Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «լռվել» Հայաստանում եւ ինչով է իրականում զբաղված

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն արդեն մի քանի օր է Հայաստանում է եւ պատրաստվում է մնալ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նա Հայաստան է ժամանել սեպտեմբերի կեսերին Հայաստանի դեմ ներխուժման հերթական գործողություններից մի քանի օր հետո, երբ Հայաստանի իշխանությունը կրկին դիմել է ՀԱՊԿ-ին՝ դաշնակցային պարտավորությունները կատարելու համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զասը այցելել է Ջերմուկ։ Այս ուղղությամբ ներխուժման նպատակը Սյունիքի մարզի օտարումն է եւ Հայաստանը Իրանից կտրելը, ինչը հաստատվեց նաեւ Իրանի կոշտ հայտարարություններով, թե թույլ չեն տալու աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն։ Այն, որ ներխուժումներն առաջնորդվում են Մոսկվայի կողմից, նույնպես որեւէ կասկած չի մնում անգամ հավատավոր ռուսասերների մոտ, քանի որ Մոսկվան արդեն մի կողմ է դրել դիմակները եւ Հայաստանի դեմ գործում է իր դեմքով, բացահայտ։ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ պահվածքը եւ ՌԴ պաշտոնական հայտարարությունները դրա վկայությունն են։

Հայաստանի իշխանությունը շարունակում է ամեն անգամ դիմել ՀԱՊԿ-ին եւ ստանալ հերթական մերժումը։ Կարելի է անվերջ ձեւ անել, թե ՀԱՊԿ-ը պետք է կատարի իր պարտավորությունները, եւ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Բաքվի ներխուժումների հետ։ Իր հերթին, հայ հանրությունը կարող է մինչեւ պատմության ավարտը ձեւ անել, թե Ռուսաստանը դավաճանեց մեզ։ Ռուսաստանը մեզ չի դավաճանել, քանի որ թշնամին Ռուսաստանն է, իսկ թշնամիները չեն դավաճանում։ Բայց դրանից ոչինչ չի փոխվում

Ինչեւէ, դառնանք ՀԱՊԿ-ին եւ Զասի այցին։ Սեպտեմբերի իրադարձությունների օրինակով կարելի է համոզվել, թե ինչ գործառույթ է կատարում այս բլոկը Հայաստանի հարցում, եւ ինչ հետեւանքներ է ունենալու ՀԱՊԿ-ին դիմելը։

Նախեւառաջ, ՀԱՊԿ-ի ցուցանակով օրինականացվում է ռուսական ստորաբաժանումների տեղաբաշխումը սուվերեն ՀՀ սահմանի մի շարք հատվածներում, առաջացնելով հայկական զինուժի վակուում մի շարք պաշտպանական ուղղությունների վրա: Բաքվի հետ հերթական անգամ համաձայնեցված ետքաշումից հետո ռուսները Բաքվի ստորաբաժանումների համար հնարավորություն ստեղծեցին գրավել մի քանի տասնյակ դիրքեր եւ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ Փաշինյանի հայտարարած Սոթք-Խոզնավար հատվածում՝ հիմք ստեղծելով երկրի խորք ռազմավարական առաջխաղացման համար, ինչի մասին արդեն հայտարարում է Ալիեւը:

ՀՀ այս եւ այլ շրջաններում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն տեղակայելու դեպքում Բաքվի ստորաբաժանումները հնարավորություն կստանան ռուսների թիկունկում ամրանալ գրավյալ դիրքերում եւ հավելյալ զորք կենտրոնացնել: Զուգահեռ, ռուսական ստորաբաժանումները զսպում են հայկական ուժերին Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում։

ՀԱՊԿ-ին անդամակցելը արգելափակում է արեւմտյան զենքի եւ զինամթերքի մատակարարումը Հայաստանին: Իսկ թե ինչ է ռուսական զենքը՝ հայերը համոզվեցին 44-օրյա պատերազմում եւ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի օրինակով։ Ավելին, ռուսները հիմա դա էլ չունեն եւ արդեն մարտի են նետում հուշահամալիրներից հաված տեխնիկան ու զենք մուրում աշխարհով մեկ։ Փոխարենը Բաքուն շարունակում է զինվել արդիական զենքերով։

ՀԱՊԿ-ին անդամակցությունը թույլ է տվել եւ դեռ տալու է միանգամայն օրինական հիմքով, համադրելով Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի հետ, հետախուզել ՀՀ Զինուժի մարտական պատրաստականությունը, զորամասերի եւ պաշտպանական տեխնիկական միջոցների խմբավորման սխեմաները, դրանց տեղաբաշխումը եւ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ՝ խոցելիության առավել նպաստավոր ուղղությունները:

ՀԱՊԿ-ն արգելափակում է ոչ միայն Հայաստանի սպառազինության մատակարարման դիվերսիֆիկացիան, այլեւ միջազգային խաղաղարար նախաձեռնությունները։ Իր հերթին, Ռուսաստանը միանգամայն օրինական հիմքեր է ստանում հայտարարելու, որ Հայաստանը սահմաններ չունի, ագրեսիա չկա, այլ միայն՝ տարածքային վեճեր, որոնք կարգավորվելու են այդ թվում ՀԱՊԿ միջոցով, որի անդամ է նաեւ Հայաստանը եւ որին դիմել է հենց Հայաստանը։

ՀԱՊԿ-ը եւ Բաքուն Հայաստանի պետականությունը վերացնելու Ռուսաստանի գործիքներն են։ Ռուսաստանը այս ծրագիրն է իրականացնում Հայաստանում։ Հենց այս ծրագրի շրջանակում է Հայաստանում «լռվել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը պետք է ուսումնասիրի ՀԱՊԿ ուժերի տեղակայման հնարավոր վայրերը։ Բնականաբար՝ դրանք հաջորդ փուլերում թուրքերի հանձնելու համար։ Դարավոր՝ 1915-1916-ից սկսած Ռուսաստանի սխեման է։

ՀԱՊԿ-ին դիմելը նույնն է, ինչ գառներին գայլին պահ տալը։ Իրեն հարգող իշխանությունը Զասին կվտարեր երկրից։

ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկների դեմ աղմկողները հավասար պատասխանատվություն են կրում ՀԱՊԿ-ին միջամտության համար դիմողների հետ։ Երկուսն էլ սպասարկում են Հայաստանի պետականության վերացման ռուսական ծրագրերը։