Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը կարո՞ղ է պատերազմի վերածվել. մեկնաբանում է իրանագետը

Շաբաթ գիշերը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իրանի տարածքում ռազմական օբյեկտներ են խոցվել, աշխատել է հակօդային պաշտպանությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել:

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ:

-Պարո՛ն Տոնոյան, ի՞նչ եք կարծում, Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը կարո՞ղ է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել:

-Իրանն աշխատում է հնարավորինս չներքաշվել պատերազմի մեջ: Նման լարվածություն եղել է նաև 2010-ականներին սկզբին, բայց, այնուամենայնիվ, այդ ժամանակ էլ պատերազմի չվերաճեց: Նույնն էլ հիմա՝ Իրանը կանգնած է մարտահրավերների առջև, բայց, չեմ կարծում, որ հավանականությունը մեծ է լայնածավալ պատերազմի, հատկապես, որ մինչ այս պահը դեռ վերջնականապես պարզ էլ չէ, թե ո՞ր երկիրն է իրականացրել այդ հարձակումը: Իհարկե, ամենաշատը խոսվում է Իսրայելի մասին, բայց վերջնակապես հաստատված չէ այս տեսակետը:

-Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով լարվում է, ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի չվերածվի ռազմական գործողությունների պլացդարմի, ի՞նչ քաղաքականություն մենք պետք է վարենք:

-Ցանկացած պատերազմ, որը կլինի Հայաստանի սահմանին, դա լրջագույն մարտահրավեր է մեզ համար: Այն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի հարևանությամբ գտնվող ցանկացած պետության համար, առաջանալու է փախստականների խնդիր, միգրանտների ներհոսք և այլն: Պետությունն ինքը պետք է նման պարագայում անցնի ճգնաժամային կառավարման և կարողանա իրավիճակը կառավարել:

Գործողությունների համալիր ծրագիր է պետք ՝ թե՛ անվտանգության ապահովման, թե՛ հումանիտար խնդիրների մասով: Այսինքն՝ հարցը միայն մեզ չի վերաբերվում, բոլոր հարևաններն էլ նման խնդիրների բախվելու են ռազմական գործողությունների դեպքում:

Քրիստինա Մուշեղյան