Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

Ռուսաստանից դեպի Հայաստան մարդկանց մեծ հոսքով պայմանավորված՝ վերջին օրերին անշարժ գույքի վարձակալության գները դարձյալ թանկացել են։ Այս մասին Lragir.am-ի հետ զրուցում ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը։

«Այս օրերին դարձյալ բազմաթիվ պատվերներ ենք ունենում։ Բնակարան վարձակալողները մոբիլիզացիայի հետևանքով Ռուսաստանից Հայաստան եկած թե մեր հայրենակիցներն են, թե ռուսները։ Բնականաբար, պահանջարկի պատճառով վարձակալության գները բարձրանում են։ Բայց այս փուլում Հայաստան ժամանողները առաջին փուլում եկողներից տարբերվում են նրանով, որ առաջին հոսքով եկածները հիմնականում իրենց ընկերությունների հետ էին գալիս, IT կամ լոգիստիկ ոլորտի մասնագետներ էին։ Իսկ այսօր այն մարդիկ են եկել, ովքեր ճարահատյալ են լքել ՌԴ տարածքը։ Այսինքն՝ եթե առաջին փուլում սոցիալապես ապահով խավն էր տեղափոխվել Հայաստան՝ կայուն վարձատրություն ունեցող, հիմա մեծամասամբ այն անձինք են, ովքեր մի կերպ հասել են Հայաստան, որ չգնան պատերազմ։ Դա վերաբերում է կոնկրետ ռուսներին։ Իսկ վերադարձող հայերի մի մասն այստեղ տուն ունեն կամ տեղափոխվում են իրենց բարեկամների մոտ»,- ասաց նա։

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ այս տարվա գարնան սկզբին անշարժ գույքի վարձակալության շուկայում էական գնաճ արդեն տեղի էր ունեցել, վերջին շրջանում գնանկում էր եղել, բայց այս օրերին գները դարձյալ բարձրացել են։ ՌԴ-ից Հայաստան ժամանողները բնակարաններ են վարձակալում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ «Մի քանի գործոն կա, որով պայմանավորված՝ ռուսաստանիցները տեղափոխվում են Հայաստան։ Ես ուսումնասիրում եմ, թե ինչ իրավիճակ է Ղազախստանում, Ղրղըզստանում, Վրաստանում, որտեղ նույնպես ռուսների հոսք կա։ Ռուսներն ասում են, որ համեմատած այդ երկրների՝ հայերը ռուսաֆոբ չեն, հայ ժողովուրդը ռուս ժողովրդին նորմալ է ընդունում։ Մյուս գործոնն այն է, որ Հայաստանում ռուսական անձնագրով անձինք կարող են 180 օր օրինական ապրել»,- նշեց նա։

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ այս հոսքի պայմաններում և սպասարկման, և անշարժ գույքի ոլորտներում գնաճի նոր ալիք է սպասվում։ Եվ իրավիճակն այնպիսին է, որ տուժում են վարձակալությամբ բնակվող հայաստանցիները։ «Եվ դարձյալ բախվում ենք այն խնդրին, որ մենք չունենք պետական ծրագիր, որ մեր քաղաքացիներին կացությամբ ապահովեն՝ կամ ժամանակավոր, կամ մշտական։ Սեփականատերերը տեսնում են հնարավորություն կա, գումար են աշխատում։ Այստեղ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ի՞նչ կարելի է անել, որ մեր քաղաքացիները չտուժեն»,- հավելեց նա։

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ  ռուսաստանցիները, ովքեր Հայաստան են տեղափոխել իրենց բիզնեսն ու ընկերությունները, ավելի երկար ժամանակով են մնալու այստեղ։ Իսկ մոբիլիզացիայի հետևանքով ՀՀ ժամանած անձինք երկարաժամկետ հատվածում այստեղ զբաղվածության խնդրի կարող են բախվել։

«Պետական մարմինները պետք է ճիշտ որոշումներ կայացնեն, այս իրավիճակը կարող է ի օգուտ մեզ լինել։ Այսինքն՝ մեր քաղաքացիների համար պետք է նորմալ միջավայր ապահովել, և այս հոսքը ճիշտ օգտագործել, որովհետև այսօր ՌԴ-ից ՀՀ եկողները երկար ժամանակ չեն ցանկանալու Ռուսաստան վերադառանալ»,- հավելեց նա։