Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինձ համար լավ կլիներ, որ ես էս վիճակում չհայտնվեի. Նորայր Գևորգյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ալավերդիում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով որեւէ ուժ «50+1» ձայն չի հավաքել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, առաջին տեղում է՝ 6 հազար 791 (48.6 %) ձայնով, երկրորդը ՔՊ-ն է՝ 6 հազար 557 ձայնով (47%), ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը շուրջ մեկ տարի դե ֆակտո Ալավերդու համայնքապետն էր․ բնակիչների հետ հանդիպումների մեջ էր, կառավարությունը լուծում էր քաղաքի խնդիրները, իսկ Մկրտչյանը դա վերագրում էր իրեն։ Երրորդ տեղում ՀԱԿ-ն է, որը ստացել է 340 քվե (2.3%), այսինքն՝ անցողիկ շեմը չի հաղթահարել, սակայն օրենքի ուժով անցնում է ավագանի, քանի որ, ըստ ԸՕ-ի, ավագանին պետք է 3 քաղաքական ուժից կազմված լինի։ Առաջին եւ երկրորդ տեղ գրաված ուժերի միջեւ մանդատները բաշխվել են հավասար, ստացվել է այնպես, որ ՀԱԿ-ի 1 հատիկ մանդատն է որոշելու, թե ով Ալավերդիում կդառնա քաղաքապետ,  կձեւավորի համայնքային իշխանությունը։ Եվ քանի որ իշխանությունը շատ մեծ ռեսուրս է ծախսել այս քաղաքի վրա, եւ նրա համար միեւնույն չէ, թե ում կհասնի համայնքապետի պաշտոնը, կարելի է ենթադրել, որ այստեղ կատաղի պայքար է գնում։ Զրուցել ենք ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր Գեւորգյանի հետ։

Ստացվել է այնպես, որ դուք եք որոշելու՝ Ալավերդու քաղաքապետն ով կլինի։ Ի՞նչ եք որոշել։

– Ես՝ չէ, կուսակցությունը։

Դուք ուզում եք ասել, որ ընդհանրապես վարկանիշ չունեք, եւ ՀԱԿի՞ն են այդ ձայները տվել։

– Այնպես չէ, որ ինձ համար սա կոմֆորտ վիճակ է, գուցե ոմանք սա համարեին իրենց արժեքը բարձրացնելու վիճակ, բայց կրկնում եմ՝ կոմֆորտ վիճակ չէ։ Ես ամբիցիոզ մարդ չեմ, չեմ կարծում, որ այսքան ձայնով իրավունք ունեմ ինչ-որ շատ պահանջներ դնեմ։ Ինձ համար լավ կլիներ, որ ես էս վիճակում չհայտնվեի։

Ձեր կարծիքով, կոալիցիան ի՞նչ սկզբունքներով պետք է կազմվի․․․

– Բերեք՝ չմեկնաբանեմ, մինչեւ կուսակցության որոշումը։ Կիրակի կհրապարակվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները, որից հետո հնգօրյա ժամկետում ավագանին պետք է նիստ հրավիրի, ու համայնքի ղեկավար ընտրվի։

Բայց ի՞նչ կա այդքան մտածելու, ով քանակապես ամենաշատ ձայնն է հավաքել, նրան էլ միացեք՝ հարգեք ալավերդցիների կամքը։

– Հիմա Դուք ինձ ուզում եք ուղղորդել։ Ձայների տարբերությունն ընդամենը 200 է։

Քի՞չ է։

– Ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, որ նայեմ՝ ով ավել է, իրեն աջակցեմ։ Պետք է ամեն ինչը ծանրութեթեւ անել։

Եթե ամենաշատ ձայն ստացածի հետ կոալիցիա կազմելու տրամաբանությունը չեք ընդունում, ուրեմն ընդունում եք ՔՊի հետ միավորվելու տրամաբանությունը։

– Ես ասում եմ՝ պետք է ծանրութեթեւ անել, բազմաթիվ հարցեր կան, կուսակցությունն է որոշելու։

Հաշվի է առնվելու ՀԱԿ առաջնորդի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ առկա անքակտելի կա՞պը, թե՞ պատերազմից հետո նրա հնչեցրած գնահատականը։

– Լավ, էլի, ի՜նչ անքակտելի կապ, չկա նման կապ, ո՞վ ասաց, որ Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ անքակտելի կապ կա։ Սա շատ ավելի ցածր հարց է, Դուք տանում հասցնում եք չգիտեմ ուր։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: