր իրավական հարցերը հաշվի են առնված, ոչինչ բաց չի թողնվել և ոչ ոք ստացված արդյունքը չի մեկնաբանի որպես իր հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ», նշել է Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը կարծում է, որ Հայաստանը մեկ քայլ է հեռու տրանսպորտային շրջափակման վերացումից, որը զսպում է տնտեսական աճը։ «Հայաստանում լավ հասկանում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով։ Այսօր մենք մեկ քայլի վրա ենք այն հանելուց», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

ՌԴ փոխվարչապետից առաջ «ճանապարհների հանդեպ երկրների ինքնիշխանության» վերաբերյալ ավելի վաղ խոսել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվան այդ մասին «հիշում» է այն ժամանակ, երբ նրա հասցեին հնչում են առարկայական մեղադրանքներ Հայաստանի տարածքի մասնատման եւ միջանցքների վերաբերյալ։

Իրականությունը սակայն լիովին այլ է, ինչը հաստատվում է Իրանի բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններով եւ ՌԴ-ին ուղղված հարցադրումներով։ Դրա վկայությունն է նաեւ ԱՄՆ-ի, արեւմտյան երկրների դիրքորոշումը։

Այստեղ պետք է նշել հետեւյալը․ «ճանապարհների հանդեպ երկրների ինքնիշխանության» եւ սահմանային անցակետերի սկզբունքները կիրառելու համար նախ սահման է պետք, այսինքն՝ սահմանազատում եւ սահմանի ճանաչում։ Բաքվի ներխումների կապակցությամբ ՌԴ-ն փաստացի հայտարարել է, որ Հայաստանը տարածք ու սահմաններ չունի եւ պետք է սահմանազատում անի։ Նույնը կրկնում է նաեւ Բաքուն, ներկայացնելով տարածքային նորանոր հավակնություններ։ Ընդ որում, Բաքվի հարցում ՌԴ-ն նման դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքվի ներխուժումները Մոսկվան որակում է որպես սահմանային միջադեպեր վիճելի տարածքներում եւ չի պահանջում Բաքվի զորքերի հեռացում ելման դիրքեր, ինչը նշանակում է, որ «սահմանը կարող է անցնել ցանկացած տեղով»՝ Մոսկվայի ու Բաքվի համաձայնությամբ։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ Մոսկվան է առաջնորդում ու աջակցում Բաքվի այդ գործողությունները, դրանից իրողությունները չեն փոխվում։

Այսինքն, ճանապարհների հանդեպ ինքնիշխանության վերաբերյալ շաղակրատանքը կարելի է անվերջ կրկնել գետնի վրա այլ իրականություն ձեավորելով, ասենք՝ ՀՀ Սյունիքի մարզի եւ այլ շրջանների օկուպացմամբ ու ՀՀ ճանապարհներին «հատուկ ռեժիմ» (Լավրով) սահմանելով, այդպիսով լուծելով արտատարածքային ճանապարհի հարցը։

Այն, որ Մոսկվան շահագրգիռ է դրանում, չեն թաքցնում թե Անկարայի ու Բաքվի, թե Մոսկվայի պաշտոնական շրջանակները։ Ներկայում Ռուսաստանը պատրաստվում է միջազգային երկարատեւ մեկուսացման ու շրջափակման Թուրքիայի «խողովակով», կառուցելով գորշ սխեմաներ, որի համար անհրաժեշտ է ՌԴ-Թուրքիա ցամաքային ուղիղ կապ արտատարածքային սկզբունքով։ ՀՀ տարածքի օկուպացիայի արագացումը, որը դրսեւորվեց սեպտեմբերի կեսերի ագրեսիայի հերթական ակտով, դրա վկայությունն է։ Այս անգամ այն կանգնեցվեց Իրանի ու ԱՄՆ-ի ջանքերով։