Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը չի «հիշել» Բաքվի մասին

«Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման իրանա-ռուսական համատեղ նախագծի իրականացումը կարող է տեւել ավելի քան երեք տարի, հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյմանփակը։ Բաքվի լրատվամիջոցները նկատում են, որ «նա մոռացել է նշել Ադրբեջանի մասին»։

Հիշեցնենք, որ երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածը վերջին հատվածն է, որն անհրաժեշտ է Ռուսաստան-Իրան Հյուսիս-Հարավ երկաթուղային գծի գործարկման համար: Իրանը երկար տարիներ հրաժարվում է ճանապարհի փոքր հատվածի կառուցումից։ «Մոսկվան և Թեհրանը երկակի խաղ են խաղում. նրանք հրապարակային կոչ են անում Բաքվին արագացնել «Հյուսիս-Հարավ» երկաթուղային երթուղու գործարկումը, իսկ մասնավոր զրույցներում քննարկում են միայն ծովային փոխադրումները, որոնց հետ Ադրբեջանը կապ չունի»,- գրում են Բաքվի լրատվամիջոցները։

Իրանը Ռուսաստանի հետ Ռեշտ-Աստարա ճանապարհը քննարկելիս Բաքվի մասին անգամ չի հիշատակում։ Իրանում «երկու Ադրբեջանների» վերաբերյալ «քննարկումները» լուծվել են պարզ ձևով՝ եթե դրանք պետք է միավորվեն, ապա միայն՝ իրանական պետության շրջանակներում։

Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ Իրանը, փաստորեն, հրաժարվում է Բաքվով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային կապից՝ նախընտրելով ծովային ճանապարհը։

Բաքուն Թուրքիայի հետ զորավարժություն է անցկացնում Իրանի հետ սահմանակից Աստարայում, Իմիշլիում և օկուպացված հայկական Ջրականում։ Զորքերը Արաքսի վրայով կամուրջ են տեղադրում և դրա վրայով ծանր տեխնիկա տեղափոխում Իրանի ափ: Այս գործընթացին հետեւելու համար ժամանել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի ղեկավարը։

Իրանը որոշել է «չնկատել» այս զորավարժությունները իր հազարամյա պատմության ու իրավունքի բարձունքից։