Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծ:

Գործադիրը նախագծով առաջարկում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին օրենքով սահմանված կարգով այսուհետ տրվելու է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով:

Առաջրկվում է օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և ԱԺ-ում ընդունել արագացված կարգով:

«Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը»,-ասվում է հիմնավորման մեջ: