Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ կարգով են մաքսազերծվելու առցանց պատվիրված և ուշացումով Հայաստան հասած մինչև 400 եվրո արժեքով ապրանքները

Արտասահմանյան, բրենդային ընկերություններից առցանց պատվիրած շատ ապրանքներ սահմանված ժամկետներում հայաստանցիներին չեն հասնի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, օրինակ Ուկրաինայում պատերազմական գործողությունների։

Panorama.am-ի խմբագրություն դիմած մի քանի քաղաքացիներ մտահոգ են. պատվիրված ապրանքը բեռնափոխադրման նման տեմպերի դեպքում մինչև հոկտեմբերը տեղ չի հասնի, ստիպված են լինելու մաքսազերծել։

Հիշեցնենք,  որ մինչև հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը սահմանված 200.000 դրամ։ Ընդ որում այս ժամկետը վերաբերում է ոչ թե առցանց պատվիրման, այլ Հայաստան մուտք գործելու ժամկետին։

Առցանց գնումներ կատարած քաղաքացիները մտահոգ են՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ օրինակ հուլիս ամսին պատվիրված ապրանքը տեղ հասնի հոկտեմբերի 2-ին։

Հնարավո՞ր է գործող որոշման  ժամկետը երկարաձգել՝ հաշվի առնելով Ռուսաստանում, Ուկրաինայում ստեղծված պատերազմական վիճակով պայմանավորված բեռնափոխադրումների ուշացումները։ Քաղաքացիների այս հարցերը Panorama.am-ն ուղղեց ՊԵԿ-ին։

Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին՝ կոմիտեն այս առումով սպասում է ԵՏՀ որոշմանը։

«Այդ որոշումը Եվրասիական Տնտեսական հանձնաժողովը պետք է կայացնի ' խորհրդի նիստում։ Երբ կստանանք այդ որոշումը, ՊԵԿ-ը կհրապարակի այն՝ տարածելով նաև լրացուցիչ տեղեկատվություն»,-ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Նրա խոսքով, եթե ԵՏՀ այս որոշումը մնա ուժի մեջ, ապա մինչև 200 հազար դրամի չափով առցանց գնումներով ձեռք բերված ապրանքների մաքսազերծում չի իրականացվի։ Եթե ԵՏՀ-ից որևէ որոշում չլինի մինչև հոկտեմբերի 1-ը, ապա կվերադառնան մինչև մարտի 31-ը գործող  սահմանված կարգին, երբ չէր մաքսազերծվում մինչև 200 եվրոյի չափով ձեռք բերված ապրանքները' յուրաքանչյուր պատվերի դեպքում։

Մեր տեղեկություններով, ԵՏՀ խորհրդի նիստը արդեն կայացել է, սակայն որոշումն անդամ պետություններին դեռ չի տրամադրվել։ 

Հիշեցնենք, որ որոշումն ընթացիկ տարվա մարտի  17-ին կայացվել էր Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում,  ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել էր 1000 եվրո: Որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 31-ին։

Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից,  կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։