Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանագետ․ «Իսրայել-Իրան հարաբերություններն այս փուլում դժվար թե հանգեն խոշոր ռազմական բախման»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այս հարձակումը նորություն չէ։ Նախկինում եւս եղել են մի քանի նման հարձակումներ Իսրայելի կողմից։ Սա Իրան-Իսրայել մի քանի տասնամյակներ շարունակվող հակամարտության մի բաղադրիչն է, երբ կողմերը տարբեր միջոցներով միմյանց տարածքներում նմանատիպ գործողություններ են իրականացնում»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանն՝ անդրադառնալով հունվարի 29-ին Իրանի Սպահան քաղաքում տեղակայված Իրանի Զինված Ուժերի զենքի արտադրության զինապահեստարաններից մեկի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը։ Նա նշեց, որ իրանական կողմը մեղադրում է Իսրայելին, իսկ իսրայելական կողմն էլ գրեթե չհերքեց, լրատվամիջոցները նշվեցին, որ հնարավոր է այդ հարձակման թիկունքում Իսրայելն է կանգնած։

«Իրանական ՀՕՊ-ը կարողացավ կասեցնել հարձակումը, քիչ վնասներ եղան այդ ռազմական օբյեկտում։ Այս հարձակումն իր արդյունավետությամբ Իսրայելի կատարած գործողություններից լավագույնը չէր։ Ուղղակի բավականին լուրջ մեդիա հարձակում տեղի ունեցավ Իրանի նկատմամբ։ Առաջին րոպեներին շատ մեծ ծավալի տեղեկատվություն կար տարբեր աղբյուրներից, նույնիսկ ֆեյք լուրեր կային Իրանի նկատմամբ ռազմական օպերացիա սկսելու եւ այլնի մասին։։ Իրականում, զարմանալի բան չկա։ Իրանին թշնամական կողմերը խնդիր են դրել Իրանի բնակչության շրջանում բորբոքել պետության դեմ որոշակի տրամադրություններ, նաեւ՝ անվտանգության հետ կապված»,-ասաց Միսակյանը։

Մեր հարցին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավածությունն ինչպիսին է, քանի որ Ադրբեջանը հայտարարել է, որ դադարեցնում է Իրանում դեսպանատան աշխատանքները, Միսակյանը պատասխանեց՝ լարվածությունը խորքային պատճառներ ունի՝ Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում, հակաիրանական գործողություններ․«Թուրքական ներկայությունը, որն ամեն կերպ իր հովանավորությունն Ադրբեջանին հայտնելով՝ փորձում է նաեւ Ադրբեջանին մղել որոշակի հակաիրանական գործողությունների։ Եւ ամենակարեւորը՝ Հայաստանի շուրջ իրավիճակը, որը նույնպես Իրան-Ադրբեջան հարաբերությունների խաթարման գործոններից մեկն է։ Սյունիքի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, եւ ընդհանրապես, Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության հետ կապված Իրանի դիրքորոշումը այդ պետությունների հարաբերությունների խաթարման խնդիրներից մեկն է։ Իսկ Թուրքիան ներգրավված է որպես մեծ եղբոր դերակատար։ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո առաջին արձագանքողներից էր Թուրքիան, նա ամեն հարմար պահի հայտարարում է, որ Ադրբեջանի կողքին է, մշտապես այդ պետությանն ուղղորդում է որոշակի վստահությամբ հակաիրանական գործողություններ իրականացնելուն»։

Մեր հարցին՝ ինչ զարգացումներ կարող են լինել, եւ որքանով է այս լարված իրավիճակը սպառնում Հայաստանի հանրապետությանը, իրանագետը պատասխանեց՝ Ադրբեջան-Իրան հակասությունները հնարավոր են նաեւ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա․« Իրան- Ադրբեջան հարաբերությունները աննախադեպ լարված են ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ քաղաքական իմաստով։ Հայաստանը կարող է գրեթե ցանկացած ոլորտում, այդ թվում՝ լուրջ հակաադրբեջանական գործողությունների, Իրանի հետ համագործակցություն ծավալել, եւ նաեւ լրացնել այն բացը, որն առաջանում է Իրանի համար հատկապես Կովկասում, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները վատ են եւ Կովկասում միակ պետությունը, որը քիչ, թե շատ դաշնակցային կամ կարելի է ասել՝ լավ հարաբերություն ունի, Հայաստանն է»։

Իրանագետի խոսքով՝ որքան ավելի վատ ընթանան Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որքան վտանգավոր հարթության հասնեն դրանք, Հայաստանի համար խաղալու մեծ հնարավորություն կտան։

« Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացումից մեզ համար այդքան մեծ վտանգ չկա։ Իսկ Իսրայել-Իրան հարաբերությունները չեմ կարծում, որ այս փուլում հանգեն խոշոր ռազմական բախման, քանի որ նախկինում էլ եղել են է՛լ ավելի լարված հարաբերություններ։ Ուղղակի այս փուլում կարող է լինեն Իսրայելի կամ այլ պետությունների կողմից նմանատիպ հարձակումների հաճախակիացումներ Իրանում հասարակական դժգոհություններ հրահրելու համար։ Չեմ կարծում, որ Հայաստանի համար ինչ-որ շատ մեծ վտանգներ է պարունակում այս ամենը, քանի որ հենց մեր պետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն ինքնին բավականին վտանգավոր է, եւ մտածել, որ Իրանում Հայաստանի համար վտանգավոր զարգացումներ կլինեն, չեմ կարծում»,-ասաց Գարիկ Միսակյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ