Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու Կիեւում չհիշեցին Ղրիմի իսկական բնիկներին

Ղրիմի հնագույն՝ հայկական Փրկչի տաճարի ավերակները

Ղրիմում ռուսական ավիաբազայում պայթյունների կապակցությամբ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը գրել էր, որ «Այսօր բնիկ ժողովուրդների միջազգային օրն է: Ուկրաինայում այդպիսին են համարվում Ղրիմի թաթարները, կարաիմները, կրիմչակները»:

Փոխվարչապետը «մոռացել» է թվարկել Ղրիմի իսկական բնիկներին՝ հայերին ու հույներին, որոնց կրկնակի արտաքսել են թերակղզուց նախ 18-րդ դարում, ապա՝ 20-րդ դարի կեսերին։ Հայ-հունական քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական գերակայող ներկայությունը թերակղզում վավերագրված է։ Ընդ որում, դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակներից։ Միջին դարերում Ղրիմը կոչվում էր Ծովային Հայաստան, հայերն ունեին ինքնավարություն եւ սեփական զինված ուժեր։ Երեւում է՝ Կիեւը չի կարողանում հաղթահարել հայերի հանդեպ Մոսկվային հատուկ քաղաքակրթական բարդույթները եւ շարունակում է ռուսական շովինիզմի եւ մարդատյացության գիծը, եթե չի ճանաչում Ղրիմի իսկական բնիկներին։

Այս համատեքստում հիշատակման արժանի է Արցախում հայերի հաշվին «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի» բացման՝ ուկրաինական իսթեբլիշմենտի տենչանքը, երբ Բաքվի ուժերը մարտին եւ օգոստոսին հարձակման անցան հայերի դեմ։ Ճիշտ է՝ հնչեցին նաեւ սթափեցնող հայտարարություններ, որ հայերի դեմ Մոսկվան ու Բաքուն գործում են միասին, սակայն «երկրորդ ճակատի» հույսերը դեռ չեն մարում։

Փետրվարին Ուկրաինա ներխուժումը պայմանավորված էր 2020-ի սեպտեմբերի 27-ին «ադրբեջան» պրոքսիի թիկունքում Հայաստանի դեմ Ռուսաստանի ռազմական արշավի հաջող ելքով եւ նոյեմբերի 9-ով, մինչ ուկրաինական իսթեբլիշմենտը «ադրբեջանի հաղթանակը եւ տարածքային ամբողջականության վերականգնումը» համարում էր նախադեպ իր համար։ Իրականում դա նախադեպ էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման համար, ինչը ներկայում շարունակվում է նաեւ Ուկրաինայի հարցում հայերի օրինակով Մոսկվա-Անկարա «եռակողմ» ձեւաչափի ծուղակի ձեւավորման ջանքերով՝ Կիեւին ցորենի, բայրաքթարների եւ թուրքական այլ պրեֆերենցիաների տեսքով։

Իրավիճակային մոտեցումները ծուղակում հայտնվելու նախադրյալներ են։ Ուկրաինայի հաղթանակը պետք է լինի ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ լայն իմաստով՝ գաղութատիրության ապամոնտաժման։