Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Մոտ 10 օր առաջ Մոսկվա է մեկնել Արայիկ Հարությունյանը, որից հետո՝ Ռուբեն Վարդանյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը և քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, և պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման էր բարձրացել։

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանյանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կյանքին է խառնվում: Իսկ բլոկադան սրել է մթնոլորտը և բանակների է բաժանել համերաշխ Արցախը:

Մեր աղբյուրն ասում է, որ Արայիկ Հարությունյանը բավականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Երևանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նրան Կրեմլում ավելի են վստահում և գրեթե ուղիղ տեքստով ասել են` եթե Վարդանյանը խանգարում է, ազատեք, նրան մենք չենք նշանակել: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկվայից բավականին բարձր տրամադրությամբ է վերադարձել: Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը: Հնարավոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տա` որպես ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միջոց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում