Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչո՞ւ են Ագարակում ռուս սահմանապահները անցակետ դրել․ ՌԴ ԱԴԾ պարզաբանումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պարզաբանել է Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի` Իրանի հետ սահմանի երկայնքով հսկողության ուժեղացման պատճառները։  Նշենք, որ վերջին ամիսներին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ռուս սահմանապահները անցակետ են դրել եւ պարբերաբար ստուգում են Ագարակից Մեղրի գնացողներին։

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջեւ 1992 թվականին:

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Բացի այդ, արձանագրվում են ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։  2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով եւ մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության եւ այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման եւ հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի եւ այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման եւ խափանման նպատակով:

Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշված է  Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության տարածած հայտարարության մեջ։