Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու է ԱՄՆ-ն ձգձգում Ռուսաստանի պարտությունը․ հավանական վարկած

ԱՄՆ-ն առայժմ ձեռնպահ է մնում Ուկրաինային ավելի հեռահար ու արդիական զինատեսակների մատակարարումներից, պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ դրանք կիրառվեն Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Ամերիկացիներն ու դաշնակիցները Կիեւին սպառազինություն են մատակարարում ըստ «ընթացիկ իրավիճակի եւ խնդիրների», ինչը, փորձագետների կարծիքով, կապված է պատերազմը հնարավորինս վերահսկողության տակ պահելու մտադրության հետ։

ԱՄՆ պաշտոնատարները հայտարարում են, որ չեն ցանկանում էսկալացիա, ուղիղ առճակատում Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի հռետորաբանությունը նշանակալի փոխվել է այն բանից հետո, երբ տապալվեց ռուսական բլից-կրիգը եւ բացահայտվեցին ռուսական բանակի ոճրագործությունները օկուպացիայից ազատագրված շրջաններում։ Մինչ այդ, Արեւմուտքում կարծում էին, որ Ուկրաինան կհանձնվի մի քանի օրում, եւ նախագահ Զելենսկիին առաջարկում էին էվակուացիա։

Սակայն ուկրաինացիների դիմադրությունը փոխեց իրավիճակը, փոխվեցին նաեւ Ուկրաինային մատակարարվող զենքի որակն ու հեռահարությունը։ Ռուսական բանակի առասպելը հօդս է ցնդել, եւ հիմա բոլորին պարզ է, որ դրա հարցերը կարելի է արագ լուծել Ուկրաինային համապատասխան սպառազինության մատակարարման դեպքում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն առայժմ խուսափում է հարձակողական զենքի մատակարարումներից ու կանգնած է «անթույլատրելի են թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հաղթանակը» դիրքին։

Փորձագետները սա կապում են Ռուսաստանի միջուկային շանտաժի եւ պարտության դեպքում այդ ահռելի երկրում անխուսափելի աղետալի զարգացումների հանդեպ Արեւմուտքի մտահոգությունների հետ։ Բերվում են այլ պատճառներ եւս, սակայն առավել ուշադրության է արժանի հետեւյալ վարկածը։ Այն, ինչ պետք էր անել Ռուսաստանի դեմ, անում են ինքը՝ Պուտինը եւ նրա կլեպտոկրատ շրջապատն իրենց ձեռքով։ Ոչ ոք նրանցից ավելի լավ ու հիմնովին չի կարող դա անել։

Պուտինի կլեպտոկրատ ռեժիմի գործունեության արդյունքում Ռուսաստանը դադարել է լինել պետություն բառի դասական իմաստով եւ անշեղ ընթանում է անկման ճանապարհով՝ մարդկային, ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային եւ հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում։ Հետաձգելով Ռուսաստանի պարտությունը, Արեւմուտքը Պուտինի վարչակարգին հնարավորություն է տալիս ավարտին հասցնել գործը։