Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու էր անհանգիստ Ռուբեն Վարդանյանը սկանդալային հայտարարությունն անելիս

Հայաստանը հնարավորություն ունե՞ր Արցախը վերամիավորել դե յուրե, եթե այո, ինչու դա չարեց, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին հարցրել է RTVI-ի լրագրողը։ «Բարդ հարց է, քանի որ արցախցիները, Արցախում ապրող հայերը բավական ինքնուրույն էին շատ հարցերում, այդ թվում ինքնապաշտպանության, տնտեսության եւ այլն․․․»։ Այսինքն, եթե այն ժամանակ հանրաքվե անցկացնեին․․․, հարցնում է լրագրողը։ «Դա արդեն անցյալում է, եկեք անյալից չխոսենք, այն ժամանակ դուալիզմ կար, արմատական խնդիր՝ ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, սեփական պետության ստեղծման․․․ հենց այնպես միանալ եւ դառնալ Հայաստանի գավառներից մեկը, հնարավոր չէ, արցախցիները երբեւէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ որ ռեգիոններից մեկը, այդպես հնարավոր չէր», դեմքին խելացի արտահայտություն տալու ու շփոթը ծածկելու փորձեր է անում Ռուբեն Վարդանյանը։

Առաջին հայացքից թվում է, թե Ռուբեն Վարդանյանը մոռացել է, որ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին եղել է ՀՀ եւ Արցախի Գերագույն խորհուրդների համատեղ որոշումը վերամիավորման մասին։ Բայց՝ միայն առաջին հայացքից։ Ինչի՞ց է նա որոշել, որ արցախցիները չէին համաձայնի դառնալ Հայաստանի գավառներից մեկը, հարցո՞ւմ է անցկացրել։ Նրան արդեն հասցրել է պատասխանել Արցախի ՄԻՊ-ը՝ հնարավորինս քաղաքակիրթ ձեւակերպումներով։

Հայկական մամուլը գրել էր, որ Վարդանյանը մեկնել է Մոսկվա՝ «խորհրդատվությունների» համար։ Դատելով հարցազրույցի այս հատվածից, ինչպես նաեւ Վարդանյանի բավական անհանգիստ շարժումներից ու խոսքի ընդհատումներից, Սոչիի կլոունադայից հետո պետնախարար նշանակված պետնախարարը մոսկովյան նարատիվի մեջ է՝ «Պուտինը չի փակում Արցախի կարգավիճակի հարցը, այն թողնելով սերունդներին»։ Հայերի զգալի շերտերի, այդ թվում՝ ուսյալ ու ոչ ռուսանպաստ, խիստ հուզել էր այս նարատիվը, առանց խորանալու, թե ինչ է թաքնված դրա տակ, ինչ է նշանակում սերունդներ, քանի սերունդ, եւ այլն։

Իրականում, սա հայերի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձ է՝ Արցախը Հայաստանից օտարելու Մոսկվա-Բաքու ծրագրի շրջանակում, ինչը կապված է այս երկյակի՝ Հայաստանի դեմ ոճրագործության հարցում միջազգային որոշակի խնդիրների հետ։ Պուտինի նշած «ժամկետը» ռուսական ներկայության անորոշ ժամկետն է կամ ավելի ճիշտ՝ անխուսափելի նահանջը հնարավորինս երկարաձգելու եւ հնարավորինս անկորուստ իրականացնելու ժամկետը՝ Բաքվի հետ Արցախի «ընդունման-հանձնման» եւ ամբողջ Արցախը բաքվին վերաինտեգրելու անխուսափելի ելքով։ Ռուսական տարբեր մաստի ու սպեկտրի փորձագետները, որոնք վերջերս այս հարցերի շուրջ վխտում են ռուսական ու հայկական մեդիատարածությունում, բոլորը միակամ են այս հարցում, եւ դա պատահական չէ։

Արցախի օտարման ագենտուրային պարտավորությունների մեջ է քպ-ական իշխանությունն այլ դիրքից՝ հայտարարելով, որ Արցախի, սահմանազատման, հաղորդակցությունների, հայ-թուրքական խնդիրները կապված չեն իրար հետ, առանձին են։ Դա նույնպես հայ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու, թշնամական ծրագրերն անխափան իրագործելու համար է։

Արցախում այս սխեման «լեգիտիմացնելու» համար Մոսկվային «ծանրակշիռ ու ազդեցիկ» գործիչներ են պետք․ Վարդանյանն արդեն նշանակվել է անհրաժեշտ մեդիաուշադրության ապահովմամբ, տրվում են այլ անուններ՝ Վարդան Օսկանյան, Արա Այվազյան եւ այլն։ Միեւնույն ժամանակ, Արցախի ինքնորոշման խնդրի շուրջ ելույթներում կրկին բացակայում է ամենակարեւորը՝ 1921-ի թեմայի, Նախիջեւանի խնդրի հիշատակումն անգամ, ինչը քաղաքական խմբերի ու անհատ գործիչների գործունեության միակ ու անվրեպ ցուցիչն է։ Հնարավոր չէ փոխել գործընթացների բնույթը առանց հիմքին անդրադառնալու։