Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ է կատարվում Բելառուսում

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի մահը տարբեր վարկածների շուրջ քննարկումների թեմա է դարձել։ Նման գործիչների մահը, անկախ հանգամանքներից, ազդում է քաղաքական գործընթացների վրա։ Մակեյն առանցքային դերակատարություն ուներ Լուկաշենկոյի իշխանության մեջ։ Փորձագետները չեն բացառում, որ դա Մոսկվայից ազդանշան էր Լուկաշենկոյին, եւ Մակեյը կարող էր թունավորվել կամ ճառագայթվել։

Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ նույն օրը հրապարակվել էր Ռոբերտ Լանսինգի ինստիտուտի (RLI) վերլուծաբանների հոդվածը, որում, հղում անելով հետախուզությունների տեղեկություններին, ասվում էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունն առաջիկա օրերին կարող է փորձել սցենար մշակել կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մահափորձով, կամ դրա իմիտացիայով։ Այս գործողության նպատակը Բելառուսի բռնապետին վախեցնելն է լինելու՝ նրան դրդելով հրաման տալ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի կողմից։

Լուկաշենկոն Բելառուսի տարածքը, ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները տրամադրել է Ռուսաստանի բանակին, սակայն հրաժարվում է պատերազմին ուղիղ մասնակցությունից։ Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն դիմադրում է նաեւ Ռուսաստանի հետ միասնական պետության հարցում, այսինքն՝ Բելառուսի ինքնիշխանության կորստին։

Մակեյը Լուկաշենկոյի ամենավստահելի մարդկանցից էր, 2000 թվականից զբաղեցրել է նրա օգնականի, աշխատակազմի ղեկավարի, այնուհետեւ ԱԳ նախարարի պաշտոնները։ Նա Բելառուսի՝ պատերազմի մեջ մտնելու հակառակորդն էր։ Միաժամանակ, հայտնի է, որ նա պահում էր Արեւմուտքի հետ Լուկաշենկոյի «սեպարատ» կապերը եւ փորձում էր որոշակի համաձայնությունների հասնել։

Կրեմլը պատրաստվում է երկարատեւ պատերազմի՝ համընդհանուր մոբիլիզացիայով, երկրի առանձին շրջաններում ռազմական դրություն մտցնելով, տնտեսությունը ռազմական ռելսերի տեղափոխելով։ Այս գործընթացն արագացվում է երկրի ներքին խնդիրների սրման, Ուկրաինայում խոշոր կորուստների եւ արտաքին մեկուսացման խորացմանը զուգընթաց։ Մոսկվան Լուկաշենկոյին ստիպում է մտնել պատերազմի մեջ եւ իր տրամադրության տակ դնել բելառուսական բանակը։

Մակեյը համարվում էր Լուկաշենկոյի հավանական ժառանգորդը եւ Մինսկի այն քիչ գործիչներից մեկը, ով ռուսական ազդեցության տակ չէր։ Ռոբերտ Լանսինգի ինստիտուտի հրապարակման մեջ նշվում է, որ Մոսկվան Լուկաշենկոյի հեռացման դեպքում կարող է նրա փոխարեն նշանակել Ստանիսլավ Զասին, որը մինչ այս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր։