Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՅԴ Բյուրոյի անդամ. Այո, մենք խանգարում ենք այս իշխանություններին, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թրքական վիլայեթ

Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրեցին Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարի նպատակն է  քննարկել ու հստակեցնել առաջիկա չորս տարիների գործունեությունը։

«Այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ճակատագրական շրջանում։ Այսօրվա մարտահրավերներն ու վտանգները լի են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ ՀՅԴ երիտասարդական միությունն իր աշխույժ գործունեությամբ պետք է կարողանա դիմակայել այս վտանգներին և հակառակ տիրող աննպաստ պայմաններին հանձնառու է հզոր, ժողովրդավար, ընկերվար ու նմանատաիպ այլ արժեքներ կրող պետություն կերտել։ Հավատում ենք, որ հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար մեր իրականությունից պետք է արմատախիլ անել հարմարվողականությունն ու պարտվողական մոտեցումները»,-իր ելույթում ասաց  ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ավելացնելով, որ ՀՅԴ երիտասարդական միությունը պետք է շարունակի դիմակայել ու ընդդիմանալ Հայաստանի ներկա իշխանությանը։

Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին իշխանությունը արգելել է դաշնակցական գործիչների, երիտասարդների մուտքը Հայաստան։

«Նիկոլ Փաշինյանի վարչախումբն իր հակադաշնակցական մոլուցքով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի, ազերիի նկրտումների դեմ։

«Այո, մենք խանգարում ենք այս իշխանությունների  քաղաքականությանը, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թրքական վիլայեթ, և մեր պայքարը չպետք է կանգ առնի։ Եվ ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակներից»,-ասաց Տեր-Գևորգյանը։

Իր խոսքում նա ցավով փաստեց, որ համագումարին չեն մասնակցում շրջափակված Արցախում գտտնվող իրենց ընկերները։

«Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում»,-ասաց նա՝ նշելով, որ դրանով պետք է ցույց տային՝ արցախցու կողքին են, պետք է ծանոթանային իրավիճակին ու մշակեին օժանդակության ծրագրեր։

Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, ու պատրանք է այն միտքը, թե կարելի է առանց Արցախի խաղաղ ու հանգիստ ապրել Հայաստանի տարածքում։

«Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարածքներ չկորցնելու, գրավված Շուշին ու Հադրութն ազատագրելու համար նորօրյա ազատագրական պայքարի կենսավորումը հրամայական է։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հանձնառու հայ երիտասարդությունը պետք է ստանձնի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդին ինքնապաշտպանության ու արժանապատվության հաստատման օրակարգը»,-ասաց նա։

Համագումարը համախմբում է 40-ից ավելի ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներին` քննարկելու և համադրելու առաջիկա քառամյակի գործունեությունն ու աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։