Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչի՞ հասավ Իրանը Ադրբեջանի հետ լարվածություն սանձազերծելու արդյունքում. JAMnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

JAMnews. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարգավորի հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ կողմերից մեկի հաշվին։ Նա ընդգծել է, որ Թեհրանն առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին։ Հարավկովկասյան վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի հետ լարվածություն սանձազերծելու Իրանի հիմնական նպատակը տարածաշրջանում Թել Ավիվ-Անկարա-Բաքու եռանկյունու ոչնչացումն էր։ Ադրբեջանցի վերլուծաբանների խոսքով՝ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թեհրանն այժմ ավելի շատ ներքին խնդիրներ ունի։

Իրանի ինչի՞ն էր պետք լարվածությունը

Բաքվում գործող CSSC—Հարավկովկասյան վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Իրանում Էբրահիմ Ռայիսիի իշխանության գալուց հետո այս երկրի և Ադրբեջանի հարաբերություններն ուղեկցվել են լարվածությամբ։ Իրանը Հայաստանի հետ սահմաններն անվանել է իր համար «կարմիր գիծ» և երկու անգամ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

«Բայց Թեհրանի կողմից շրջանառվող մեղադրանքներն իրական հիմքեր չունեն։ Պրահայի և Սոչիի հանդիպումներում Բաքուն և Երևանը հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման մասին։ Իսկ այս տարվա սկզբին Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցք կառուցել։

Ինչպե՞ս պատասխանեց Բաքուն

Փորձագետներն ասում են, որ չնայած ճնշումներին, Իրանը հակառակ արդյունքի հասավ։

«Բաքուն գրավել է Հայաստանի հետ պայմանական սահմանի ռազմավարական բարձունքները, ունի դիրքային առավելություն։ Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը տեսողական հսկողության տակ են պահում Հայաստանը Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհները։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունը՝ ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ իսկ պատճառով Բաքուն չի նահանջել Զանգեզուրի միջանցքի երկայնքով իր դիրքերից՝ չնայած հարավային հարևանի ճնշմանը։ Ընդհակառակը, այս հարցը ներառվել է միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում»,- հայտարարում են վերլուծաբանները։

Ինչի՞ հասավ Իրանը

Նրանց խոսքով՝ Իրանի ապակառուցողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ ընդունեց այդ երկրի դեմ, և Բենիամին Նեթանյահուն Իսրայելում վերադարձավ իշխանության։

«Ադրբեջանը հայտարարեց Թել Ավիվում դեսպանության, ինչպես նաև Պաղեստինում ներկայացուցչության բացման մասին։ Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանում կիբերանվտանգության կենտրոն է ստեղծվում։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող AİPAC և AJC հեղինակավոր հրեական կազմակերպությունները «պատմական» են անվանել Իսրայելում դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը։

Ելույթ ունենալով Սամարղանդում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է թյուրքալեզու ժողովուրդների, այդ թվում՝ երրորդ երկրներում ապրող ադրբեջանցիների իրավունքների պահպանման հարցերին։

Չհասնելով իր առաջ դրած նպատակներին՝ Իրանը սկսեց դրական ազդակներ ուղարկել Բաքու։ Այս մասին նախ խոսեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին։ Նա հայտարարեց, որ Իրանը մտադիր չէ հարձակվել իր հարևանների վրա, և եթե Ադրբեջանը բախվի արտաքին սպառնալիքի, Իրանը նրա կողքին կլինի։

Այսպիսով, Իրանը ոչինչ չշահեց այս լարվածությունից, ընդհակառակը, երկրի ներսում կատարվեցին իրադարձություններ, որոնք մոտ ապագայում Թեհրանի իշխանություններին ոչ մի լավ բան չեն խոստանում»։