Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ խորհրդարանի իրավա-քաղաքական կարգավիճակի էվոլյուցիան և ամրապնդման ուղիները. Արտաշես Խալաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ խորհրդարանի իրավա-քաղաքական կարգավիճակի էվոլյուցիան և ամրապնդման ուղիները. որոշ նկատառումներ

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Ժամանակակից աշխարհում նկատվում է խորհրդարանի ազդեցության նվազում՝ հօգուտ տեխնոկրատ կառավարությունների և բյուրոկրատիայի, ինչը ժողովրդավարության մարտահրավերներից մեկն է:
  • Խորհրդարանը կարող է լիարժեքորեն գործել և իրականացնել իր ինստիտուցիոնալ գործառույթները միայն իրական ժողովրդավարական քաղաքական ռեժիմի պարագայում:
  • Խորհրդարանի ֆունկցիոնալությունը կապված է կուսակցական համակարգի բնույթի և զարգացվածության աստիճանի, ընտրական համակարգի բնույթի, պառլամենտարիզմի կայացվածության մակարդակի հետ:
  • Բազմակուսակցական համակարգը պետք է լինի հավասարակշռված. կուսակցությունների բազմաթվությունը չպետք է հանգեցնի կուսակցական համակարգի չափազանց տրոհման:
  • Որևէ ընտրական համակարգ a priori լավը կամ վատը չէ, և իր դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով՝ վերջինիս մոդելավորումն ու կիրառումը պետք է կապակցել տվյալ երկրի քաղաքական պրակտիկայի, քաղաքական ավանդույթների և սահմանադրական մշակույթի հետ:
  • Խորհրդարանի ֆունկցիոնալության և սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման հիմնասյուներից մեկը ժողովրդավարական կոնսենսուսի մեջ գտնվող քաղաքական մեծամասնության և փոքրամասնության ինստիտուտների պատշաճ գործունեությունն է:
  • Հայաստանի երրորդ Հանրապետությունում խորհրդարանի կարգավիճակի շարժընթացն ունեցել է 5 փուլ՝ 1990-1991թթ., 1991-1995թթ., 1995-2015թթ., 2015-2018թթ. և 2018թ.-ից մինչ այժմ:
  • Թավշյա հեղափոխությունից հետո Ազգային ժողովը վերագտավ իր լեգիտիմությունը, սակայն ֆունկցիոնալության առումով ունի լուրջ խնդիրներ:
  • Ազգային ժողովի գործունակության հետագա բարելավումը հնարավոր է կուսակցությունների խոշորացման և գործունեության թափանցիկության, ընդդիմությանը խորհրդարանում ներկայացվածության չափով չպայմանավորված  վերահսկողական լծակների տրամադրման և խորհրդարանական ճգնաժամերի արդյունավետ սահմանադրական լուծումների ներդրման պարագայում:

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը կառավարման ձևն հիմնախնդիրն է: Որոշակի հավանականությամբ նոր Սահմանադրության նախագծում պահպանվելու է խորհրդարանական մոդելը, ինչը մեծացնում է Ազգային ժողովի իրավական և փաստացի կարգավիճակի հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալ դերի բարձրացման հիմնախնդրի կարևորությունը:

2018թ. տեղի ունեցած արմատական քաղաքական փոփոխություններից հետո խորհրդարանը վերագտավ իր լեգիտիմությունը, սակայն ժողովրդավարական համակարգը պահանջում է ոչ միայն պետական ինստիտուտների իրավակարգություն, այլև կայունություն, ֆունկցիոնալություն և արդյունավետություն: Այս առումով ,,լեգիտիմ իշխանական շղթան,, սկսվում է Ազգային ժողովից, որը, փաստորեն, պետաիշխանական համակարգի լեգիտիմությունը սնուցող անկյունաքարային պետական մարմին է, և անհրաժեշտ է, որպեսզի այն օժտված լինի իր սահմանադրական կարգավիճակին համապատասխանող լիազորություններով և քաղաքական կշռով:

Ըստ այդմ, սահմանադրական բարեփոխումների օրակարգային հիմնահարցերից պետք է լինեն խորհրդարանի կարգավիճակի, գործունեության կառուցակարգային լուծումների և պետա-իշխանական համակարգում խորհրդարանի քաղաքականաստեղծ գործառույթի խթանման նախադրյալների վերատեսությունն ու նորմատիվ զարգացումը:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ժողովրդավարական և իրավական պետության ինստիտուցիոնալ կառուցվածքի մասին դասական պատկերացումները հանգում են խորհրդարանի առաջնայնության գաղափարին՝ ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից և դրան համապատասխան՝ պետական մարմինների միջև գործառութային լիազորությունների բաշխումից, այն է՝ խորհրդարանն ընդունում է օրենքներ, կառավարությունը դրանք կատարում և գործադրում է, իսկ դատարանն այդ օրենքների հիման վրա լուծում է սոցիալական վեճերը, իրականացնում է արդարադատություն:

Խորհրդարանի նման դերի մասին խոսել են բազմաթիվ փիլիսոփա-պետականագետներ: Մասնավորապես, անգլիացի մեծ մտածող Ջոն Լոքը նշում է. «Սահմանադրական պետությունում կարող է լինել ընդամենը մեկ գերագույն իշխանություն՝ օրենսդիր իշխանությունը, որին ենթարկվում են մնացած բոլորը…»:

Ռուս պետականագետ Լև Տիխոմիրովը գրել է, որ խորհրդարանի առանձնաշնորհյալ կարգավիճակը, նրա գաղափարախոսական և քաղաքական էական դերը համարվում են ընդհանրապես պառլամենտարիզմի՝ որպես խորհրդարանի ձևավորման սկզբունքների համակարգի առանցքային կողմերից:

ԱՄՆ հիմնադիր հայրերը ևս ի սկզբանե Կոնգրեսին էին տեսել որպես նախագահից և Գերագույն դատարանից առավել կարևոր և առանցքային լիազորություններ ունեցող իշխանության ճյուղ՝ սահմանելով զսպումների և հակակշիռների բազմաթիվ կառուցակարգեր՝ վերջինիս ձեռքում բացարձակ իշխանության կենտրոնացումը բացառելու համար: Հիմնադիր հայրերը միանշանակ նպատակ չունեին ստեղծել ուժեղ նախագահական իշխանություն, քանզի խուսափում էին անգլիական միապետության ձևաչափով միապետ ունենալու գաղափարից: Ըստ այդմ, 1800-ական թվականներից մինչև 1930-ական թվականները Կոնգրեսն իշխանության դոմինանտ ճյուղն էր։ Այնուամենայնիվ, ուժեղ նախագահների անհատականությունները ժամանակի ընթացքում մեծացրել են նախագահական իշխանության փաստացի դերակատարությունն ԱՄՆ պետական իշխանության համակարգում:

Փոխարենը, ժամանակակից ժողովրդավարություններում, որտեղ գնալով ավելի մեծ դեր են կատարում տեխնոկրատ կառավարությունները և ոչ հաշվետու մասնագետ-բյուրոկրատները, խորհրդարանների դերը և, ընդհանրապես, ներկայացուցչական ինստիտուտները թուլանում են, ինչը համարվում է ժողովրդավարությանը նետված լրջագույն մարտահրավերներից մեկը:

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես որոշել կամ ինչպես չափել խորհրդարանի իրական կարգավիճակն այս կամ այն երկրում:

Խորհրդարանի կարգավիճակի չափման ձևական հիմքը պետական կառավարման ձևի ավանդական դասակարգումն է: Ըստ այդմ, ընդունված է, որ խորհրդարանը, որպես պետա-իշխանական ինստիտուտ, առավել ուժեղ է խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում, երբ հանդիսանում է առաջնային մանդատով օժտված միակ պետական մարմինը և ինքնուրույնաբար ձևավորում է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը, ինչպես նաև մասնակցում է գործադիր այլ մարմինների և դատական իշխանության ձևավորմանը, ունի վերահսկողական բազմաթիվ լծակներ, ընդունում կամ հաստատում է պետական կարևորագույն որոշումները՝ ինչպես օրենքներ ընդունելով և միջազգային պայմանագրեր վավերացնելով, այնպես էլ սահմանադրական այլ եղանակներով: Նման ուժեղ խորհրդարանի օրինակ է Մեծ Բրիտանիայի պառլամենտը, որի իրական կշիռը բնութագրելու համար օգտագործվում է ,,խորհրդարանի ինքնիշխանություն,, եզրույթը:

Մինչդեռ նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որտեղ գործում է նաև ժողովրդի կողմից ընտրվող անձ-ինստիտուտ՝ նախագահը, վերջինս իր լեգիտիմությամբ ոչ միայն հավասարազոր է խորհրդարանին, այլև ընտրական և կուսակցական համակարգերի, ինչպես նաև քաղաքական պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված՝ իր կարողունակությամբ կարող է գերազանցել օրենսդրին: Թեպետ վերջինս ունի օրենքներ ընդունելու մենաշնորհ, սակայն սահմանադրական և քաղաքական այլևայլ գործիքներով գործադիր իշխանությունը փաստացի նկատելիորեն ,,յուրացնում,, է օրենսդիր գործառույթը: Օրինակ, կիսանախագահական Ֆրանսիայի Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունն ունի օրենքի ուժ ունեցող որոշումների ընդունման լիազորություն: Համանման կարգավորում առկա էր 1995թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում, երբ Հայաստանը (թեպետ դա վիճելի է) ևս համարվում էր կիսանախագահական հանրապետություն:

Միևնույն ժամանակ արդի իրողություններն աստիճանաբար փոխում են դասական մոտեցումները. իշխանության և կառավարման գործընթացների բարդացումն ու բազմազանեցումը կառավարման համակարգերի ընդունված սահմանումները դարձնում են որոշ իմաստով ժամանակավրեպ, իսկ պետական ինստիտուտների գործառման և փոխազդեցության չափորոշման ելակետերը նորովի ուսումնասիրման կարիք ունեն: Հետևաբար սույն հետազոտության առարկայի համատեքստում հարկ է անդրադառնալ խորհրդարանի կարգավիճակի չափորոշման այլընտրանքային բանաձևումներին, որոնք ավելի շատ կենտրոնացած են խորհրդարանի քաղաքական և աշխատանքային պրակտիկայից վերջինիս կարգավիճակի բխեցման վրա:

Մի շարք հետազոտողներ առաջարկում են խորհրդարանի իրական կարգավիճակը որոշել՝ նկատի առնելով խորհրդարանի քաղաքականաստեղծման (policy making) կշիռն ու լիազորությունները: Որպես այս չափորոշչի բնութագրիչներ՝ նշվում են խորհրդարանի կարողությունը սահմանափակել գործադիր իշխանությանը, այն է՝ փոփոխել և մերժել գործադիրից եկող առաջարկները: Այս առումով առանձնանում է ԱՄՆ-ի կոնգրեսը, որի թե՛ սահմանադրական-ֆորմալ և թե՛ իրական կարողություններն անգամ ուժեղ Նախագահի առկայության պայմաններում իրեն թույլ են տալիս նվազագույնի հասցնել առանց իր մասնակցության որևէ քաղաքական հիմնահարցի կարգավորումը:

Կան հեղինակներ, որոնք խորհրդարանի կարողունակությունը չափում են՝ հիմք ընդունելով ոչ միայն օրենսդիր մարմնի կոլեգիալ ուժը, այլև առանձին վերցրած պատգամավորների անհատական հատկանիշները:

Հետաքրքիր դասակարգում է առաջարկում քաղաքագետ Ս. Մորգենստերնը: Վերջինս տարանջատում է քաղաքականություն ձևավորող և քաղաքականության վրա ազդող խորհրդարանները: Ըստ այդմ, հեղինակը քաղաքականաստեղծ է համարում ԱՄՆ-ի կոնգրեսը, իսկ ավելի նվազ կարգավիճակ ունեցող՝ քաղաքականության վրա ազդող օրենսդիր մարմիններ է համարում Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Չիլիի խորհրդարանները:

Մասնագիտական գրականությունում կարդում ենք նաև խորհրդարանի գործունեության արդյունավետության և ինքնավարության մասին՝ որպես պետա-իշխանական մարմինների համակարգում խորհրդարանի իրական կշռի որոշման չափանիշներ: Խորհրդարանի գործունեության արդյունավետությունը ենթադրում է վերջինիս կարողությունը՝ որոշիչ դեր կատարել և ընդունել հիմնավորված քաղաքական որոշումներ: Որպես առանցքային դրույթ առանձնացվում է խորհրդարանի կոլեկտիվ արդյունավետությունը:

Խորհրդարանի գործունեության ինքնավարությունը վերջինիս կարողությունն է հանդես գալ որպես գործադիր իշխանությունից անկախ և վերջինս հավասարակշռող պետական ինստիտուտ:

Քաղաքագետ Ջ. Բարթոնը, ով հանդես է գալիս խորհրդարանի գործունեության արդյունավետության և ինքնավարության՝ որպես  խորհրդարանի ինստիտուցիոնալ ուժի չափորոշման ելակետերի ջատագով, այս երկու չափանիշի օգնությամբ ուսումնասիրել է Աֆրիկայի պետություններում ժողովրդավարության զարգացման և պառլամենտների կարգավիճակի ամրապնդման շարժընթացը:

Վերոնշյալ մոտեցումներից բացի կան նաև այլ տեսակետներ խորհրդարանների դերի և նշանակության չափորոշման ու պետական ինստիտուտների ժամանակակից համակարգերում վերջիններիս իրական կարգավիճակի պատկերացման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, հատկապես հումանիտար գիտությունների ոլորտում դասակարգումն ու սահմանումը հայտնի չափով պայմանական երևույթներ են և կախված են այն հատկանիշներից, ելակետային տվյալներից կամ փոփոխականներից, որոնք դրվում են սահմանման կամ դասակարգման հիմքում:

Ընդհանուր առմամբ, համաձայն լինելով մեջբերված մոտեցումների հետ, գտնում ենք, որ դրանք կարող են արդյունավետ լինել, եթե դիտարկվում են ժողովրդավարական և իրավական պետության այլ ինստիտուցիոնալ հատկորոշիչների հետ համակցության մեջ: Դրանք են՝ քաղաքական ռեժիմը, ընտրական և կուսակցական համակարգերը, խորհրդարանական ինստիտուտները:

Քաղաքական ռեժիմը քաղաքական-պետական իշխանության և հասարակության մեջ քաղաքական հարաբերությունների իրացման մեթոդների և միջոցների ամբողջությունն է, որով որոշվում է պետության քաղաքական էությունն ու բովանդակությունը: Ժողովրդավարություն, թե բռնապետություն երկընտրանքից է կախված խորհրդարանի և պետական մնացյալ ինստիտուտների կառուցակարգային դիզայնի և պրակտիկ գործունեության գաղափարական, մեթոդական, աշխատանքի կազմակերպման բնույթը:

Ընդ որում, այս կամ այն երկրում գործող քաղաքական ռեժիմի կերպը միշտ չէ, որ հեշտ է ըմբռնել: Մասնավորապես, ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներն ու նորմերը կարող են ունենալ նորմատիվ (սահմանադրական) ամրագրում և կենսագործվել (ԱՄՆ, Կանադա, Արևմտյան Եվրոպայի ժողովրդավարություններ, Ավստրալիա և այլն), կարող են սահմանադրորեն հռչակվել, սակայն քաղաքական պրակտիկան կիրառվի բռնապետական ուղով (այսպես կոչված «ֆասադային» ժողովրդավարություններ՝ Ղազախստան, Տաջիկաստան, Թուրքիա և այլն) կամ էլ, ընդհանրապես, սահմանադրորեն կարող է ամրագրվել հենց բռնապետական համակարգ (Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար և այլն): Վերջինիս պարագայում խորհրդարանի լիազորությունները խիստ սահմանափակ են և ձևական:

Խորհրդարանի կարգավիճակի և գործունեության կազմակերպման բովանդակային ակունքները գալիս են պետության քաղաքական ռեժիմի բնույթից. խորհրդարանը կարող է լիարժեքորեն գործել և իրականացնել իր ինստիտուցիոնալ գործառույթները միայն իրական ժողովրդավարական քաղաքական ռեժիմի պարագայում:

Ժողովրդավարական քաղաքական ռեժիմի պայմաններում անգամ խորհրդարանի ֆունկցիոնալությունը կարող է տարբեր լինել: Դա հիմնականում կապված է կուսակցական համակարգի բնույթի և զարգացվածության աստիճանի, ընտրական համակարգի բնույթի, պառլամենտարիզմի կայացվածության մակարդակի հետ:

Առհասարակ կուսակցությունը ժողովրդավարական քաղաքական ռեժիմի և քաղաքական համակարգի անկյունաքարերից մեկն է, այն լեգիտիմ քաղաքական խողովակը, որի միջոցով ժողովուրդն ընտրական ճանապարհով ձևավորում է պետական իշխանության բարձրագույն մարմինները և հատկապես խորհրդարանը: Ըստ այդմ, կուսակցությունները հանդիսանում են պետական իշխանության և քաղաքական գործընթացների սուբյեկտ և հասարակության հատուկ քաղաքական ինստիտուտ:

Կուսակցական համակարգի կայացվածության մասին վկայում է այն հանգամանքը, թե ինչպես են լուծված մի կողմից՝ սոցիալական խմբերի ներկայացվածության, իսկ մյուս կողմից՝ սոցիալական շահերի գաղափարախոսական կոնսոլիդացման խնդիրները: Այսինքն, մի կողմից անհրաժեշտ է, որպեսզի կուսակցությունները հնարավորինս մոտ լինեն ընտրողներին, համախառնեն սոցիալական տարբեր շերտերի շահերը և անցնելով խորհրդարան՝ դրանք փոխակերպեն քաղաքական ու պետական որոշումների: Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ կուսակցությունների առկայությունը չափազանց ֆրագմենտացնում է քաղաքական համակարգը, թուլացնում հասարակության տարբեր անդամների և տարբեր սոցիալական շերտերի միջև դրական քաղաքական կապերը, իսկ ընտրական և խորհրդարանական մակարդակներում նաև նախադրյալներ է ստեղծում անկայուն խորհրդարանական մեծամասնության կամ խորհրդարանական մեծամասնության բացակայության համար, դժվարացնում է խորհրդարանում որոշումների նախապատրաստման ու կայացման գործընթացը: Հետևաբար խորհրդարանի կենսունակության և արդյունավետ գործունեության համար կարևոր է, որ քաղաքական դաշտը բաժանված չլինի բազմաթիվ փոքր կուսակցությունների, այլ լինեն առավելագույնը 4-5 խոշոր և գաղափարական հստակ ու ինքնուրույն ուղենիշներով քաղաքական ուժեր, որոնք, ունենալով համեմատաբար կայուն ընտրազանգված և սոցիալական համապատասխան հենարան, ունակ լինեն առանձին կամ կոալիցիայի ձևով խորհրդարանում կազմավորել կայուն մեծամասնություն և ձևավորել գործունակ կառավարություն: Նման համակարգեր են գործում Իսրայելում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր:

Ընտրական համակարգը կայուն և ազդեցիկ խորհրդարանի ձևավորման ևս մի առանցքային գործոն է: Ընտրական համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրն ունի տարբեր նշանակություն և առաքելություն, կենտրոնանում է որոշակի թիրախային հարցերի վրա:

Մեծամասնական ընտրակարգի հիմնական նշանակությունը քաղաքականությունը շարքային ընտրողին ավելի «մոտ» դարձնելն է, երբ յուրաքանչյուր ընտրատարածքի բնակիչները կկարողանան ընտրել իրենց պատվիրակներին խորհրդարանում, որոնք կներկայացնեն և կպաշտպանեն իրենց շահերը: Միևնույն ժամանակ, դասական մեծամասնական համակարգը կայուն և կայացած կուսակցությունների առկայության դեպքում կարող է լուծել նաև կառավարման կայունության խնդիրը, քանի որ կուսակցությունները, տեղերում ունենալով գործունակ կառույցներ և ընտրողների հետ գրագետ աշխատելով, կարող են առաջադրել ընտրողների վստահությունը վայելող թեկնածուների, ովքեր (յուրաքանչյուր ընտրատարածքից միայն մեկ թեկնածու ընտրվելու շնորհիվ) կկարողանան հաղթել իրենց մրցակիցներին և այդպիսով ապահովել նաև իրենց կուսակցության հաղթանակը կամ պատկառելի ներկայությունը խորհրդարանում: Այդպիսով, խոշոր կուսակցությունները կարողանում են դուրս մղել փոքրերին, ձևավորել կայուն մեծամասնություն խորհրդարանում և գործունակ կառավարություն: Անկատար կուսակցական համակարգի պայմաններում մեծամասնական ընտրակարգը հանգեցնում է կուսակցությունների ռեսուրսի փոշիացմանն ու պառակտմանը և որպես հետևանք` քաղաքականության գերանձնավորմանը, համապետական և տեղական շահերի ներկայացվածության միջև համամասնության խախտմանը՝ հօգուտ տեղական շահերի: Նման պայմաններում դժվար է ակնկալել, որ խորհրդարանում կստեղծվի գործունակ և կարգապահ մեծամասնություն, որն ի վիճակի կլինի ձևավորել «աշխատող» կառավարություն և ապահովել սահմանադրական կայունությունը երկրում:

Համամասնական ընտրական համակարգի պայմաններում քաղաքական ուժերը հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ խորհրդարանի ձևավորման ողջ գործընթացը կատարվում է կուսակցական ցուցակներով, և, այդպիսով, կուսակցությունը կամ կուսակցությունները հնարավորություն են ստանում ընտրությունների արդյունքով ձևավորել օրենսդիր և գործադիր իշխանություն: Կարծիք կա, թե տեղական շահերը համամասնական ընտրակարգի պայմաններում ստորադասվում են համապետական շահին:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ հարկ է նկատել նաև, որ որևէ ընտրական համակարգ a priori լավը կամ վատը չէ, և իր դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով՝ վերջինիս մոդելավորումն ու կիրառումը պետք է կապակցել տվյալ երկրի քաղաքական պրակտիկայի, քաղաքական ավանդույթների և սահմանադրական մշակույթի հետ: Օրինակ, մեծամասնական ընտրական համակարգը հաջողությամբ գործում է ժողովրդավարության առաջամարտիկներ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, համամասնական և մեծամասնական համակարգերի համաձուլվածք է գործում ժողովրդավարական Գերմանիայում, սակայն մեծամասնական համակարգ է գործում նաև բռնապետական Բելառուսում, Գերմանիայի օրինակով խառը ընտրական համակարգ է գործում անցումային ժողովրդավարություն հանդիսացող Վրաստանում և այսպես շարունակ:

Ցանկացած ընտրական համակարգ նախ պետք է լինի արժանահավատ, ընտրությունները չպետք է կեղծվեն, և դրանց հիմնական նպատակը պետք է լինի կայուն, գործունակ և լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը, որն ունակ կլինի իրացնել իր սահմանադրական գործառույթները:

Շատ կարևոր է անդրադառնալ նաև խորհրդարանում գործող երկու հիմնական ինստիտուտներին՝ քաղաքական կամ կառավարող մեծամասնությանն ու քաղաքական փոքրամասնությանը կամ ընդդիմությանը: Վերջիններիս համակեցությունից է մեծապես կախված խորհրդարանի իրական կարգավիճակը պետա-իշխանական մարմինների համակարգում և իր առջև դրված սահմանադրական խնդիրների կատարումը:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության կարգավիճակի մասին» զեկույցի նախագծում արձանագրել է, որ պետական իշխանության համակարգում իրական մրցակիցները ոչ թե խորհրդարանն ու կառավարությունն են, այլ կառավարություն ձևավորած քաղաքական ուժն ու ընդդիմությունը:

Սա խիստ կարևոր արձանագրում է, որը ցույց է տալիս, թե խորհրդարանի ֆունկցիոնալության և իր սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման հիմնասյուներից մեկը քաղաքական մեծամասնության և փոքրամասնության ինստիտուտների պատշաճ գործունեությունն է:  Ավելին, խորհրդարանը, ըստ էության, հիմնված է այս ներքին երկվության վրա և այնքանով է ավելի արդյունավետ գործում, որքանով այդ երկվությունը չի վերածվել երկատվածության: Վենետիկի հանձնաժողովն ընդդիմության դերին նվիրված մեկ ուրիշ փաստաթղթում էական է համարում բացառել խորհրդարանում մեծամասնության և փոքրամասնության տարանջատվածության վերածումը խորհրդարանի անհամաչափ տրոհման:

Այս համատեքստում հետաքրքիր թեզ է առաջ քաշում քաղաքագետ Է. Օրդուխանյանը: Հեղինակն առաջարկում է իշխանության և ընդդիմության հարաբերակցության կառուցողական հակասության մեխանիզմը, որը ենթադրում է, որ ժողովրդավարության դեպքում առկա տեսակետները կարող են իրար հակասել մինչ որոշման կայացումը, սակայն այդ հակասությունը հաղթահարելի է կառուցողական խոսույթի միջոցով: Կառուցողական բանավեճը ստեղծում է դրական վերաբերմունք հակադիր կողմի դիրքորոշումների նկատմամբ: Այս դեպքում քաղաքական խոսույթը հիմնվում է այն նախապայմանի վրա, որ քաղաքական փոքրամասնության իրավունքները կպաշտպանվեն մինչև այն պահը, երբ նորից հնարավոր լինի նոր որոշում կայացնել:  Հակադիր դիրքորոշումներ ունեցող կողմերի միջև կառուցողական բանավեճը ստեղծում է դրական միջավայր, որտեղ փոքրամասնության իրավունքները հարգվում և պաշտպանվում են:

Շարունակելով Է. Օրդուխանյանի միտքը՝ նշենք, որ խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության համակեցության կառուցողական հակասության կառուցակարգը կարող է գործել, եթե խորհրդարանի առանցքը կազմող երկու կողմերը գտնվում են ժողովրդավարական կոնսենսուսի մեջ միմյանց հետ, այսինքն միմյանց հետ մրցակցելով և անգամ միմյանց դեմ պայքարելով՝ այդ մրցակցությունն ու պայքարը մղում են՝ հարգելով գործող սահմանադրական ժողովրդավարության համակարգը և իրենց գործունեությունն անպայմանորեն տեղավորելով այդ համակարգի շրջանակում: Եթե խորհրդարանական երկու հիմնական ինստիտուտների միջև բացակայում է այս նվազագույն համաձայնությունը, անհնար է փոխգործակցության որևէ քիչ թե շատ կենսունակ հեռանկար կամ կառուցակարգ:

Խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության արդյունավետ գոյակցությունը և գործունեությունը խնդիր են, որոնք ամբողջովին լուծված չեն: Այլ երկրներում, սակայն, կան հաջողված օրինակներ, որոնք ուսանելի կարող են լինել այլ ժողովրդավարությունների համար: Այդպիսիք են հատկապես երկկուսակցական համակարգով կամ ընդգծված խոշոր կուսակցություններով երկրների խորհրդարանները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլն:

Ժողովրդավարական և իրավական պետությունում իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական փոխգործակցության արդյունավետությանն ու կառուցակարգային կայունությանը հնարավոր չէ հասնել այլ խնդիրներից մեկուսի. սա մի նպատակ է, որի ուղղությամբ կարելի է հաջողություն արձանագրել, եթե հաջողություն է արձանագրված կուսակցությունների խոշորացման և գաղափարական բյուրեղացման, տվյալ երկրի առանձնահատկությունները հաշվի առնող արժանահավատ ընտրական համակարգի կայացման ուղղությամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր խորհրդարանում «քաղել» դրանից դուրս կատարված աշխատանքի պտուղները՝ ի դեմս մրցակցող, սակայն միմյանց փոխլրացնող հիմնական խորհրդարանական ինստիտուտների:

Իշխանություն-ընդդիմություն տանդեմի հետ սերտորեն կապված են խորհրդարանի սահմանադրական և քաղաքական կշռի վրա ազդող, այսպես կոչված, ընթացակարգային հարցերը՝ մշտական հանձնաժողովների արդյունավետ գործունեությունը, կառավարության համեմատությամբ՝ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների թիվը, խորհրդարանի կողմից վերջիններիս ընդունման տեսակարար կշիռը և ներկայացված օրինագծերի «կարևորությունը», այսինքն հանրային-քաղաքական օրակարգի էական հարցերին դրանց վերաբերելիությունը, պատգամավորների որակը՝ կրթական աստիճանից մինչև քաղաքական որակներ:

Վերոնշյալ դիտարկումները միայն մի մասն են այն ծավալուն թեմաների, որոնք կարևոր նշանակություն ունեն ժամանակակից ժողովրդավարություններում օրենսդիր իշխանության դերն ու նշանակությունը զատորոշելու և զարգացման միտումներն ուրվագծելու համար: Միևնույն ժամանակ զարգացման միտումների ուրվագծումը պետք է կատարվի՝ հընթացս սրբագրելով առկա թերությունները, կատարելով խորհրդարանի աշխատանքը բարեփոխող կառուցակարգային և պրակտիկ փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն, անկախ կառավարման ձևից, խորհրդարանի քաղաքականաստեղծ գործառույթի ներդրմանը կամ ամրապնդմանը և ներկայացուցչական դերի բարձրացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐՈՎ

Հայրենի խորհրդարանի իրական կարգավիճակը բացահայտելիս հարկ է նկատի առնել ինչպես ձևական՝ սահմանադրական ամրագրումները, այնպես էլ քաղաքական պրակտիկայի առանձնահատկությունները: Ըստ այդմ, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում արձանագրվել է խորհրդարանի կարգավիճակի շարժընթացի հինգ փուլ՝ 1990-1991թթ., 1991-1995թթ., 1995-2015թթ., 2015-2018թթ. և 2018թ.-ից մինչ այժմ:

Առաջին փուլում սկսվեց Հայաստանի անկախ Հանրապետության ինստիտուցիոնալ սաղմնավորման գործընթացը, որի առանցքը 1990թ. օգոստոսի 23-ին այդ ժամանակ դեռ Գերագույն խորհուրդ կոչվող խորհրդարանի կողմից ընդունված Անկախության հռչակագիրն էր: Վերջինս, հանդիսանալով կարևորագույն սահմանադրական փաստաթուղթ, միաժամանակ հայկական պառլամենտարիզմի իրավական և դոկտրինալ ավանդույթների նորմատիվ աղբյուրն է: Անկախության հռչակագրով ստեղծվել են սահմանադրաիրավական հիմքեր Հայաստանում խորհրդարանի անկյունաքարային կարգավիճակի   ձևավորման համար: Ի մասնավորի՝ Անկախության հռչակագրի 3-րդ կետից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, հանդես է գալիս որպես ժողովրդի կողմից ընտրված և «ժողովրդի անունից հանդես գալու» բացառիկ իրավունք ունեցող բարձրագույն ներկայացուցչական միակ պետական ինստիտուտ: Այսինքն անկախ կառավարման համակարգերի դասակարգման մոտեցումներից՝ Անկախության հռչակագրով սահմանվել է խորհրդարանի բացառիկ ներկայացուցչական և օրենսդիր կարգավիճակը, որի ուժով այն մյուս պետական ինստիտուտների համեմատությամբ «առաջինն էր հավասարների մեջ»:

ՀՀ Սահմանադրության նախաբանում ժողովրդի՝ որպես պետական իշխանության աղբյուրի և կրողի անունից հղում է կատարվում Անկախության հռչակագրով սահմանված պետականության սկզբունքներին՝ որպես Սահմանադրության հիմքում ընկած նորմատիվ և գաղափարախոսական կողմնորոշիչներ: Խոսքը վերաբերում է, անշուշտ, նաև խորհրդարանի գերակայության վրա հիմնված կառավարման համակարգին կամ ինչպես դասական դասակարգմամբ ընդունված է՝ խորհրդարանական կառավարման ձևին: Այս հանգամանքը թույլ է տալիս պնդել, որ նորանկախ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորումն ի սկզբանե եղել է սահմանադրական պահանջ, քանզի Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համակարգի անբաժան մասն է, իսկ Հռչակագրում հստակ սահմանված են այն սկզբունքները, որոնց համակցությունը կազմում է խորհրդարանական կառավարման ձևի սահմանադրական ամրագրման իրավական հիմքը:

Ի կատարումն Հայաստանի Անկախության հռչակագրի՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց «Հայաստանի Անկախության հռչակագրին համապատասխան ընդունված օրենսդրական ակտերի մասին» սահմանադրական օրենքը, որի համաձայն՝ ուժի մեջ էին մնում 1978թ. ՀԽՍՀ Սահմանադրության միայն այն դրույթները, որոնք չէին հակասում Հայաստանի անկախության հռչակագրին, այդ թվում՝ կառավարման խորհրդային-խորհրդարանական համակարգի հիմնական տարրերը՝ Կառավարության ձևավորման, խորհրդարանի առջև Կառավարության պատասխանատվության և հաշվետվողականության ու խորհրդարան-Կառավարություն փոխհարաբերությունները կարգավորող մնացյալ նորմերը:

Կարող ենք փաստել, որ 1990-1991թթ. օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, հանդիսանում էր Հայաստանի բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմինը, որի կողմից ձևավորվում էին և որին հաշվետու էին նախարարների կաբինետն ու պետական իշխանության մյուս մարմինները:

Բացի ինստիտուցիոնալ գործոններից 1990-1991թթ. խորհրդարանի առաջնային կարգավիճակի վրա ազդում էին նաև ընդգծված քաղաքական գործոնները: 1990թ. Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները լեգիտիմ և Առաջին Հանրապետության շրջանից՝ 1919թ.-ից ի վեր, առաջին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում անցան խորհրդարան, և փաստացի սկսեց ձևավորվել երկիշխանություն՝ ժողովրդավարական ուժերն ընդդեմ Կոմունիստական կուսակցության:

Խորհրդարանի լիազորությունները նոր բազմակուսակցական իրականությունում ձեռքբերեցին բոլորովին այլ նշանակություն, քան նախընթաց միակուսակցական բռնապետական քաղաքական ռեժիմի պարագայում: Ըստ էության, խորհրդարանը վերածվեց ներկայացուցչական և քաղաքական որոշումներ ընդունող պետական ինստիտուտի, որն արտահայտում էր այդ ժամանակ գործող հիմնական սոցիալական խմբերի՝ պայմանականորեն՝ անկախականների և պրոսովետականների համամասնությունը:

Խորհրդարանն արդյունավետորեն հակակշռում էր նախարարների կաբինետին և իր գործառութային ապարատի և քաղաքական հեղինակության շնորհիվ ի զորու էր ինչպես փոփոխել կամ արգելափակել գործադիր իշխանության նախաձեռնությունները, այնպես էլ ինքն էր ակտիվորեն իրացնում օրինաստեղծ  ու վերահսկողական գործառույթներ՝ ներառյալ ամենատարբեր պետական պաշտոններում նշանակումների կատարումը և սահմանված դեպքերում նաև հետկանչը:

Վերոնշյալից կարող ենք եզրահանգել, որ առնվազն 1990-1991թթ. Հայաստանի խորհրդարանը քաղաքականաստեղծ պետական ինստիտուտ էր:

Ավելորդ չէ նշել 1990թ. ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորների մտավոր և քաղաքական կարողունակությունը, որը, թերևս, ամենաբարձրն է խորհրդարանի հետագա բոլոր կազմերից: Այս հանգամանքը դրական կարևոր ազդեցություն ունեցավ ինչպես հետանկախական տարիների ծանր սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական իրավիճակում ժողովրդավարական բարեփոխումների կատարման, ընդունվող օրենքների որակի, ներպետական և ներհասարակական կայունության ապահովման և պառլամենտարիզմի սաղմնավորման վրա:

1991-1995թթ. սկսեց ձևավորվել պետաիշխանական համակարգի կառուցակարգային միանգամայն նոր բովանդակություն ունեցող մոդել՝ նախագահակենտրոն համակարգը, որը կոչված էր ֆորմալիզացնել ներիշխանական հարաբերությունների նոր կանոնները: Կառավարման նոր համակարգի առանցքի դերում հավակնում էր լինել Նախագահը: Միևնույն ժամանակ Նախագահի ինստիտուտի՝ ընդարձակման ձգտող իրավաքաղաքական հավակնությունները քննարկվող շրջանում հաջողությամբ հակակշռվում էին օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի կողմից, որի ֆորմալ լիազորություններն ու անհատական քաղաքական կազմը թույլ էին տալիս էապես հավասարակշռել և զսպել գործադիր իշխանության գլուխ կանգնած Նախագահին, ով, ըստ էության, նաև պետության գլուխն էր: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ 1991-1995թթ. Նախագահը խորհրդարանում չուներ իրեն սատարող կայուն քաղաքական մեծամասնություն, ինչը ևս Նախագահի միահեծան կառավարման գործուն սահմանափակում էր:

Պետա-իշխանական նոր համակարգը՝ նախագահի ինստիտուտի գլխավորությամբ, ձևավորվել է սահմանադրական բնույթ ունեցող երկու օրենքի՝ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» և 1991թ. նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» ՀՀ օրենքների հիման վրա: Վերջիններիս քննախուզությունը վկայում է, որ խորհրդարան-գործադիր իշխանություն փոխհարաբերությունների մոդելը նման էր ԱՄՆ-ի նախագահական համակարգին: Մասնավորապես բավականին հստակ գործառութային տարանջատվածություն կար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև, որոնք ունեին նաև համարժեք ինքնուրույնություն:

Այսպես, Գերագույն խորհուրդն ուներ մենաշնորհ օրենսդիր ոլորտում: Ըստ այդմ, օրենսդիր մարմինը, որպես բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ, սահմանում էր պետական քաղաքականության կազմակերպական հիմունքները: Գերագույն խորհրդի  լիազորությունները ներառում էին ինչպես գործադիր իշխանության կառուցակարգային հիմունքների սահմանումն ու հանրային ֆինանսների տեղաբաշխման ուղղությունների ոորոշումը, այնպես էլ գործադիրի կողմից դրանց նպատակային ծախսման նկատմամբ վերահսկողությունը:

Խորհրդարանը, Նախագահի ներկայացմամբ, նշանակում էր բոլոր ատյանների դատավորներին, գլխավոր դատախազին և բազմաթիվ այլ պետական պաշտոնյաների:

Մյուս կողմից, գործադիր իշխանության գլուխը Նախագահն էր, ով ուներ օրենսդրական նախաձեռնության իրավունք, ձևավորում էր կառավարությունն ու ղեկավարում դրա գործունեությունը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր: Կառավարությունը, Նախագահի և նրա կողմից նշանակվող կառավարության նախագահի գլխավորությամբ, ապահովում էր Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքների կիրառումը և պետական քաղաքականության իրականացումը կառավարման բոլոր ոլորտներում, մշակում և խորհրդարանի քննարմանն էր ներկայացնում պետական բյուջեի և ֆինանսական այլ հիմնարար փաստաթղթերի նախագծերը:

Գերագույն խորհուրդն ազդեցություն չուներ Նախագահի կողմից Կառավարության ձևավորման վրա, իսկ Նախագահն իրավասու չէր արձակել խորհրդարանը:

Գերագույն խորհուրդը տիրապետում էր գործադիր իշխանության գործունեության նկատմամբ վերահսկողության լծակների՝ ի դեմս պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատման, պատգամավորների կողմից կառավարության անդամներին հարցեր ուղղելու իրավունքի, Կառավարությանը կամ դրա առանձին անդամներին պաշտոնից ազատելու, Նախագահի ամենամյա և արտահերթ հաղորդումները լսելու և այլն:

Վերոնշյալի համատեքստում թեպետ ակնհայտ է խորհրդարանի ինստիտուցիոնալ դերի նվազման միտումը, սակայն իրավական կանոնակարգումներն ու քաղաքական պրակտիկան այնպիսին  էին, որ խորհրդարանը, 1990-1991թթ.  գերազդեցիկ պետական մարմինը չլինելով հանդերձ, պահպանում էր էական լիազորություններ՝ Նախագահին և ամբողջությամբ վերցրած գործադիր իշխանությանը հակակշռելու և պետական քաղաքականության մշակմանը ծանրակշիռ մասնակցություն ունենալու համար: Հետևաբար սխալված չենք լինի, եթե այս շրջանում խորհրդարանի կարգավիճակը որակենք որպես քաղաքականության վրա ազդող:

Հայաստանի խորհրդարանի կարգավիճակի շարժընթացի հաջորդ հանգրվանը 1995-2015թթ. են: Այս շրջափուլն ընդգրկում է Սահմանադրության ընդունումը 1995թ. և կառավարման գերնախագահական համակարգի հիմնադրումն ու 2005թ․ սահմանադրական փոփոխությունը, որով Հայաստանում ձևավորվեց դասական սահմանմամբ՝ կիսանախագահական կառավարման ձև՝ ձևականորեն սահմանափակելով Նախագահի լիազորությունները՝ հօգուտ խորհրդարանի և կառավարության: Ընդսմին, կարևոր է արձանագրել, որ 1995թ. սահմանադրորեն հռչակված գերնախագահական կառավարման մոդելը դարձավ խորհրդարանի կարգավիճակի սահմանափակման հանգույցը, որից հետո հաստատվեց պետական քաղաքականության մշակման և իրականացման ոլորտում գործադիր իշխանության լիակատար գերիշխանությունը: Այսպես, 1995թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ Հայաստանում հաստատված կառավարման ձևի առանցքում ոչ թե իշխանությունների տարանջատման սկզբունքն էր՝ իշխանության երեք ճյուղերի գործառութային անկախությամբ, այլ Նախագահը, ով գերակա դիրք ուներ պետական իշխանության մյուս ճյուղերի և ինստիտուտների նկատմամբ: Նախագահն անմիջականորեն ներգրավված էր պետական իշխանության բոլոր բարձրագույն մարմինների և թևերի գործառնման մեջ՝ ունենալով նրանց գործունեության վրա հսկայական ազդեցության լիազորություններ: Դա նախ և առաջ բխում էր Նախագահի և խորհրդարանի և Նախագահի ու Կառավարության միջև հարաբերությունների սահմանադրական կարգավորումից: Հիմնական օրենքով, ըստ էության, Նախագահին ստորադասվում էին ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր և դատական իշխանությունները: Համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի՝ Նախագահն ուներ գործնականում բացարձակ իրավունք արձակել խորհրդարանը՝ Ազգային ժողովը, ինչը մեծապես կաշկանդում էր վերջինիս Նախագահի հետ հարաբերություններում՝ ստեղծելով Նախագահից Ազգային ժողովի արհեստածին կախվածություն: Սահմանադրության 56-րդ հոդվածում ամրագրված Նախագահի՝ հրամանագրեր արձակելու իրավունքը Նախագահին տալիս էր առաջնային նորմաստեղծման իրավասություն և սահմանում Նախագահի բոլոր տեսակի հրամանագրերի գերակայություն՝ Կառավարության որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ։ Ավելին, քանի որ 1995թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված չէին այն ոլորտները, որոնց կարգավորումը պետք է կատարվեր բացառապես Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով, ստացվում էր մի իրավիճակ, երբ Նախագահի կողմից միանձնյա ընդունված հրամանագրերով կարող էին կարգավորվել, որպես կանոն, օրենքների տնօրինման առարկան հանդիսացող հարցեր՝ մարդու իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, պետական բյուջեի հետ կապված հարաբերություններ և այլն: Փաստորեն, Նախագահը նորմաստեղծ ոլորտում մրցակցում էր խորհրդարանի հետ՝ ուղղակիորեն միջամտելով խորհրդարանի հիմնական իրավասության՝ օրինաստեղծման իրականացմանը:

Բացի այդ, ըստ էության, Նախագահն իրավաբանորեն և փաստացի գործադիր իշխանության գլուխն էր՝ գործնականում անսահմանափակ լիազորություններով:

Այսպիսով, 1995թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված կառավարման ձևի ամբողջ փիլիսոփայությունը և դրան համապատասխան ամրագրված սահմանադրական կառուցակարգերը նպատակամղված էին ձևավորել մի համակարգ, որի միակ ուժային կենտրոնը լիներ Հանրապետության Նախագահը, ով գործնականում չունենար կառուցակարգային կամ քաղաքական ազդեցիկ հակակշիռ: Արդյունքում խթանվում էր այնպիսի քաղաքական պրակտիկա, երբ ձևավորվում էր միաբևեռ կուսակցական համակարգ՝ մեկ քաղաքական ուժի գերիշխանությամբ, որը հանդիսանում էր Նախագահի քաղաքական հենարանը: Դրա շնորհիվ խորհրդարանը, ըստ էության, զրկվում էր անգամ իր այն սահմանափակ ինստիտուցիոնալ դերակատարումից, որը նրան նախանշված էր Սահմանադրությամբ, քանի որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր կազմում Նախագահի քաղաքական ուժը, որը, բնականաբար, առավելագույնս սինխրոնացնում էր օրենսդիր մարմնի գործունեությունը Նախագահի քաղաքական կամքին ու նախապատվություններին:

Նման մոնիստական կուսակցական համակարգի ձևավորման հիմնական պատճառներից մեկը նաև նշված ժամանակաշրջանում գործող խառն ընտրական համակարգն էր՝ մեծամասնական ընտրակարգի տեսակարար կշռի առավելությամբ, ինչը չէր ապահովում ժողովրդի կամքի համամասնական ներկայացվածություն խորհրդարանում և չէր նպաստում կայուն, որոշակի գաղափարախոսության վրա հիմնված և կարգապահ կուսակցությունների ձևավորմանն ու զարգացմանը և այդպիսով իշխող քաղաքական ուժի ինստիտուցիոնալ այլընտրանքի՝ կայուն և ինքնաբավ ընդդիմության կազմավորմանը:

2005թ. սահմանադրական  փոփոխությունները որոշ չափով բարելավեցին մինչ այդ գործող գերնախագահական համակարգը և սահմանափակեցին Նախագահի լիազորությունները: Օրինակ, խորհրդարանին վերապահվեց բացառիկ լիազորություն՝ ազատել Նախագահի նշանակած վարչապետին, ընտրել և նշանակել գլխավոր դատախազին, Կենտրոնական բանկի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին: Սակայն գերնախագահական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկան այնքան խորն արմատներ էր ձգել, որ անգամ այս սահմանափակ փոփոխություններն էապես չազդեցին խորհրդարանի ռուդիմենտար դարձած կարգավիճակի վրա: Շարունակեց գործել խառն ընտրական համակարգը՝ մեծամասնական ընտրակարգի էական չափաբաժնով, կուսակցական համակարգը մնաց ֆրագմենտացված՝ առանց ընդդիմադիր գաղափարաքաղաքական բևեռի ձևավորման լուրջ հայտի: Որպես արդյունք՝  Նախագահի ինստիտուտը, հաշվի առնելով նաև նրան սատարող քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում, շարունակել է գերակա դիրք զբաղեցնել պետական իշխանության համակարգում և էական ներազդեցություն ունենալ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, ինչպես նաև անկախ մարմիններ հանդիսացող ինստիտուտների վրա:

Հարկ է նկատառել նաև, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը 1995թ.-ից սկսած՝ դարձավ խիստ ցածր, քանի որ չհերքված բազում ապացույցների և միջազգային գնահատականների համաձայն՝ թե՛ խորհրդարանի և թե՛ Նախագահի ընտրությունները, բացառությամբ թերևս 1999թ. Ազգային ժողովի ընտրությունների, քննարկվող շրջանում կեղծվել են՝ ձևախեղելով քաղաքական և պետա-իշխանական համակարգի ամբողջ պատկերը: Նման իրավիճակում դժվար է խոսել խորհրդարանի կամ որևէ սահմանադրական ինստիտուտի ֆունկցիոնալության մասին:

Ամփոփելով խորհրդարանի կարգավիճակի շարժընթացի այս փուլի նկարագրությունը՝ փաստենք, որ 1995-2015թթ. խորհրդարանը գործնականում զրկված է եղել քաղաքականաստեղծմանը մասնակցելու հնարավորությունից, և օրենսդիր իշխանությունը փաստացի իրականացվել է գործադիր իշխանության կողմից: Պատճառը ներկայացուցչական ու ընտրովի պետական մարմինների և իշխող կուսակցության սերտաճումն էր, գործադիր իշխանության կառուցակարգային և քաղաքական գերակայության հաստատումը և ընտրությունների շարունակական կեղծումը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ կարելի է փաստել, որ 1995-2015թթ. Հայաստանում ձևավորվել էր հարաճուն բռնապետական քաղաքական ռեժիմ, որն աստիճանաբար հանգեցրեց պետական իշխանության համակարգի լեգիտիմության ամբողջական ճգնաժամի:

2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում արմատապես փոխվեց սահմանադրական ինստիտուտների հարաբերակցության ողջ համակարգը՝ ձևավորելով խորհրդարանական կառավարման համակարգ: Ըստ փոփոխված Սահմանադրության՝ խորհրդարանը ձեռքբերեց առաջնային մանդատ ունեցող միակ և պետական քաղաքականության մշակման ու պետական իշխանության մյուս երկու թևի բարձրագույն մարմինների ձևավորման կենտրոնական ինստիտուտի իրավական կարգավիճակ: Մյուս կողմից, սակայն, քաղաքական պրակտիկայի համարժեք զարգացման համար բացակայում էին սոցիալ-քաղաքական բավարար նախապայմաններ: Մասնավորապես, հաշվի առնելով հաշվետու շրջանում գործող բռնապետական քաղաքական ռեժիմի պայմաններում հասարակության հետ պետության կոմունիկացման լեգիտիմ  խողովակների և, նախևառաջ, հանրային բավարար վստահություն վայելող կուսակցությունների բացակայությունը և, ըստ այդմ, պետական իշխանության լեգիտիմության համընդգրկուն ճգնաժամը՝ սահմանադրական փոփոխությունները, որքան որ ձևական-կառուցակարգային իմաստով դրական էին, իրենց ներքո չունեին հանրային պահանջ և աջակցություն: Ավելին, կարող ենք եզրահանգել, որ խորհրդարանակենտրոն համակարգի ձևավորումն ուներ ոչ թե երկրի ժողովրդավարացման և ավելի բաց քաղաքական համակարգ ստեղծելու միտում, այլ թելադրված էր ժամանակի իշխող վերնախավի ինվեստիտուրայի ապահովման նկատառումներով: Դրան էր ուղղված գործնականում ամբողջական մեծամասնական ընտրական համակարգի անցումն ու որպես հետևանք` կուսակցական համակարգի վերջնական ձևախեղումը, քանի որ ինչպես ցույց տվեցին ընտրական համակարգի փոփոխությանը հաջորդած 2017թ. խորհրդարանական ընտրությունները, միջկուսակցական գաղափարական և ծրագրային պայքարի փոխարեն տեղի ունեցավ իշխող քաղաքական էլիտային սատարող տարածքային ռեսուրսատեր օլիգարխիայի մուտք Ազգային ժողով, որն ուղեկցվեց քաղաքական կոռուպցիայի զինանոցի ամբողջական կիրառմամբ:

Ազգային ժողովում կրկին բացարձակ քաղաքական մեծամասնություն ձևավորեց շուրջ 20 տարի իշխող ՀՀԿ-ը, որն էլ վարչապետ ընտրեց իր 10-ամյա պաշտոնավարումն ավարտած Սերժ Սարգսյանին:

Նշյալ փաստագրումները ցույց են տալիս, որ խորհրդարանական կառավարման համակարգի ձևական հաստատումը չի ուղեկցվել համարժեք քաղաքական պրակտիկայի խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ, օրինակ, ընտրությունների արժանահավատության բարձրացմամբ, կուսակցական համակարգի կայացմանն ուղղված ամբողջովին համամասնական ընտրակարգի անցմամբ և այլն: Հետևապես կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ թե վերականգնվեց Ազգային ժողովի ֆունկցիոնալությունը, այլ պարզապես փոքր-ինչ փոփոխվեց խորհրդարանի քաղաքական ենթակայության կառուցակարգը՝ նախագահից անցնելով իշխող կուսակցությանը: Սա ավելի շատ հիշեցնում էր Խորհրդային Հայաստանի պառլամենտական կառուցակարգերը, որոնք իրականում հակոտնյա էին ժողովրդավարությանն ու պառլամենտարիզմին: Անգամ կարող ենք որոշակի վստահությամբ պնդել, որ նոր իրողությունների պայմաններում որոշումների ընդունման գործընթացը դարձավ էլ ավելի ոչ թափանցիկ, իսկ քաղաքական պատասխանատվության առումով՝ էապես անորոշ: Որոշակի հարաբերական ֆունկցիոնալությամբ օժտված նախագահի ինստիտուտի փոխարեն, որը, 1995-2015թթ., փաստորեն, քաղաքական որոշումների գերակա կենտրոնն  էր, փոփոխված Սահմանադրությամբ  քաղաքական որոշումների կայացման կենտրոն դարձավ իշխող կուսակցությունը, ինչը, հաշվի առնելով նաև ընտրությունների ոչ արժանահավատ բնույթը, քաղաքական որոշումների կայացման ամբողջական շղթան Հայաստանում դարձնում էր հակասահմանադրական: Վերջինս սկսեց վերարտադրվել նաև քաղաքական խոսույթի մակարդակում: Մասնավորապես, խոսուն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովի հետևյալ հայտարարությունը. «Եթե որևէ մեկը հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով»:
Ամփոփելով վերոնշյալը՝ փաստենք, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով չխթանվեցին մրցակցային քաղաքական համակարգի ձևավորումն ու ընտրական իշխանափոխության հիմքերը, ինչի արդյունքում անկախ կառուցակարգային վերափոխումներից՝ չփոխվեց Հայաստանի քաղաքական ռեժիմը՝ մնալով բռնապետական:

2018թ. Թավշյա հեղափոխությունը նախևառաջ ուղղված էր Սահմանադրությամբ ամրագրված պետական իշխանության ձևավորման և իրացման ընթացակարգերի իրական գործադրմանը, քաղաքական համակարգի վերասահմանադրականացմանը: Այլ կերպ ասած՝ հեղափոխության հիմնական թիրախը ժողովրդավարական քաղաքական ռեժիմի վերականգնում էր: Ըստ այդմ, քանի որ գործող Սահմանադրությամբ լեգալ քաղաքական գործընթացների և, ընդհանրապես, քաղաքականաստեղծման ինստիտուցիոնալ հենքը խորհրդարանն է, ուրեմն կարող ենք եզրակացնել, որ Թավշյա հեղափոխությունը միտված էր հենց խորհրդարանի ձևական կարգավիճակի կենսագործմանը: Դրա համար հետհեղափոխական վարչակազմի կողմից արվեցին երկու հրատապ քայլեր. 2018թ. դեկտեմբերի 6-ին կայացան Ազգային ժողովի ազատ, արդար և թափանցիկ արտահերթ ընտրությունները, որոնք արտացոլեցին քաղաքացիների քաղաքական կամահայտնությունը, հաջորդիվ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով անցում կատարվեց լիարժեք համամասնական ընտրական համակարգի, ինչի արդյունքում անխուսափելիորեն սկսվեց մրցակցային կուսակցական համակարգի ձևավորման գործընթաց:

Արդյունքում աստիճանաբար Ազգային ժողովը սկսեց գործադրել իր իրավական և քաղաքական գործիքակազմը, որը բնորոշ է իրավաքաղաքական լեգիտիմություն ունեցող բարձրագույն օրենսդիր և ներկայացուցչական մարմնին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

2018թ. արմատական քաղաքական փոփոխությունները հանգեցրեցին 1995թ.-ից սկսված և զարգացած՝ խորհրդարանի դիսֆունկցիայի մի շարք պատճառների վերացման: Դրանք են՝ պարբերաբար կեղծվող ընտրություններով ձևավորվող օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմությունը, օրենսդրական նախաձեռնությունների հարցում խորհրդարանի իներտությունը, պատգամավորների ցածր կրթական ցենզը, մեծամասնական ընտրական համակարգը: Այդուհանդերձ, նշյալ երևույթների բացառումն ընդամենը ստեղծում է ուժեղ խորհրդարանի ձևավորման նախադրյալներ, որոնք կարող են իրացվել մի շարք այլ պարտադիր պայմանների բավարարման պարագայում: Դրանցից մի քանիսին կանդրադառնանք ստորև:

Չնայած «Կուսակցությունների  մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնք ամրապնդել են ներկուսակցական ժողովրդավարության կառուցակարգերը և խստացրել կուսակցական գործունեության ֆինանսական վերահսկողությունը, չի լուծվել կայուն և կանխատեսելի կուսակցական համակարգի ձևավորման հարցը: Մեր կարծիքով՝ Հայաստանի կուսակցությունները, որպես քաղաքականության գործիք և հանրային ինստիտուտ, գաղափարապես թույլ են և մեծ հաշվով չունեն կազմակերպական կուռ կառուցվածք, կայուն ընտրազանգված, առկա է կուսակցությունների կողմից իրենց սահմանադրական առաքելությունից՝ ընտրական կորպուսի քաղաքական կամքի ձևավորումից  և արտահայտումից շեղվելու շարունակական միտում: Դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո՝ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մասնակցել է 11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք, իսկ  2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է արդեն 24 կուսակցություն և կուսակցությունների դաշինք:

Սրա պատճառը բավականին խորն է և հասնում է Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքներին: Ի մասնավորի՝ անկախությունից ի վեր քաղաքական և տնտեսական ռեսուրսների սերտաճումը հասարակության սահմանափակ խավի ձեռքերում մինչև հեղափոխությունն այնպես էր թուլացրել Սահմանադրությամբ ամրագրված ֆորմալ պետաիշխանական և քաղաքական ինստիտուտների լեգիտիմությունն ու կենսունակությունը, որ քաղաքական որոշումների ընդունման գործընթացը գրեթե ամբողջությամբ  տեղափոխվել էր կոլեգիալ և մասնակցային սահմանադրական համակարգից ազդեցության ոչ սահմանադրական ձևաչափեր՝ իշխող կուսակցություն, ռեսուրսատեր օլիգարխիկ խմբավորումներ, ուժային կառույցներ և այլն: Ձևավորվել էր հասարակությանը ոչ հաշվետու «խորքային պետություն», որի ապամոնտաժումը և հանրային-քաղաքական ինստիտուտների, այդ թվում կուսակցությունների բովանդակային վերականգնումը կարճ ժամանակում ապահովել հնարավոր չէ: Հետևաբար օրինաչափ է ոչ միայն զանգվածային կուսակցությունների բացակայությունը և փոքր կուսակցությունների «առատությունը», այլև  ցայսօր նկատվող իշխող կուսակցության վրա հիմնված քաղաքական գործընթացի իներցիան. չնայած խորհրդարանական ընտրությունները երկու անգամ անընդմեջ եղել են ազատ, արդար և թափանցիկ, և դրանց մասնակցել են բազմաթիվ կուսակցություններ, այդուհանդերձ, միջկուսակցական մրցակցությունը բավարար մակարդակի չի եղել՝ թե՛ գաղափարական և թե՛ ռեսուրսների առումներով: Կուսակցությունների մեծաթվությունը չի խոսել դրանց մրցունակության մասին, դեռ ավելին՝ անհարկի տրոհել է ընտրազանգվածին:

Կուսակցական համակարգի ատոմիզացիան և կուսակցությունների անկայունությունը լուրջ խնդիր են ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի համար, հատկապես, եթե հաշվի ենք առնում գործող խորհրդարանական կառավարման համակարգը և այդ ինստիտուցիոնալ համատեքստում խորհրդարանի գերկարևոր նշանակությունը: Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի ոչ վաղ ավտորիտար անցյալը՝ իշխող կուսակցության ինստիտուտը, որպես պետության հետ սերտաճած քաղաքական կազմակերպություն, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պարագայում կարող է վերակենդանանալ, չէ՞ որ «օլիգարխիայի երկաթյա օրենքը» ոչ ոք չի չեղարկել:

Ուստի անհրաժեշտ է իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ կուսակցությունների խոշորացման և գործունեության թափանցիկության հետագա խթանման ուղղությամբ:

Այսպես, «Կուսակցությունների մասին» գործող սահմանադրական օրենքով սահմանված է կուսակցության հիմնադրման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվ՝ 300 (7-րդ հոդվածի 2-րդ մաս), որը հավաստող փաստաթուղթը պետք է ներկայացվի Արդարադատության նախարարություն: Մինչդեռ կուսակցության հետագա գործունեության ընթացքում անդամների նվազագույն թվի պահանջի որևէ ստուգման կառուցակարգ նախատեսված չէ: Ավելին, գործող օրենսդրությամբ որևէ հնարավորություն չկա ստուգապես իմանալ, թե որ կուսակցությունը որքան անդամ ունի: Այդպիսի մեկնակետով արդեն իսկ դժվարանալու է կուսակցության գործունեության այլ ասպեկտների օրինականության և արդյունավետության գնահատականը: Ստացվում է, որ խորհրդարանի ձևավորման համար առանցքային ինստիտուտը՝ կուսակցությունը, հանրային ամենանվազ թափանցիկություն և հաշվետվողականություն ունեցող քաղաքական սուբյեկտներից է: Նման իրավիճակն ազդում է նաև գիտակցված և տեղեկացված ընտրություն կատարելու քաղաքացիների կարողության վրա:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ գտնում ենք, որ հարկավոր է «Կուսակցությունների մասին» օրենքում սահմանել որոշակի պարբերականությամբ, օրինակ, տարին մեկ անգամ իր անդամների թվի մասին Արդարադատության նախարարություն փաստաթղթավորված տեղեկատվություն հայտնել և իրավական հետևանքներ սահմանել այն կուսակցությունների համար, որոնք չեն համապատասխանի նվազագույն անդամների թվի պահանջին՝ ընդուպ մինչև հարկադիր լուծարում: Դա հնարավորություն կտա ընտրողին կողմնորոշվել կուսակցությունների իրական ներուժի հարցում և կբացառի ինստիտուցիոնալ բնույթ չունեցող, առավելապես քաղաքական ակումբներ հիշեցնող «կուսակցությունների» գործունեությունը: Իր հերթին, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացմանն ուղղված այս բարեփոխումը թույլ կտա նպաստել խորհրդարանի կուսակցական կազմի կայունացմանը, երբ ընտրությունից ընտրություն մասնակից կուսակցությունների կազմն էական փոփոխություն չի կրի, և խորհրդարան կանցնեն իրական անդամություն ունեցող, գաղափարապես համեմատաբար կայուն և պատասխանատու քաղաքական ուժեր՝ այսպես կոչված արդյունավետ կուսակցությունները:

Կուսակցական համակարգի կայունացման և կանխատեսելիության բարձրացման համար կարևոր է նաև ընտրողների իրավական և քաղաքական մշակույթի ու գրագիտության բարձրացումը: Ընտրողների քաղաքական նախընտրությունները մեծապես կապված են իրենց ծագման, կրթական ցենզի և սոցիալական պատասխանատվության հետ: Եթե ընտրողներն ընդունում են ժողովրդավարությունը որպես կիրառական արժեք, որն ազդում է իրենց ամենօրյա կենսագործունեության վրա, համապատասխանաբար մեծանում է ընտրություններին իրենց մասնակցության աստիճանը, և ձայն են ստանում ժողովրդավարական ու արհեստավարժ կուսակցությունները՝ անկախ քաղաքական դաշտում իրենց գաղափարական դիրքավորումից՝ աջ, ձախ, կենտրոնամետ և այլն:

Խորհրդարանի կարգավիճակի շարունակական ամրապնդման տեսակետից շատ կարևոր է ընդդիմության սահմանադրական ինստիտուցիոնալացման գործընթացի շարունակությունը: Սահմանադրության 2015թ. փոփոխություններով ընդդիմությանը վերապահվեց սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, որը, սակայն, ուներ իրացման խիստ սահմանափակ ֆորմալ և փաստացի շրջանակ՝ հաշվի առնելով այդ ժամանակ Հայաստանի քաղաքական ռեժիմի բռնապետական բնույթը: Մինչդեռ ընդդիմության սահմանադրական ինստիտուցիոնալացմամբ էապես բարձրացվել է Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարության և քաղաքական մշակույթի սահմանադրականության նշաձողը, որպիսի հանգամանքն արդեն ժողովրդավարական քաղաքական ռեժիմի պայմաններում պահանջում է խորքային նորմատիվ և քաղաքական լուծումներ ընդդիմության սահմանադրական կարգավիճակի իրացման իրական հիմքեր ստեղծելու համար:

Այսպես, չնայած գործող Սահմանադրությամբ ընդդիմությունն օժտվել է պետական որոշումների ընդունմանը մասնակցելուն և քաղաքական մեծամասնության գործունեությունը մշտադիտարկելուն ուղղված որոշ լիազորություններով, դա բավարար չէ քաղաքական համակարգում ընդդիմության նոր դերակատարման ողջ ներուժը բացահայտելու և իրացնելու համար: Ի վերջո, վերոնշյալ լիազորությունների զգալի մասի իրացման հնարավորությունը կախված է խորհրդարանում ընդդիմության ներկայացվածության չափից, և հնարավոր է այնպիսի վիճակ, երբ քաղաքական մեծամասնությունը չունենա ընդդիմության կարծիքի հետ հաշվի նստելու կարիք, քանի որ կտիրապետի Սահմանադրությամբ ամրագրված նվազագույն պատգամավորական ձայների համապատասխան որոշումներն ընդունելու համար: Այդպիսի պատկեր դեռևս երկար կարող է լինել, քանի քաղաքական դաշտում գրեթե բացակայում են ինստիտուցիոնալ և կայուն կուսակցությունները, ինչի պարագայում, ինչպես վերը նշվեց, իշխող քաղաքական ուժին ծառայող քաղաքական պրակտիկան շարունակելու է գործել:

Նման պայմաններում քաղաքական փոքրամասնությունը փաստացի զրկված կլինի իր ինստիտուցիոնալ կարգավիճակից բխող գործուն լծակներից՝ ազդելու քաղաքական մեծամասնության կողմից վարվող քաղաքականության վրա: Չպետք է մոռանալ, որ խորհրդարանի գործունակությունն ապահովվում է քաղաքական մեծամասնության և փոքրամասնության ներկայացվածությամբ ու գործառութային տարանջատվածությամբ: Պառլամենտարիզմի այս երկու կարևոր բաղադրիչից որևէ մեկի դիսֆունկցիան, համապատասխանաբար, կարող է հանգեցնել կա՛մ սահմանադրական կայունության խաթարման, կա՛մ քաղաքական մեծամասնության կողմից ոչ հաշվետու կառավարման՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի վերահսկողական լծակների մեծ մասը տրամաբանորեն պետք է գործի դրվի հենց քաղաքական փոքրամասնության կողմից, հատկապես, երբ խոսք է գնում խորհրդարանական կառավարման ձևի մասին, որի առանցքում խորհրդարանն է, որը միանձնյա ձևավորում է կառավարություն:

Այս համատեքստում գտնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, ի լրումն այլոց, պետք է ունենա նաև այնպիսի լիազորություններ, որոնք կկրեն կայուն բնույթ և պայմանավորված չեն լինի խորհրդարանում այս կամ այն ընտրափուլի ընթացքում քաղաքական փոքրամասնության ներկայացվածության աստիճանով: Ընդսմին, ընդդիմության նոր լիազորությունները պետք է հատկապես միտված լինեն փոքրամասնության վերահսկողական գործառույթի իրացման շրջանակի ընդլայնմանը, քանի որ ընդդիմության հիմնական գործառույթն իշխող մեծամասնությանը հաշվետու պահելն է: Այս առումով նպատակահարմար կլինի փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ և ընդդիմությանը վերապահել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը՝ այդպիսով հանրային և մունիցիպալ ֆինանսների ձևավորման և ծախսման նկատմամբ մշտադիտարկման սահմանադրական գործառույթի իրացման հարցում ղեկավար դերակատարում տրամադրելով խորհրդարանական փոքրամասնությանը: Նմանապես կարելի է կառուցակարգեր մշակել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված անկախ հանձնաժողովների կազմում ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկման համար, որոնք այդպիսով կկարողանան թիրախային մոնիթորինգ իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության, հանրային ծառայությունների և այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացման օրինականության և հիմնավորվածության նկատմամբ:

Ազգային ժողովի քաղաքականաստեղծման գործառույթի ամրապնդման համար կարևոր է նաև վերջինիս անգործունակության պահի արձանագրումը և համարժեք սահմանադրա-իրավական լուծումներով առաջացած ինստիտուցիոնալ և քաղաքական վակուումը լեգիտիմ սահմանադրական ընթացակարգերով լրացնելը: Հակառակ դեպքում իր սահմանադրական լիազորությունները կատարելուն անընդունակ խորհրդարանի պարագայում խախտվում է իշխանությունների տարանջատման հաշվեկշիռը, և գործադիր իշխանությունն օպերատիվ արձագանքման ու անիշխանություն թույլ չտալու պատրվակով կարող է դուրս գալ իր սահմանադրական լիազորությունների շրջանակից՝ խորհրդարանական ճգնաժամը վերածելով ժողովրդավարության ճգնաժամի և անգամ հանգեցնելով իշխանության յուրացման:

Թավշյա հեղափոխության քաղաքական վերափոխումները լուրջ մարտահրավեր դարձան նոր ուժի մեջ մտած խորհրդարանական կառավարման սահմանադրական համակարգի համար և բացահայտեցին Սահմանադրության հակաճգնաժամային գործիքակազմի սղությունը:  Հետհեղափոխական առաջին ամիսներին՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 6-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Ազգային ժողովում որոշումների ընդունման գործընթացը և խորհրդարանի արձակումը գերազանցապես հիմնված էին քաղաքական համաձայնությունների, այլ ոչ թե գործող Սահմանադրության իրավակարգավորումների վրա: Նման իրավիճակում վտանգվել էր խորհրդարանի կողմից որոշումների կայացման ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը: Այս իրավիճակի հանգուցալուծման, այն է՝ խորհրդարանի արձակման գործուն սահմանադրական կառուցակարգի բացակայութան հետևանքով արտահերթ ընտրություններ նշանակվեցին կրկին քաղաքական համաձայնությունների կայացման արդյունքում:

2020թ․ 44-օրյա պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը ևս խորանում էր՝ այդ թվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում Սահմանադրությամբ ստեղծված խութերի պատճառով, որի արդյունքում ճգնաժամային իրավիճակը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու արդյունավետ գործիքակազմի բացակայությունը կրկին ներպետական կայունությունը թողել էր բացառապես կուսակցական-քաղաքական բանակցությունների «հույսին»։

Միմյանց հաջորդող խորհրդարանական ճգնաժամերից արվելիք հիմնական հետևություններից մեկը պետք է լինի հետևյալը. հատկապես օրենսդիր իշխանության վրա խարսխված համակարգերում խորհրդարանի ֆորմալ և իրական կարգավիճակի կայունության և արդյունավետ իրացման համար կարևոր է Սահմանադրությունում համարժեք իրավական լուծումների առկայությունը, որոնք ունակ կլինեն ապահովել խորհրդարանական ճգնաժամերի սահմանադրական հունավորումը և քաղաքական ճգնաժամերի արդյունավետ կառավարումն ու հանգուցալուծումը: Հետևաբար Սահմանադրության հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի այնպիսի երաշխիքների ամրագրումը, որոնք հնարավորինս կապահովագրեն քաղաքական համակարգը խորհրդարանի անկայունությունից և դրա պատճառով գեներացվող կառուցակարգային կոնֆլիկտաստեղծ իրավիճակներից, ինչպես նաև կամրագրեն համարժեք հիմքեր ներքաղաքական սուր ճգնաժամերն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հանգուցալուծելու համար՝ խուսափելով հասարակական ցնցումներից: Այս համատեքստում հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել խորհրդարանի հնարավոր անգործունակության կամ կայուն կառավարություն ձևավորելու անընդունակության դեպքերում համարժեք սահմանադրական լուծումների ամրագրման խնդրին:

Որպես ճգնաժամային իրավիճակների սահմանադրական հանգուցալուծման կառուցակարգ կարող է դիտարկվել Նախագահին Ազգային ժողովն արձակելու լիազորության վերապահումը, երբ խորհրդարանում առկա չէ կայուն մեծամասնություն, և հնարավոր չէ ձևավորել Կառավարություն, ինչպես նաև երբ առկա են խորհրդարանի անգործունակության սահմանադրորեն նախատեսված որոշակի հիմքեր: Նախագահը նման լիազորություն ունի խորհրդարանական կառավարման ձև ունեցող այնպիսի պետություններում, ինչպիսիք են՝ Չեխիան, Իտալիան, Հունաստանը և այլն: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում Նախագահը, որպես սահմանադրորեն հռչակված չեզոք և վերկուսակցական ֆիգուր, միանգամայն օրինաչափորեն կարող է ունենալ լիազորությունների համարժեք համախումբ ճգնաժամային կամ հակասահմանադրական  իրավիճակներին միջամտելու համար: Նման լիազորությունների առկայության պայմաններում Նախագահը կիրացնի պետաիշխանական կառուցակարգերի գործողության սահմանադրականությանն աջակցելու իր գործառույթը՝ ապահովելով Սահմանադրության մշտադիտարկման համակարգի անխափան գործունեությունը: Որպես պետության գլուխ՝ Նախագահը կիրացնի քաղաքական կոնֆլիկտում խորհրդարանական կուսակցությունների միջև և հասարակության ու խորհրդարանի միջև հաշտարարի դերը՝ բարձրագույն ներկայացուցչական պետական մարմնի նորովի ձևավորմամբ՝ քաղաքական կոնֆլիկտի հանգուցալուծումը հանձնելով պետական իշխանության աղբյուրին՝ ժողովրդին:

ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի կառուցակարգային և քաղաքական շարունակական զարգացումը վերջինիս քաղաքականաստեղծ գործառույթի ամրապնդման հուսալի բանալին է: Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակի դիզայնը և այդ կարգավիճակի վրա անմիջականորեն ազդող ինստիտուտների իրավական և փաստացի դրությունը պետք է հարաճուն կերպով արտացոլեն Հայաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությունը և նոր ժողովրդավարական իրականությունում խորհրդարանի դերի ու նշանակության արմատական վերանայումը:

Ազգային ժողովի գործառույթների արդյունավետ իրացման իրավական նախադրյալները, ինչպես նաև իրավական նոր կանոնակարգումներով խորհրդարանի կարգավիճակի ընդլայնումը պետք է դառնան նոր Սահմանադրության նախագծի հեղինակների առաջնային ուշադրության առարկան:

Լեգիտիմ, գործունակ և ազդեցիկ խորհրդարանը Հայաստանի ժողովրդավարության անշրջելիության գրավականներից մեկն է, որի իրականություն դառնալը կախված է ցանկացած պետական իշխանության, քաղաքական և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնագիտական հանրույթի համատեղ ու փոխգործակցված աշխատանքից:

Արտաշես ԽԱԼԱԹՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)