Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչպես շեշտադրել երիտասարդների ուժեղ կողմերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանում դպրոցական եւ արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը

«Մեր ծրագիրը սկսել ենք 2022թ. ապրիլի 15-ից եւ շարունակելու ենք մինչեւ 2027թ. ապրիլի 14-ը, հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ Կոնսորցիումով ենք ծրագիրն իրականացնում՝ 4 կազմակերպություններից կազմված։ Գլխավոր պատասխանատուն մենք ենք՝ PH International-ի հայկական մասնաճյուղը, իրականացնում ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի, ԿՏԱԿ-ի եւ  Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն CIVITAS կազմակերպության հետ համատեղ։ Սերտորեն համագործակցելու ենք ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի հետ»,-«Առավոտի» հետ զրույցում իրենց ծրագիրը ներկայացնելիս ասաց PH International-ի հայկական մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ իրենց ծրագրի առանձնահատկությունն այն է, որ հենված է  երիտասարդության դրական զարգացման գաղափարախոսության վրա, այն շեշտադրում է երիտասարդների ուժեղ կողմերը եւ հակադրվում է ավանդական գաղափարախոսության հետ. «Վերջին տասնամյակներում զարգացած գաղափարախոսություն է եւ 4 տիրույթ է առանձնացնում, որի վրա հենվելով կարող ենք ձեւավորել ներգրաված, առողջ գիտակից քաղաքացի։  4 տիրույթներն են՝ ներքին եւ արտաքին ռեսուրսների զարգացումը, այսինքն՝ տեխնիկական եւ սոցիալական ներուժը, երկրորդը  երիտասարդների ներդրումն ու  մասնակցությունն է համայնքի կյանքին, երրորդը նպաստող միջավայրի ձեւավորումն է՝ օրենքներ, սոցիալամետ նորմեր, գենդերազգայուն քաղաքականություն, եւ չորրոդ տիրույթը գործունությունն է, այսինքն այն, որ երիտասարդները գործուն տարր են երկրի զարգացման գործում»։ Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ հնգամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանում դպրոցական եւ արտադպրոցական քաղաքացիական կրթության որակը, այն երկու մասից է  բաղկացած, մեկը աջակցությունն  է հանրակրթական ոլորտին, մյուսը երիտասարդների մասնակցությունն ապահովելուն ուղղված գործողությունն է։
«Երկու  մասով էլ փորձում ենք աջակցել պետության քաղաքականությանը, պետության գործողություններին։ Գիտեք, որ  2021-26թթ. հանրակրթության պետական նոր չափորոշիչների ու ծրագրերի բարեփոխման գործընթացներն են ընթանում։ Այժմ Տավուշի մարզում է փորձարկվում չափորոշչի գործարկումը։ Մենք փորձելու ենք աջակցել հասարակագիտական առարկայացանկի հետ կապված աշխատանքներին։ Հասարակագիտություն առարկայի 1000-ից ավելի ուսուցիչների ենք վերապատրաստելու, հատկապես շեշտը դնելու ենք նախագծային ուսումնառության վրա, որը նոր կոմպոնենտ  է պետական չափորոշչով։ Եվ դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ուսուցիչը փորձի ոչ միայն գիտելիք հաղորդել, հասարակագիտական տեղեկատվություն, այլեւ այնպիսի մշակույթ ստեղծի, որ երիտասարդներն  իրենց գիտելիքը կարողանան ծառայեցնել ի նպաստ համայնքի բարօրությանը, իրենց համայնքում հիմնախնդիրներ բացահայտեն, դրանց լուծմանն ուղղված եղանակներ գտնեն, մասնակցեն եւ այլն։ Այսինքն, դա դառնա իրական հմտություն, ձեւավորվեն ճիշտ արժեքներ, եւ վաղ տարիքից քաղաքացիական մասնակցություն ունենան որպես համայնքի կարեւոր բաղադրիչ, կարողանան մեծերի հետ համագործակցել»,-հավելեց մեր զրուցակիցը։
Մարիամ Մարտիրոսյանն ընդգծեց, որ պատերազմ տեսած երկրներում  կարեւորվում են բնագիտական առարկաները, բայց շատ կարեւոր է նաեւ հասարակագիտական միտքը, խաղաղությանը, երկրի ներքին կայունությանն ուղղված մտածելակերպը հենց վաղ տարիքից զարգացնելը. «Շատ լավ է, որ տեխնոլոգիաները զարգանում են, բայց ինչպիսի՞ քաղաքացու ձեռքում են այդ տեխնոլոգիաները հայտնվում, ինչ արժեքներով ու դիրքորոշումներով են իրենք կիրառելու դրանք… Այդ  նպատակով էլ  փորձում ենք հավասարակշռություն պահել հումանիտար եւ բնագիտական առարկաների բարեփոխումների միջեւ, սերտ կապի մեջ ենք ԱՅԲ հիմնադրամի մեր գործընկերների հետ, որոնք բարեփոխման մյուս մասին են մասնակցում»։

PH International-ի հայկական մասնաճյուղի ղեկավարը նշեց, որ Տավուշում ունեն աշխատանքային խումբ, որին անդամակցում են մարզի կրթության վարչության պետը, ԱՅԲ հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը,  ԿԶՆԱԿ-ը եւ Տավուշի տարածաշրջանը ներկայացնող 4 դպրոցներ։ Վերջիններս ներկայացված են հետեւյալ կերպ՝ հասարակագիտության ուսուցիչ, տնօրեն, աշակերտական խորհրդից մեկ աշակերտ եւ ծնողական խորհրդից մեկ ծնողի տեսքով։ Նա հավելեց, որ  ծրագրի հենց առաջին օրվանից աշակերտներին ներգրավում են գործընթացներում, նրանց համարում են կարեւոր խորհրդատու։

Ունեն նաեւ միջազգային փորձագետ, որը ներկայացնում է ԱՄՆ Մերիլենդ նահանգի քաղաքացիական կրթության խորհուրդը, հասարակագիտության ուսուցիչ է եղել, կանգնած է իրենց նահանգի բարեփոխումների ակունքներում։ Նրա ղեկավարությամբ ամռանը արդեն իսկ  ԿԶՆԱԿ-ի 25 հոգանոց թիմի համար նախագծային ուսումնառության թեմաներով վերապատրաստում է իրականացվել։ Միջազգային փորձագետը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհուրդներ եւ ռեսուրսներ տրամադրել։ Մարիամ Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ շահակիցների խումբ են ձեւավորել, որտեղ ներառել են բոլոր այն կազմակերպություններին, որոնք կրթության համակարգի  կամ երիտասարդների հետ են աշխատում. «Մոտ 50 կազմակերպություն է՝ եւ պետական, եւ անմիջապես երիտասարդների կողմից ղեկավարվող, ինչպես նաեւ դոնորներ, որպեսզի բոլորի աշխատանքային փորձը կարողանանք միահյուսել՝ ի նպաստ մեր ծրագրի ավելի արդյունավետ իրականացմանը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մարտիրոսյանը