Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի ընդդիմությունը հայտարարել է եռօրյա անհնազանդություն․ մեր հարևան և բարեկամ երկիրն ապրում է բախտորոշ օրեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

69 տարի առաջ այս օրը Թեհրանի համալսարանի ուսանողները բողոքի ցույց կատարեցին ընդդեմ Մոհամմեդ Ռեզա արքայի, նրա պաշտոնական հյուր՝ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի և իրանա-բրիտանական կապերի վերականգնման դեմ։ Դա 1953 թվականի նշանավոր հեղաշրջման, ԱՄՆ-Բրիտանիա տանդեմի օգնությամբ վարչապետ Մոսադեղի տապալման և շահի վերադարձի հաջորդող ամիսներն էին։ Ցույցերի ընթացքում ոստիկանությունը դիմեց բռնության և արդյունքում զոհվեց երեք ուսանող։ Այդ օրը Իրանում հայտարարված է «Ուսանողի Օր» և ամեն տարի միջոցառումներ են կազմակերպվում։

Իրանի ազգային ուժերը, ձախերը և իսլամականներն այս դեպքը միշտ էլ մեկնաբանել են յուրովի և փորձել են ծառայեցնել իրենց շահերին։ Այս տարի ուսանողների մեծարման օրը զուգադիպել է Իրանի շարունակվող զանգվածային ցույցերին և սպասվում են համապետական և ընդդիմության նոր միջոցառումներ։ Ընդդիմությունը հայտարարել է եռօրյա անհնազանդության օրեր․ մի շարք խանութներ, շուկաներ, բարձրագույն ուսման հաստատություններ ու համքարություններ միացել են գործադուլին և դասադուլին։

Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո (փետրվար 1979) այդ երկրում միշտ էլ ցույցեր ու հավաքներ եղել են՝ մասամբ խաղաղ, մասամբ էլ արյունալի, բայց այս ամիսների ցույցերն իրենց շարունակականությամբ աննախընթաց են։ Վերջին ցույցերի հավանական զոհերի մասին տարբեր թվեր են հրապարակվել․ Իրանի Անվտանգության Խորհուրդը հայտարարել է երկու հարյուր զոհի մասին՝ տարանջատելով իրավապահներին, պատահական անցորդներին և ցուցարարներին։ Զինվորական բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է երեք հարյուր զոհի մասին, իսկ իրավապաշտպանները հայտնում են հինգ հարյուր զոհի մասին։

Իրանի Իսլամական Պետությունը դիմագրավում է բազում ներքին ու արտաքին դժվարություններ․ դեռևս լուծված չեն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ բարդ հարաբերությունները, շարունակվում են ծանր պատժամիջոցները, տնտեսությունն անկում է ապրում և շատ են մասսաների սոցիալական դժգոհությունները։ Դրան գումարվում են մտավորականության, երիտասարդության, ուսանողներին, կանանց, աշխատավորներին ու էթնոդավանական խմբերին հուզող հարցերը։ Չլուծված այդ հարցերը պարարտ հող են ստեղծում նաև Իրանի հանդեպ ոչ բարեկամական տրամադրություն ունեցող երկրների համար, որոնք հովանավորում են Իրանի ներքին խժդժությունները։

Իրանում ապրում են տարբեր ժողովուրդներ ու էթնոսներ․երկրի պաշտոնական դավանանքը իսլամի շիա ճյուղն է։ Իրանն ունի նաև միլիոնավոր քաղաքացիներ, որոնք հարում են իսլամի սուննի դավանանքին․ նրանք հիմնականում բնակվում են սահմանամերձ նահանգներում՝ Քուրդստան, Խուզիստան, Բալուչեստան և զրկված են մի շարք իրավունքներից։ Որպես օրինակ՝ երկրի Սահմանադրությունը պահանջում է, որ Իրանի առաջնորդն ու նախագահը ընտրվեն միայն շիաներից՝ այն էլ տղամարդ։ Երկիրը չունի որևէ սուննի, զրադաշտական, քրիստոնյա կամ մովսիսական նախարար, նահանգապետ, դեսպան կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա։ Լարվածություն կա նաև թուրքախոս նահանգներում․ նրանք թեկուզ շիա են և երկրում բարձր դիրքերի են հասել (նախարար, նահանգապետ, գեներալ, դատավոր, դեսպան), բայց նրանցից մի շերտ ազդվում է ադրբեջանա-թուրքական քարոզչությունից և պայքար է մղում իշխանությունների դեմ։

Երկրի մի շարք սուննի կրոնապետեր երկրի առաջնորդ պրն Խամենեիին խնդրել են հանրաքվե անց կացնել և վերանայել Սահմանադրության մի շարք դրույթներ։ Այդ կոչին են միացել նաև որոշ շիա հոգևորականներ և հատկապես ազդեցիկ կրոնապետ հանգուցյալ Մոնթազերիի գրասենյակը․ Մոնթազերին ժամանակին համարվում էր Իմամ Խոմեյնիի տեղապահը։ Հոգևորականների միջև եղած տարաձայնությունն ավելի է անհանգստացնում երկրի գործող առաջնորդին։ Վերջերս դիտմամբ թե պատահմամբ քողազերծվեց իշխանություններին հարող «Ֆարս» գործակալության գաղտնի և ընդարձակ զեկուցագիրը, որտեղ պրն Խամենեիի անունից ասվում է, որ նա դժգոհ է երկրի Անվտանգության խորհրդից և մի շարք այլ պետական կառույցներից, որոնք այս ցույցերի օրերին անգործություն են դրսևորել և իրավապահներին ըստ անհրաժեշտության չեն հովանավորել։

Կալանվել է նաև այդ իշխանամետ մամուլի գլխավոր խմբագիրը։ Առաջնորդի ենթադրյալ զայրույթից հետո էր, որ նախագահը այցելեց Քուրդիստան նահանգի կենտրոն՝ Սանանդաջ, իսկ Անվտանգության Խորհրդի քարտուղարն ավելի ակտիվացավ։ Երեկ էլ Դատական Ատյանի խոսնակն հայտարարեց, որ Քարաջ քաղաքում պետությանն աջակցող աշխարհազորայինին սպանած ցուցարարներից հինգը մահվան են դատապարտվել։

Մեր հարևան և բարեկամ երկիրը ապրում է բախտորոշ օրեր։ Այլևս հնարավոր չէ ազգային կամ կրոնական առանձնահատկության քողի տակ միջազգային ընդունված կանոնները շրջանցել։ Իրանում մեծացել է մի սերունդ, որն անգամ իսլամական հեղափոխությունը չի տեսել․ նրանց դժվար է հեռու պահել քաղաքակիրթ ընտրությունների, խոսքի ազատության, բազմակարծության, բազմակուսակցականության, կանանց ազատությունների, ձեռներեցության, ազատ ստեղծագործելու, ազատ մամուլի, ազատ ինտերնետի և ազատ հաղորդակցվելու պահանջներից։

Իմ կարծիքով, անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ։

Տիգրան Դավուդյան