Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինքը ողորմելի վախկոտ է, ով ասում է, որ կապիտուլյացիան ճիշտ բան է

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, նշվում է ԱԻՄ-ի 35 ամյակը, ի՞նչ ուղերձ ունեք։

Հայ ժողովրդի կյանքում մեծագույն երևույթ էր Ազգային ինքնորոշում միավորման ստեղծումն իր «Անկախություն» թերթով։ Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ ԽՍՀՄ-ում ունեցավ առաջին քաղաքական այլընտրանքային ժողովրդավարական կազմակերպությունը։

44-օրյա պատերազմի մեկնարկից երկու տարի է անցել, պատերազմից հետո երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները պաշտպանական համակարգը պատշաճ չպատրաստեցին հաջորդ հարձակումներին։ Ի՞նչ վիճակում ենք։

Կարող եմ ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր պաշտպանական, անվտանգային համակարգը շատ վատ վիճակում էր, իրավիճակին անհամապատասխան՝ և հոգեբանական, և ռազմավարական խնդիրներով։ Մի բան, ինչի մասին անձամբ ես 10  տարուց ավելի խոսել եմ։ Մնացածը վերաբերում է պատերազմի ընթացքում, մեղմ ասած, բացթողումներին ու սխալներին, որոնց մասին շատ ենք խոսել։ Պատերազմական գործողություններին նախապատրաստվելն ու դրա ընթացքում իրականացվող գործողությունները բազմաշերտ են։ Խոսքը միայն զենքին չի վերաբերում, վերաբերում է նաև կազմակերպական, գաղափարական, ինչ-որ տեղ՝ նաև հոգեբանական, քարոզչական աշխատանքներին։ Եվ ամենակարևորը՝ Գլխավոր շտաբը պետք է տարբերակների փաթեթ ունենար, էլ չեմ խոսում այն մասին, որ զինվորական մասնագետները պետք է հակառակորդի զինատեսակները լավ ուսումնասիրած լինեին։ Դրական որևէ բան ասել ուղղակի հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի չակերտավոր զինադադարի վերաբերյալ հայտարարությանը, որը ոմանք փորձեցին ընկալել որպես խաղաղության նախաքայլ, այդպիսի ընկալումը բացարձակ անհեթեթություն էր։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ այն, ինչին ձգտում էին իշխանությունները, ոչ մի կապ չունի իրականության հետ։ Այսինքն՝ մարդկային կյանքեր փրկելու համար իբրև թե խաղաղություն էր հաստատվում։ Բայց ոչ այդ հաստատվող խաղաղության երաշխավորն էր բանի պետք, ոչ հետագայում Արցախում տեղակայված խաղաղապահները, ոչ հակառակորդն էր խոսքի տեր ու պատրաստ կանգ առնելու։ Ստացվեց, որ մենք ինչ-որ մեկի տգիտության, ապաշնորհության պատճառով չավարտված պատերազմի փուլում պարզապես առանց մարտական գործողությունների տվեցինք այն, ինչը թշնամին պատրաստ էր ունենալ տասնապատիկ ավելի զոհեր տալու գնով։ Կամ կերազեր, եթե տասնապատիկ զոհեր տալով՝ դա կարողանար ունենալ։

ԱԻՄ-ը շատ կարևոր է համարում պատմության ուսումնասիրությունը։ ԱԻՄ-ն ստեղծվելու պահից սկսեց «Անկախությունը» հրապարակել, որովհետև մենք հաշվի առանք այն, որ 1918 թվականին հայ ժողովուրդը նախապատրաստված չէր անկախությանը։ Ռազմական գործողությունների ժամանակ դու հաշվի ես առնում անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ 1920 թվականին, երբ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվեց, թուրքերը հասել էին մինչև Ալեքսանդրապոլ։ Բայց չէ՞ որ դրանից երկու տարի առաջ նրանք համարյա հասել էին Երևան՝ Էջմիածնի մատույցներում էին։ Այսինքն՝ ի՞նչ կարիք կար խուճապի մատնվելու, չէ՞ որ դու տեսել ես ավելի վատ վիճակ և կարողացել ես դիմակայել։ Հիմա նույն պատմությունը կրկնվել է, մենք տեսել ենք «Կոլցո» օպերացիա, տեսել ենք 1992 թվականի Շահումյանի և Մարտակերտի շրջանների հայաթափումը, և այդ բոլորը տեսած ու ապրած զինվորականները լավ գիտեն, որ դրան հաջորդեցին 1994 թվականի հաջողությունները, որովհետև քաղաքական կամք դրսևորվեց։ Եվ բացի այդ, այստեղ նաև համաշխարհային հանրությանը պատրաստելու հարց կար։ Սա շատ բազմաշերտ համակարգային հարց է, և այդ խնդիրներին անդրադառնալիս չես կարող չնշել ամենակարևորը, որ բարոյաքաղաքական, իրավական, միջազգային իրավունքի տեսանկյունից ունենալով հսկայական առավելություններ, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ առավելություններն ասպարեզում չլինեն՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից և նրա համախոհ մյուս անգրագետներից։ Նրանք երբեք չուզեցին ընդունել, որ Հայաստանը եղել է բռնազավթված։ Անկախության հանրաքվե անող իշխանությունները չուզեցին արձանագրել, որ մենք կախվածության մեջ էինք։ Իսկ եթե երկիրը կախվածության մեջ է, ուրեմն եղել է բռնազավթված։ Եթե երկիրը բռնազավթված է եղել, ապա նրա ներքին սահմանները հենց սկզբից արդեն դառնում են ապօրինի։ Բայց սրանք Երրորդ հանրապետություն սրիկա գաղափարն ասպարեզ իջեցրեցին։ Մեր գլխին հիմնական փորձանքները գաղափարական նահանջների պատճառով են տեղի ունենում։ Հենց սա կոչում ես Երրորդ հանրապետություն, նշանակում է՝ նախորդն էլ է եղել հանրապետություն, որը Երկրորդն էր, և դու բռնազավթումն օրինականցում ես։

Այսօր ի՞նչ հնարավորություններ եք տեսնում՝ ստեղծված իրավիճակում մեծ կորուստներ չունենալու համար։

Մենք լավ փոխանցումներ ենք ստանում աշխարհի տարբեր երկրներից, որոնցով նրբորեն ակնարկում են մարտահրավերները։ Բայց լիարժեք որևէ ուղերձ չենք ստանում, որովհետև մենք մեզ արժանապատիվ չենք դրսևորում։ Օրինակ՝ կոչ են անում վերադառնալ ելման դիրքեր, ո՞ր ելման դիրքերը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքնին խախտում էր ելման դիրքերը։ Եվ ուրեմն, երբ խոսում ենք ելման դիրքերի մասին, պետք է ասել՝ մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքերը։ Բայց Արևմուտքն այդ հարցում սկզբունքայնություն չի ցուցաբերում, ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը, իրենց պայմանավորվածությունների խախտումն ամբողջ խորությամբ չի ընկալում, որովհետև մենք ունենք լածիրակ իշխանություններ։ Ունենք իշխանություններ, որոնք որդեգրեցին դեռևս 100 տարի առաջ պատերազմը նախապատրաստած ռուսական կայսերապաշտության դիրքն արդարացնելու ուղեգիծ։ Եվ իրավիճակը եկավ հասավ նոյեմբերի 9-ին։ Երբ ես խոսում եմ նոր Սահմանադրության մասին, ասածս այն է, որ որևէ սրիկա կամայական որոշումներ ընդունելու իրավունքից զրկված կլիներ։ Նույնիսկ որևէ ազնիվ մարդ կամայական որոշումներ չէր կարող ընդունել, դա կլիներ քաղաքացիների վերահսկողության տակ։ Ես դեռևս 2015 թվականին ասել եմ՝ վաղը, երբ հայրենիքը մաս-մաս կկորցնեք, կհասկանաք, թե ես ինչո՞ւ էի այսքան ցավալի ընկալում բացարձակ ժողովրդավարության Սահմանադրության նախագծի վերաբերյալ ձեր քամահրական վերաբերմունքը։ Եթե դուք ինքներդ եք ձեր իրավունքներն ուրանում, օտարը, թշնամին ինչո՞ւ չպետք է ուրանա։

Այս զարգացումների ֆոնին, օրինակ, հարցազրույց է տալիս առաջին նախագահն ու հայտարարում, որ Հայաստանը կապիտուլյացիա պետք է ստորագրի։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Ինքը ողորմելի վախկոտ է, որովհետեւ լինելով գլխավոր հրամանատար՝ ինչ-որ ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց։ Սա բոլորը գիտեն։ Ողորմելի վախկոտին, խեղճ ու դժբախտ գյադային ինչպե՞ս կարելի է լուրջ լսել։ Դուք աշխարհում որևէ պետական գործիչ գիտե՞ք, ով կապիտուլյացիայի մասին հրապարակավ կխոսի, ով կասի, որ կապիտուլյացիան ճիշտ բան է։ Չկա այդպիսի բան։ Այսօր բանակցությունների ընթացքում խոսել կապիտուլյացիայի մասին, նշանակում է, որ դու նախ սխալ գնահատական ես տալիս նվաճողական գործողություններին, երկրորդ՝ ինքդ ընդհանրապես արժանապատվություն չունես։ Ամենասարսափելին այն է, որ հայության մեջ մարդիկ կան, ովքեր այս սրիկայությունն ընդունում են որպես ընկալելի տրամաբանություն։ Մարդ, ով պատերազմ է սկսել, իր սկսած պատերազմի առիթով հետո ասում է, որ պետք է կապիտուլյացիայի ենթարկվել, այդպիսի մարդը «կապիտուլյացիա» ասելուց հետո ինքնասպանություն է գործում՝ վստահ լինելով, որ իրեն կախելու են հրապարակում։