Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 80%-ով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Կառավարությունից հայտնում են, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։

«Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով», - նշել է նա։

Փաշինյանը բարձրաձայնել է տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։
«Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։

Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։

Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։

Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։

Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։
Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։

Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով»,- նշել է Փաշինյանը։