Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրաքում թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։  Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային։

«Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Լուրը հաստատվել է Իրաքյան Քուրդստանի տարածաշրջանային կառավարության անվտանգության ստորաբաժանումների կողմից:


Էրբիլից հեռարձակվող «Rudaw» կայքը, հայտնում է, որ առավոտյան ժամերին թիրախավորվել է Մոսուլի Բաշիք թաղամասում գտնվող և թուրքական զինված ուժերին պատկանող Զիլքան ռազմաբազան։ Ըստ այդմ՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնած իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը Թուրքիային անվանել է զավթիչ և հայտարարել, որ եթե Թուրքիան դուրս չգա Իրաքից, իրենք հարձակումներ են իրականացնելու նաև Թուրքիայի տարածքում։

Մոսուլից 12կմ հյուսիս գտնվող Բաշիք թաղամասի մոտ գտնվող ռազմաբազան կառուցվել է 2015թ.-ին և նախկինում ևս ենթակվել է հարձակման նույն կազմակերպության կողմից: