Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի իսլամական հեղափոխությունն ու իրանահայերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանը 1970-ական թվականներին համարվում էր զարգացող երկիր, տարածաշրջանում պատկառելի և հարուստ ուժ էր, սերտորեն համագործակցում էր արևմուտքի հետ և ամուր պատվար էր դեպի հարավ իջնելու հավակնություն ունեցող Խորհրդային Միության դեմ։ Երկրում իշխում էր «Փահլավի» դինաստիայի Մոհամմեդ Ռեզա արքայի բռնատիրությունը․ նա Իրանի Ատրպատական և Քյուրդստան (Մահաբադ) նահանգներում պրոսովետ հանրապետություններ կյանքի կոչվելու դառը փորձը նկատի ունենալով (1945-1946 թթ․), ակնարկելով Խ․ Միության հանրապետությունների անվան (-ստան) վերջածանցին, միշտ կրկնում էր․ «Չի թողնելու, որ Իրանը Իրանստան դառնա»։ Երկրի ներսում տիրում էր դասակարգային խիստ տարբերություն՝ ահավոր չափերի կոռուպցիա, իսկ ընդդիմախոսները հալածվում էին դաժանորեն․ նրանց սպասվում էին խիստ կտտանքներ և արևելյան զնդանների մահաբեր պայմաններ։ Իրանում ապրում էր հայկական մեծ համայնք, որն ուներ մշակութային լայն ազատություններ՝ դպրոց, եկեղեցի, մամուլ, ակումբ։

Արքան թեև նավթային առատ եկամուտների շնորհիվ արագորեն իրագործում էր սոցիալական մեծ ու հավակնոտ ծրագրեր, բայց երկրում ահագնում էր դասակարգային վիհը, և դա  արտացոլվում էր նաև հայության շարքերում։ Մեծ հայրենադարձության (1946-1948 թթ․) հանկարծակի կերպով կանգ առնելու պատճառով, հատկապես Թեհրանում հավաքվել էին գյուղաբնակ շրջանների կարիքավոր հայեր, որոնք դեռ իրենց մեջքը չէին շտկել և սոցիալապես անապահով վիճակում էին գտնվում։ Հայերի շարքում կային իշխանամետ և ընդդիմադիր ուժերին հարող անհատներ։ Ընդդիմադիր ուժերը հիմնականում ձախակողմյան ուժեր էին և կամ՝ իսլամիստներ։ Թագավորական վարչակարգից դժգոհ հայերը հասկանալի պատճառով համակրում էին ոչ իսլամ ուժերին՝ հիմնականում Իրանի «Թուդե» (Կոմունիստական) կուսակցության, հետագայում նաև «Ֆեդայի», «Փեյքար» կամ նմանատիպ ձախակողմյան խմբերին։ Նրանք այդ ճանապարհին տվեցին նաև մեծ թվով բանտարկյալներ և զոհեր․ զոհերից առավել հայտնի են Վարդան Սալախյանը և Մարտիկ Ղազարյանը։

Հայկական համայնքային կառույցների (ազգային առաջնորդարան, եկեղեցի, միություն) շուրջ հավաքված ուժերը առավելապես համակրում էին ՀՅԴ կուսակցության․ նրանք դեռ Սառը պատերազմի քարոզչության ազդեցության տակ հիմնականում արևմտամետ էին և հավանություն էին տալիս Մոհամմեդ Ռեզա արքայի քաղաքականության։ Համայնքում աշխատում էր նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մասնաճյուղը, բայց այդ ժամանակաշրջանում Իրանում հնչակներ ու ռամկավարներր չկային։

Ահա այս պայմաններում իրանահայերը նկատում են շահական կարգերի թուլացումը և իսլամական հեղափոխության ոտնաձայնը։ Մեծահարուստ և պետական բարձր պաշտոն զբաղեցնող հայերը (Խորհրդարանի և Սենատի անդամներ, գործարարներ ․․․) փախչում են երկրից, իսկ մի խումբ հայեր ավելի ակտիվ կերպով մասնակցում են վարչակարգի դեմ պայքարին․ այստեղ ևս ունենում ենք զոհեր, տուժածներ ու վիրավորներ։ Հայերի համայնքային կառույցները գտնվում էին անելանելի վիճակում, այնտեղ ևս տեղի էին ունեցել փոփոխություններ և վարչակարգի հետ համագործակցած առաջին դեմքերը հետին պլան էին մղվել՝ կամ էլ երկրից գնացել էին։ Նրանք ունեին երկընտրանք․ ողջունել ժողովրդական լայն մասսաների շարժումը, թե՞ հավատարիմ մնալ աթոռը երերացող թագավորին։ Ինչպե՞ս կարելի է թեկուզ թուլացած կարգերի պայմաններում հավատարմություն հայտնել հեղափոխական ուժերին և նրանց առաջնորդին, որը պատրաստվում էր աքսորից տուն վերադառնալ։

Համայնքային պատասխանատուները գտան ելքը և արքայի երկիրը թողնելու որոշումից երեք օր հետո՝ 19 հունվարի 1979 թվականին, թեհրանաբնակ հայերի մի ստվար խումբ քահանաների գլխավորությամբ մասնակցեցին «Առբային» սգատոնի նշանավոր ցույցին։ Հայերի մասնակցությունը մեծ արձագանք գտավ իսլամ զանգվածների ու հեղափոխական շրջանակների մոտ։ Դրանից հետո հայ հոգևորականները մասնակցեցին տարագիր առաջնորդ՝ Իմամ Խոմեյնիի դիմավորման հանդիսավոր արարողությանը (01 փետրվարի 1979)։ Հեղափոխությունը հաղթանակեց 11 փետրվարի 1979 թվականին․ դրանից հետո էլ հայկական մի մեծ պատվիրակություն կրոնական Ղոմ քաղաքում հանդիպեց Իմամ Խոմեյնիին։ Հեղափոխության առաջնորդը այդ հանդիպման ակնարկեց, որ ինքը հայության գիտի դեռ իր ծննդավայրի հարևաններից, տպավորված է հայության հավատքից ու աշխատասիրությունից։ Նա շեշտեց, որ Իսլամական Իրանում կերաշխավորվեն հայ համայնքի բոլոր իրավունքները։

Երկրի նոր Սահմանադրության մշակման համար ընտրվեց «Խոբրեգան» (Բանիմացների, Սահմանադիր) ժողով․ հայերի համար հատկացված էր մեկ տեղ և համայնքի կողմից ընտրվեց դաշնակցական Հրայր Խալաթյանը: Խալաթյանն այս կարևոր ժողովում ունեցավ ձեռքբերումներ. Իրանի Սահմանադրական շարժումից ի վեր (1906 թ.) կրոնական փոքրամասնությունները միշտ չորս պատգամավոր են ունեցել Իրանի խորհրդարանում (մեկ զրադաշտական, մեկ մովսիսական, երկու քրիստոնյա): Երկու քրիստոնյաներից մեկն ընտրվում էր հայերից, իսկ մյուսը մերթ ընդ մերթ հայերից կամ ասորի քաղդեականներից:

Խալաթյանի ջանքերի և իսլամ հոգևորականների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ ապագա խորհրդարաններում հինգ տեղ հատկացվեց երկրի կրոնական փոքրամասնություններին. քրիստոնյաների մանդատն ավելացավ մեկով` երկու հայ և մեկ ասորի:

ԻԻՀ-ի Սահմանադրության 13-րդ, 14-րդ, 15-րդ և 64-րդ հոդվածները վերաբերում են երկրի կրոնական փոքրամասնություններին․ երաշխավորվում է նրանց իրավունքները, պետական լեզվի կողքին մայրենի լեզվի դասավանդումը, ծիսական և ժառանգական արտոնությունները և խորհրդարանում առանձին պատգամավոր ունենալու իրավունքը:

Հրայր Խալաթյանը և Հրաչ Խաչատրյանն ընտրվեցին ԻԻՀ-ի առաջին խորհրդարանի պատգամավորներ, հետո նրանց հերթաբար փոխարինեցին Վարդան Վարդանյանը, Արտավազդ Բաղումյանը, Լևոն Դավթյանը, Գևորգ Վարդանյանը, Ռոբերտ Բեգլարյանը, Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը, իսկ գործող խորհրդարանի հայ անդամներն են Արա Շահվերդյանն ու Ռոբերտ Բեգլարյանը:

Իրանահայ պետական և համայնքային գործիչները միշտ աշխատել են հայերի ներկայությունն ապահովել նաև երկրի գործադիր և դատական ուժերում, որը դեռևս շոշափելի արդյունք չի տվել։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ