Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ հայտնի ուժերի կողմից:

«Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք՝ դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր», – ասաց նա։

Հրաժարականի 4-րոպեանոց ելույթում Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց` ովքեր են այդ հայտնի ուժերը, ինչու և ինչպես են նման պահանջ դրել Նախագահի առջև: Ակնարկեց, թե ժամանակը կտա այդ հարցերի պատասխանները:

Հիմա Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների, այլև միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջների մասին:

Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 97-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի: Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:

Ուստի, համանախագահության հիմնումից մեկ ամիս անց արդեն` փետրվարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Փարիզում կայացած հանդիպման օրակարգ։ Արևմտյան երկու առաջնորդները ընդգծում են՝ պետք է մեկ միասնական ճակատ կազմել և վերջ տալ այս պատմությանը:

Շաբաթներ անց՝ փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։

«Երեք կարևոր երկրներ` կարևոր շահերով, նաև ստանձնել են պատասխանատվություն։ Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում և Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը՝ կողմերին առաջ մղելու հարցում։ Տեր-Պետրոսյանը չպետք է աչք փակի՝ ճնշում է լինելու», – ըստ գաղտնազերծված փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը։

Որ միջնորդները լուրջ էին բանակցություններն ակտիվացնելու իրենց ջանքերում՝ երևում է դիվանագիտական հաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:

«Ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերի, մեկը՝ Ղարաբաղի շուրջ: Դրա լուծումը բխում է բոլորիս շահերից, և ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեռյալ կետից առաջ շարժվելու համար», – ասում է Քլինթոնը:

Ելցինն ի պատասխան պնդում է` Մոսկվան միայն ուրախ է Վաշինգտոնի ներգրավվածությունից. «Մենք չենք խանդի, վստահ եմ, որ ձեր ազդեցությունը դրական կլինի»:

ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

«Հրադադարը վստահություն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, և նրանք հակված չեն գնալ զիջումների: Բայց մենք պետք է հասկացնենք կողմերին, որ նրանց համառությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների», – խորհուրդ է տալիս Պրիմակովը:

Հաջորդ օրն իսկ Ամերիկայի փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարար Օյմենի հետ:

«Օյմենը պատմեց, որ ինքը դրանից մի քանի օր առաջ Ստամբուլում մասնավոր զրույց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Իվանովի հետ, ով ասել է, թե Մոսկվան պատրաստ է առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե Իվանովը նման զգացողություն ունի, ուրեմն արժե փորձել», – ասված է Պետդեպի գաղտնի փաստաթղթում:

Դրանից երկու շաբաթ անց արդեն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում և առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մեկ միասնական փաստաթուղթ:

Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկվում և ընդունվում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզյան հանդիպման ժամանակ:

«Ղարաբաղյան հարցի կարգավորումը շատ հարցեր կլուծի այսօր և կձերբազատի մեզ բազմաթիվ խնդիրներից, որ կարող են ծագել վաղը», – ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի՝ ասում է Քլինթոնը Ելցինին:

Մայիսի վերջին արդեն միջնորդները այդ փաստաթուղթը, որը հետո հայտնի դարձավ որպես փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպեներից մինչև վերջին պահը բանագնացները միևնույն միտքն են ընդգծում՝ իրենք միասնական են և լուրջ են տրամադրված:

«Երեք երկրները՝ նախագահներից սկսած մինչև նրանց կառավարություններ, ամենայն պատասխանատվությամբ տքնաջան աշխատել են խաղաղության գործընթացն առաջ տանելու համար», – ըստ գաղտնազերծված փաստաթղթի ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարը Տեր-Պետրոսյանին, ընդգծելով՝ «միջազգային համայնքն ակնկալում է, որ կողմերն իրենց ջանքերին պատշաճ լրջությամբ կարձագանքեն»:

Հեղինե Բունիաթյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: