Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրեա ծայրահեղականները հարձակվել են քրիստոնյաների վրա

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ.

«Մի խումբ հրեա ծայրայեղականներ «Լացի պատ» աղոթքի գնալիս փորձել են ճանապարհը կարճեցնելու նպատակով Հին քաղաք մտնել մուսուլմանական թաղամասում գտնվող «Դամասկոսի դարպաս»-ից: Հրեա ոստիկանները թույլ չեն տվել նրանց: Վերջիններս, շարունակելով իրենց ճանապարհը, այս անգամ փորձել են քրիստոնեական թաղամասում գտնվող «Նոր դարպաս»-ից մտնել Հին քաղաք:

Անցնելով հայկական սրճարանի մոտով՝ հրեա ծայրահեղականները սկսել են բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին» և այլ գործողություններով փորձել են վեճ հրահրել: Սկսվել է լեզվակռիվ, որը վերածվել է մեծ վեճի, ապա իրար վրա աթոռներ են նետել՝ նյութական վնաս պատճառելով սրճարանի հայ վարձակալին: Դեպքի պահին սրճարանի դիմաց նստած են եղել տարբեր երկներից ժամանած զբոսաշրջիկներ, արաբներ, քրիստոնյաներ, նաև հրեաներ:

Դեպքի առթիվ ոստիկանությունը որևէ մեկին չի ձերբակալել, ավելին՝ դեպքի վայր է հասել մեկ ժամ անց:
Երուսաղեմի Լատին, Հույն և Հայ պատրիարքարանները, ինչպես նաև քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչները, սույն դեպքի առնչությամբ դեպքի վայրում ցույց պիտի անեն:

Նշենք, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարված երկրորդ դեպքն է: Առաջինը Հին քաղաքի Հայոց թաղամասի պատերին դարձյալ հրեա ծայրայեղականները գրել էին նույն արտահայտությունները՝ ավելացնելով հայ ազգությունը. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին և հայերին, վրեժ»»։