Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչպես է պետությունը ճեղքեր տալիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բոլորի գործողությունները պետք է ճանաչել «ըստ պտուղների»

Երբ ասում եմ, որ այժմ Հայաստանը գնում է պետականության կորստի ուղղությամբ, ես ամենեւին նկատի չունեմ, որ Հայաստանի դրոշը չի ծածանվի Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի առաջ: Պարզապես այդ դրոշը չի ունենա այն իմաստը, որն ուներ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը եւ առավել եւս՝ չի ունենա. եթե Արցախը հայաթափվի, եւ դրան հետեւի հարձակումը Հայաստանի վրա: Եթե այդ ամենը տեղի ունենա, դարձյալ, թերեւս, կմնա ինչ-որ տարածք, որը կշարունակվի կոչվել «Հայաստանի Հանրապետություն»: Բացի դրոշից՝ այդ տարածքը կունենա նախագահ, վարչապետ, նախարարներ եւ Ազգային ժողով: Իշխանավորներին կսպասարկեն թանկարժեք մեքենաներ, թիկնապահներ, հազարավոր «կարմիր բերետավորներ»: Նրանց կյանքում ոչինչ չի փոխվի: Այն հայաստանցիները, որոնք այստեղ կմնան, նույնպես, թերեւս, դժգոհելու առանձնապես առիթներ չեն ունենա՝ նրանց ստամոքսի խնդիրը, լավ թե վատ, լուծված կլինի: Բայց որպես պետություն մենք չենք ունենա որեւէ իմաստ, որեւէ ազդեցություն եւ, ամենակարեւորը՝ որեւէ հեռանկար:

Ահա այդպես եմ ես պատկերացնում պետականության կորուստը: Այսինքն, աշխարհում կան բազմաթիվ երեւույթներ, որոնք ձեւականորեն գոյություն ունեն, բայց, ըստ էության, զուրկ են որեւէ նշանակությունից: Այդպիսին է, օրինակ, Հայաստանի Ազգային ժողովը 1995 թվականից սկսած՝ մեծամասնությունը բոլոր դեպքերում սեղմում է «անհրաժեշտ կոճակը»: Այս պարագայում ավելի ռացիոնալ կլիներ, որ օրենքներն ընդուներ կառավարությունը, քանի որ 107 պատգամավոր պահելու իմաստը զուտ խորհրդանշական է: Ահա այդպիսի կառույց կարող է լինել Հայաստանի Հանրապետությունն՝ իր ամբողջականության մեջ՝ գոյություն ունենալ միայն թղթի վրա: Բայց իրականում ունենալ Անդորայից, Սան Մարինոյից կամ Լեսոտոյից ավելի ցածր կարգավիճակ:

Այստեղ զուտ քանակական մատեցումը չի աշխատում: Մյուս կողմից՝ եթե հարց է դրվում, թե ինչն է ավելի կարեւոր՝ 120 հազա՞րը, թե՞ 3 միլիոնը, այդ հարցի գնահատականը չի կարող լինել միայն բարոյականության տեսանկյունից: Հակառակ դեպքում բանավեճը դառնում է զուտ «լիրիկական», մարդիկ սկսում են չափել միմյանց հայրենասիրությունը: Մինդեռ խնդիրը պետք է դիտարկել օպերատիվ, մարտավարական եւ ռազմավարական մակարդակներով: Միայն այդպես է կարելի քաղաքական դատողություններ անել, առավել եւս՝ պատերազմի ժամանակ: Եթե դիտարկենք այդ երեք մակարդակներով, ապա 120 հազարի զոհաբերումը տանում է դեպի 3 միլիոնի կործանում:

Պատմական զուգահեռ անցկացնելով, կարելի է ասել, որ Արցախը «Ֆերմապիլների անցումն է», որը ճանապարհ կբացի հակառակորդի զորքի համար: Ի դեպ, 44 -օրյա պատերազմում թշնամու մարտավարությունն էր՝ ճեղքեր գտնել դեպի Արցախի սիրտը տանող հանգույցների մեջ, իսկ այնուհետեւ՝ մեծ ուժերով խցկվել այդ ճեղքերի մեջ: Արցախի արեւմուտքում եւ հյուսիսում թշնամին այդ ճեղքերը չէր գտել, իսկ հարավում, ցավոք, գտել էր:

Նման ձեւով պետության փլուզումը (որն, անշուշտ, մեր թշնամիների նպատակն է) տեղի է ունենում ճեղքեր առաջացնելու միջոցով: Բերեմ մեկ այլ օրինակ, այս անգամ՝ դիվանագիտական ոլորտից: 2022 թվականի ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ… հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»: Դարձյալ նույն տրամաբանությունն է՝ փոքր բանը զիջենք՝ մեծը շահելու ակնկալիքով: Բայց այդ տրամաբանությունը երբեմն կարող է աշխատել, իսկ երբեմն՝ ոչ:

Տվյալ դեպքում «փոքր բանը» Արցախի ինքնիշխանության մեր պահանջն էր: Իջեցրեցինք, զիջեցինք: «Միջազգային հանրությունը» (ինչ էլ հասկանանք դրա տակ) կոնսոլիդացվե՞ց: Եթե անգամ կոնսոլիդացվեց, մե՞զ օգնեց: Կարո՞ղ է արդյոք այդ «կոնսոլիդացված միջազգային հանրությունն» այնպես անել, որ Ադրբեջանն ազատ թողնի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը, որքան փակ մնա, այնքան մեծ է սպառնալիքը ոչ միայն արցախցիների անվտանգության, այլեւ հայկական պետականության հանդեպ:

…Աշակերտներն իրենց Ուսուցչից հարցնում են՝ ինչպես կողմնորոշվել բարդ հասարակական երեւույթների մեջ: Ուսուցիչը պատասխանում է՝ ճանաչեք այդ երեւույթներն ըստ արդյունքների, ըստ պտուղների: Գիտեք, թե դա որ գրքից է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ