Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հոգեբանորեն դժվար է այստեղ աշխատելը»․ Գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մի քանի օր առաջ կառուցապատողը Ազատության պողոտայում գտնվող ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասը ջարդել էր, ինչի մասին կենտրոնի պահակային ծառայության պետը ահազանգել է տնօրինությանը:

«Հետքը» գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանն այս տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի տարածքից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք, մինչդեռ գիտնականները նման համաձայնություն չէին տվել եւ հիմա վարչական դատարանում վիճարկում են քաղաքապետարանի որոշումը:

Aravot.am-ը ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով տնօրենի տեղակալ Ռոբերտ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգուցալուծում է տրվել խնդրին։ «Դարպասը կոտրել են, ու քանի որ այս պահի դրությամբ որպես իրավական ակտ՝ գոյություն ուներ Երեւանիկ քաղաքապետարանի որոշումը, իրենք ոստիկանության ուղեկցությամբ ու առանց մեր համաձայնության եկել, մտել ու քանդել են։ Ի դեպ, հենց հիմա էլ քանդում են»։

ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալը նաեւ հավելեց․ «Մենք դիմել ենք դատարան, բողոքարկում ենք արել քաղաքապետարանի որոշման վերաբերյալ։ Հայցի ապահովման միջոց է կիրառվել, բայց չգիտես ինչու՝ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հնգօրյա ժամկետում։ Այսինքն` այս հինգ օրը իրենք դեռ քանդելու են, մինչեւ կասեցվի։ Ու հենց այս պահին հոգեբանորեն դժվար է այստեղ աշխատելը»։

Նշենք, որ թեման նոր չէ, արդեն քանի տարի է՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները և գիտնականները պայքարում են կենտրոնի տարածքում գտնվող եւ ինչ-ինչ պատճառներով օտարված ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման դեմ։ Aravot.am-ը եւս քանիցս անդրադարձել է այդ թնջուկին։

Թեմայի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ «Գիտուժ» նախաձեռնությունը՝ մասնավորապես ընդգծելով, որ կենտրոնի մեջտեղում բնակելի համալիրի կառուցումը խանգարելու է կենտրոնի բնականոն աշխատանքին եւ լուրջ վտանգի տակ է դնելու վերջինիս լինելիությանը, սակայն մինչ այսօր թե ԿԳՄՍ նախարարությունը, թե Երեւանի քաղաքապետարանը խնդրին հստակ լուծում չեն տալիս։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ