Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա

ՀՀ կառավարության շենքի մոտ օգոստոսի 8-ի երեկոյան «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի մոտ հայտարարությամբ հանդես եկավ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրվում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարություններից թույլ չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:

Նախաձեռնության անդամները կոչ են անում չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների, ահաբեկչությունների ու շանտաժի մասին:

«Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների մոտ: