Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ պետք է անի ԵՄ-ը՝ հայ-ադրբեջանական հերթական պատերազմը կանխելու համար. Միջազգային ճգնաժամային խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել է «Դիտացանկ-2023» նոր զեկույցը, որում շարադրում է՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հայ-ադրբեջանական հերթական պատերազմը կանխելու համար:

Մասնավորապես՝ զեկույցի հեղինակները կարծում են, որ անհապաղ և բարձր մակարդակի դիվանագիտության միջոցով ԵՄ-ն անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ պետք է ձգտի համոզել Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով, որպեսզի կանխի հումանիտար ճգնաժամը հայաբնակ Լեռնային Ղարաբաղում:

«ԵՄ-ն, որպես ներկայիս պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի համար լավագույն կերպով դիրքավորված թեկնածու, պետք է կրկնապատկի իր ջանքերը՝ սահմանելու բանակցությունների նպատակներն ու տեմպը՝ այդ հարցում անդամ երկրների ակտիվ ներգրավվածությամբ: Մասնավորապես, Բրյուսելը պետք է խրախուսի Բաքվի ուղիղ երկխոսությունը Ստեփանակերտի դե ֆակտո իշխանությունների հետ։ Բոլորը պետք է խուսափեն միջնորդական ջանքերը տեղավորել ուկրաինական պատերազմի շուրջ ռուս-արևմտյան դիմակայության շրջանակում»,- կարծում են զեկույցի հեղինակները:

Բացի այդ, քանի որ Բրյուսելը պատրաստվում է նոր երկամյա քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում, ICG փորձագետները խորհուրդ են տալիս նրան պատրաստել առաքելության ճկուն մանդատ, որը թույլ կտա դիտորդներին կարևոր դեր խաղալ երկու կողմերի միջև հաղորդակցության և համակարգման, ինչպես նաև տարածքում Ռուսաստանի ներկայության գործում: «Մինչ Հայաստանը հստակ հայտարարել է, որ համագործակցելու է, Բրյուսելը պետք է ձգտի ստանալ նաև Ադրբեջանին համաձայնությունը, որպեսզի ԵՄ դիտորդները կարողանան անհրաժեշտ հասանելիություն ունենալ սահմանի երկու կողմերում»,- ասվում է զեկույցում:

Ավելին, զեկույցի հեղինակները կարծում են, որ և՛ մարդասիրական նկատառումներից ելնելով, և՛ որպես կողմերին ուղղված բարի կամքի ազդակ՝ Բրյուսելը, որն արդեն Հարավային Կովկասի երկրների համար ամենամեծ դոնորն է՝ պետք է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրի երկու կողմերում մարտական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց օգնելու համար, այդ թվում՝ մասնագիտական ուսուցման միջոցով, և աջակցի ականազերծման աշխատանքներին:

«Տեղահանվածների համար աջակցության փաթեթ մշակելիս պետք է ներառել աջակցություն այն նախագծերին, որոնք նպաստում են կանանց ներգրավվածությունը և մարտահրավեր են նետում նրանց դերերի վերաբերյալ կարծրատիպերին»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ