Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչպես սատանան խաչից է վախենում, ռուսներն ու թուրքերը վախենում են ինքնաճանաչ հայից

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը

Պարոն Գինոսյան, Ռուսաստանում արգելել էին Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունն է Պայքար» խորագրով համերգը։ Ինչպես եք գնահատում սա, ինչո՞ւ են խոչընդոտներ ստեղծվել պարախմբի համար։

Նախ ուզում եմ ասել, որ համերգը վերջնական կայացավ, և իրենք կարողացան իրենց նպատակին հասնել։ Թե ռուսների, թե ադրբեջանցիների կողմից ստեղծված բոլոր խոչընդոտները մարդիկ կարողացան հաղթահարել, և Հայոց բանակի օրվա առթիվ այդ համերգը կայացավ։ Արգելողները չէին ուզում, որ Նդժեհի անունը հնչեր, բայց իրենց այս քայլով հազարավոր մարդիկ իմացան հայ մշակույթի նկատմամբ իրենց ֆաշիստական պահվածքի մասին։ Նրանք վախենում են ինքնաճանաչ հայից, իրենք պետք է հասկանային, որ եթե խմբի անունը Նժդեհ է, ուրեմն այնտեղ ազգային նկարագրով երիտասարդներ են։ Եվ ինչպես տարիներ առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «հայերը ֆաշիստներ են, Նժդեհի արձանն են տեղադրել Երևանում», այսօր էլ այս ստահոդ պատրվակները նաև սնուցվում են ադրբեջանական փողերով։ Ինքնաճանաչ հային հաղթել հնարավոր չէ, Նժդեհի բառերն են՝ «սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին»։ Հետևաբար, իրենց համար վտանգավոր է այն հայը, որն ինքնաճանաչ է։ Ամեն կերպ ուզում են ամենազորեղ հայերին ծաղրել։ Այդ հրապարակման համար Ֆեյսբուքն ինձ արգելափակել է, ինձ նամակ եկավ, որ ես իրենց հանրույթի կանոնները խախտող հրապարակում եմ արել։ Հիտլերի նկարի համար ոչ ոքի չեն արգելափակում, Աթաթուրքի նկարի համար չեն արգելափակում, Հիտլերի սանձազերծած պատերազմում 20-30 մլն մարդ է զոհվել, բայց եթե ես հիմա Ֆեյսբուքում տեղադրեմ Հիտլերի նկարը, ինձ չեն արգելափակի։ Բայց Նժդեհի, Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի նկարները տեղադրեք և տեսեք, թե ինչ կլինի։ Ակնհայտ է, որ սա հայերի դեմ սանձազերծված մի հզոր պայքար է, որովհետև վախենում են՝ Լոնիդ Ազգալդյանի գաղափարախոսությունը բերելու է ինքնաճանաչման, Նժդեհի գաղափարախոսությունն առավել զորեղ ինքնաճանաչման և հայրենատիրության գաղափարների է բերելու։ Դրա համար էլ վայնասուն են բարձրացրել։ Ինչ-որ վրաց լրագրող արդեն նախքան համերգը հայտարարել էր, թե Նդժդեհի անունով պարերի դպրոց կա, «ո՞նց ենք մենք թույլ տալիս, որ մեր քթի տակ ֆաշիստների անունով դպրոց լինի»։

Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, երբ մտան Բուլղարիա, և Նժդեհն ինքը հանձնվեց սովետմիության ազգային անվտանգությանը, վստահ էր, որ Սովետական միությունը պիտի նաև պատերազմ հայտարարեր Թուրքիային, որը Գերմանիայի կողմնակիցն էր։ Եվ իր ծառայություններն առաջարկեց, իր խոսքերով ասած՝ ինքը թուրքերի դեմ կռվելու ամենամեծ գիտակն էր, և պատրաստ էր հանուն Արևմտյան Հայաստանն ազատագրելու կռվել Սովետական միության կողմից։ Սակայն նրան չազատեցին, և 11 տարի՝ մինչև մահը Նժդեհը մնաց սովետական բանկում։ Սովետական իշխանություններն իրենք իրենց խորամանկությունն արեցին։ Մենք շատ լավ գիտենք, որ Սովետական միությանն ընդամենը պատճառ էր պետք, որ այդ մարդուն «ֆաշիստ» անվանեին։ Առաջին Հանրապետության կործանումից՝ բոլշևիկների բռնազավթումից հետո Նժդեհը Սյունիքում հայտարարեց ԼեռնաՀայաստանի ստեղծման մասին։ Երբ 1920 թվականի նոյեմբերին բոլշևիկները զավթեցին Հայաստանը, Նժդեհը մինչև 1921 թվականի հուլիսի 15-ը դեռ կռվում էր, մինչև ստիպեց բոլշևիկ Ռուսաստանին Արցախի ու Նախիջևանի օրինակով Զանգեզուրն էլ չհանձնել Ադրբեջանին։ Եվ այսօր, եթե մենք ունենք Սյունիքը, մեր երկրի ողնաշարը, դա Նժդեհի շնորհիվ է։ Հիմա բոլորը հասկանում են, որ Նժդեհի ոգին այնտեղ է, և իրենց համար շատ կարևոր է Նժդեհի կերպարը սասանել, ոչնչացնել, որովհետև ցանկացած մեկը, ով Նժդեհի գաղափարախոսությամբ է դաստիարակվում, ինքնաճանաչ ու հայրենատեր հայ է։ Ինչպես սատանան խաչից է վախենում, նման ստոր արարածները Նժդեհից են սարսափում։ Չեն հասկանում, որ Նժդեհով ոգեշնչվող ազգին իրենք հաղթել չեն կարողանա։ Եվ այս ամենի հետևում վստահաբար ադրբեջանական ականջները երևում են։ Նժդեհից ուղղակի հենց այնպես ձերբազատվել իրենք չեն կարողանա, որովհետև Նժդեհն իրենց ահ ու սարսափն է լինելու միշտ։ Իսկ քանի դեռ հայը կարող է Նժդեհով գոտեպնդվել, քանի դեռ հայը սպառազինված է այդ գաղափարներով, նրան հաղթել հնարավոր չէ։ Այս ամենը կռիվ է մեր ինքնության դեմ։

Ի՞նչ են պատճառաբանել պաշտոնապես համերգն արգելողները։

Այդ պարախումբը փորձում էր համերգով նշել Հայոց բանակի օրը։ Արգելողները հասկանում են, որ օրինական ճանապարհով չեն կարող արգելել համերգը և գտել են ամենախորամանակ ճանապարհը, թե իբր ահազանգ է եղել, և համերգասրահն ականապատված է։ Բայց երբ խմբի անդամներին ու հանդիսատեսին դուրս են հանել շենքից, մարդիկ 3-4 ժամ մարդիկ դրսում սառել են, այդ ամբողջ ընթացքում ներքևի սրճարանում մարդիկ շարունակել են վայելել իրենց ժամանցը։ Մեր տղաները մոտեցել ու հարցրել են՝ ինչո՞ւ իրենց չեք տարհանում, քթի տակ ծիծաղելով ասել են՝ այնտեղ պատերը զրահապատ են, վտանգ չկա։ Ակնհայտ է, որ խորամանկ քայլ է արվել, որովհետև եթե ուղղակի ալգելեն, դու կարող ես դատարան դիմել ու պատասխան պահանջել։ Որպես Մոսկվայի այդ դահլիճի սեփականատերեր գրանցված են ազգությամբ ռուսներ, բայց մարդիկ այս երկու օրը ճշտել են, որ այդ դահլիճի իրական սեփականատերերը Ադրբեջանի լեռնային հրեաներն են։ Այսինքն՝ դրանք հզոր կլաններ են, և մեր դեմ պատերազմին էլ մեկ կողմ չէ, որ մասնակցել է։ Ակնհայտ է, որ վախը ավելի քան կա, ոչ ոքի ձեռնտու չէ քաջ հայը, և ակնհայտ է նաև, որ մենք որևէ կերպ չենք հակազդում դրան պետական մակարդակով։ Ոչ մեր ղեկավարությունը, ոչ Ռուսաստանում մեր դասպանատունը բողոքի հայտ չներկայացրին։ Իմ կարծիքով՝ ոչ թե Նժդեհ պարախումբը պետք է նշեր հայոց բանակի տոնը, այլ պետք է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը նշեր այդ տոնը, անգամ պետք է վճարեին ու հրավիրեին այդ և այլ խմբերի, որպեսզի տոնը լիարժեք կայանար։ Ես չգիտեմ՝ որևէ դրսևորում եղե՞լ է դեսպանատան կողմից, բայց պետք է ինչ-որ արձագանք տալ այս ամենին։ Իմ գրառումը ադրբեջանական լրատվամիջոցներում է հայտնվել, և ինձ արգելափակել են սոցցանցերում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի համապարփակ շրջափակման մեջ են մեզ առել՝ և ինֆորմացիոն, և գաղափարական, և ռազմաքաղաքական։ Եվ այս պարագայում ավելի քան պետք է լրջանալ ու հասկանալ մեր առաքինությունը, որովհետև ժամանակները մեզ չեն ների։