Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչո՞ւ է Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը» պատմության մեջ ամենաթանկը

««Մանկական Եվրատեսիլի» ընդգրկումն ու ժողովրդականությունն ամեն տարի աճում է։ Ամեն տարի բեմում տեսնում ենք տաղանդավոր արտիստների, նրանց թիվը տարեցտարի ավելանում է»,- ասուլիսում ասաց «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը։

Նշենք, որ ասուլիսը կայացավ Երևանում։ Երգի միջազգային մրցույթը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Մարտին Օսթերդալի խոսքով, հյուրընկալող, հեռարձակող ընկերության կողմից ամեն ինչ հրաշալի է կազմակերպվում, Եվրատեսիլի երևանյան բեմը զարմանահրաշ է։

Նրա փոխանցմամբ, Երևան եկած պատվիրակությունները  հիացած են, տպավորված են ոչ միայն կազմակերպման որակով, բեմով, նաև ջերմ ընդունելությամբ, հյուրընկալությամբ, որին արժանացել են այստեղ։

«Կարծում եմ՝ հյուրերին յուրահատուկ  ջերմությամբ ընդունելն ու հյուրընկալելը նաև ձեր մշակույթի մաս է։ Դա զգացվել է, շատ բարձր ենք գնահատել։

Այս ամենը համապատասխանում է  բոլոր ակնկալիքներին,  անգամ գերազանցում է բազմաթիվ ակնկալիքեր, այդ թվում նաև շոուի որակի առումով»,- ասաց «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավարը։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ մի շարք տարբերություններ են  մտցրել ու փորձել են ավելի օրիգինալ դարձնել «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը։

«Նախորդ 19 տարիների հաղթողներին ենք հրավիրել Երևան։  Նրանց մեծ մասը եկել են ու հանդես են եկել  մրցույթի բացման արարողությանը, բուն շոուի  ժամանակ նույնպես բեմում են լինելու։ Հուսով եմ՝ կհավանեք այն օրիգինալ համարը, որի վրա մեր թիվը բավականին երկար ժամանակ աշխատում է, որի ընթացքում հանդես է գալու նաև Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը»,- նշեց նա։ 

Խոսելով մրցույթի տոմսերի մասին՝ Հ.Մովսիսյանն ասաց, որ պահանջարկը շատ ավելի մեծ էր, քան կարող էին դահլիճում առաջարկել տեղեր։

«Մեծ տեխնիկական աշխտանքների հետևանքով նստատեղերի թիվը քչացել է մարզահամերգային համալիրում»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ պատճառով է «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ Երևանում ամենաթանկ մրցույթն անցկացվում, Հ. Մովսիսիյանն ասաց. ««Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակն է։ Մենք նշում ենք 20-ամյակն այնպես, ինչպես որ պետք է նշել «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը։ Այսինքն, այս անգամ «Մանկական Եվրատեսիլը» պետք է տարբերվի նրանով, որ այն հոբելյանական է անցկացվում։ Կարծում եմ՝ սա նաև հնարավորություն է մեզ համար ցույց տալու, որ Հայաստանը կարող է ընդունել մեծամասշտաբ միջոցառումներ, պլանավորել դրանք, անցկացնել բարձր մակարդակով և լսել կարծիքներ, ինչպես քիչ առաջ հնչեցրեց Օսթերդալը։ Սա շատ կարևրո է»։ 

Պատասխանելով մեկ այլ հարցին, թե ծախսերն ի՞նչ ուղղությամբ են կատարվել, որ այդքան թանկ է եղել, նա ասաց. «Բավականին մեծ քանակությամբ տեխնիկա՝ լույս, ձայն, լեդ էկրաններ, բեմ, հատուկ նկարահանող տեխնիկա և այլն, վարձակալվել է և բերվել է դրսից, տարբեր երկրներից։ Միայն այստեղ մենք  ծախսել ենք մոտավորապես մեր բյուջեի կեսը, մի փոքր պակաս կեսից։ 

Իհարկե, բացման արարողության միջոցառման մասով էլ մեծ ծախսեր են եղել, նաև մետրոյում միջոցառման համար, իհարկե, ոչ այդքան շատ։ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքներում մեծ քանակությամբ անձնակազմ է ներգրավվել։ Այս պահին էլ 1000-ից ավելի մարդ աշխատում է այս տարածքում շոուն իրականացվելու համար։ Աշխատավարձերի  մասով էլ բավականին մեծ գումար է ծախսվել, քանի որ մի մեծ խումբ մասնագետներ  Հայաստանից չեն, և մենք ներգրավել ենք փորձառու մասնագետների դրսից, ովքեր եվրատեսիլների անցկացման փորձ ունեն։  60-70 տոկոսը այս ուղղություններով ենք ծախսել»։