Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իրավիճակը լարվելու է․ Հայաստանի համար լուրջ փորձության շրջան է սկսվելու»․ ցույց Գյումրու ռազմաբազայի մոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն այսօր կրկին ցույց անցկացրեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ: Նրանք ելույթներ ունեցան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ չմոտենալով ռազմաբազային։
102-րդ ռազմաբազայի դիմաց  մեծ թվով ոստիկանական մեքենաներ էին շարված, թեև ռազմաբազայի մուտքը հսկող ոստիկանների քանակը քիչ էր։

Ցուցարարներից շատերը մայրաքաղաքից Գյումրի եկան մեծ ավտոբուսներով։ Նրանց պահանջը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է, ռուս խաղաղապահ ուժերի հեռացումը, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Բևեռի ներկայացուցիչները վելուծեցին  տարածաշրջանում կատարվող իրադարձությունները, անդրադարձ կատարեցին Իրանի  վրա գիշերը տեղի ունեցած հարձակումներին, ռուս-ուկրաինական պատերազմի ելքին։ Համոզմունք հնչեցրեցին, որ պուտինյան ռեժիմը տապալվելու է։

Նրանք բացականչում էին «Ազատ, անկախ Հայաստան», « ՀԱՊԿ-ից դուրս», «Արցախը Հայաստան է և վերջ»։

Գարեգին Չուգասզյանը իր խոսքում ասաց․ «Հատկապես այս գիշեր Իրանում տեղի ունեցած դեպքերը խոսում են այն մասին, որ մեր կանխատեսումը, թե 2023 թվականը  լինելու է նոր աշխարհակարգի հետ կապված լուրջ փոփոխությունների տարի, ևս մեկ անգամ ապացուցվեց։ Բնականաբար, այդ պայմաններում երկու կարևորագույն հանգամանք կա․ առաջինը՝ մեր ժողովրդի հոգեբանական պատրաստության հարցն է դեպքերի այն զարգացումներին, որոնք կարող են լինել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ, մեր տարածաշրջանում, հատկապես մեր հարևան երկրներում»։

Նա ասաց, որ Իրանը մեր բնական դաշնակիցն է և այնտեղ  քաղաքական ինչ  փոփոխություն էլ  լինի՝ ժողովրդի մեծամասնությունը Ադրբեջանին ընկալելու է որպես գոյաբանական սպառնալիք Իրանի գոյության համար։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում Հայաստանը տարածաշրջանում մենակ  չի լինելու։

Բանախոսն անդրադարձավ Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին՝ չբացառելով, որ դրանից հետո Թուրքիայում ևս սկսվի անկայունություն։

«Արդեն տեսնում ենք, թե Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հետ կապված ինչ լրջագույն մարտահրավերներ են առաջացել Թուրքիայի համար հենց ՆԱՏՕ-ի կազմում մնալու համար, դժվար է ասել, թե դա երբ տեղի կունենա, բայց էն, որ ՆԱՏՕ-ի մեջ բաժանարար գծեր են առաջանում և շատ հնարավոր է՝ անսպասելի  զարգացումներ»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։ Այս ամենը բանախոսը որակեց որպես  հայ ժողովրդի  համար քաղաքական ու ռազմական հնարավորություն, սակայն նշեց, որ մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունը պիտի բարձրանա։

Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին, նշեց, որ իրավիճակը լարվելու է։

«Լարվելու է իրավիճակը և առաջիկա շաբաթները հատկապես մեր Հայաստանի համար շատ լուրջ փորձության շրջան է։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը ոչ թե կաթվածահար լինի այս ամենօրյա անորոշություններից, այլ պատրաստ լինի արտակարգ իրավիճակներում սեփական սրտին լսելու, սեփական շահերով առաջնորդվելու և հասկանալու, որ այս վերջին տարիները ապացուցել են արդեն, թե որ ռեժիմներն են մեզ թշնամի և որոնք են մեր բնական դաշնակիցները։
Այն իրադարձությունները, որոնք մենք տեսանք Եվրոպայում վերջին շաբաթվա ընթացքում հստակ խոսում է այն մասին, որ  հինգերորդ շարասյան առասպելը, թե Հայաստանը մենակ է, ոչ մեկին  չի հետաքրքրում, այդպես չէ։

Ապացուցվեց, որ շատ լուրջ աշխարհաքաղաքական ուժեր արդեն իսկ քայլերն են անում, որովհետև  եվրոպական դիտորդներին Հայաստան գործուղելու որոշումը կարևորագույն իրադարձություն է զսպելու համար թուրք-ռուսական ախորժակները Հայաստանում։

Իհարկե, անհրաժեշտ պայման է, բայց բավարար պայման չէ մեր անվտանգության համար, և առաջին բավարար պայմանը դա մեր ժողովրդի պատրաստակամությունն է դիմագրավելու ինչ  փորձանք որ լինի»։

Գարեգին Չուգասզյանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանը եթե անգամ ցանկանա, ի վիճակի չէ հնարավորություն չունի մեր անվտանգության հարցը լուծելու։

«Մենք պիտի պատկերացնենք այդ պահը, որ ռուսական զորքեր չկան Հայաստանում, ինչ պիտի անի հայ ժողովուրդը, այլընտրանք պիտի ունենա, թե ոչ։ Իհարկե, պետք է ունենա, և այդ այլընտրանքը մենք արդեն տեսնում ենք, ուրիշ հնարավորություն չունենք բացի մեր դիմադրությունն ուժեղացնելու և բնական դաշնակիցների՝ մեզ ուղղված ձեռքերը սեղմելու»։

Ելույթ ունեցավ Արսենի Սախորով անունով մի ռուս, որը վաղուց  տեղափոխվել է Ուկրաինա բնակության։

Հյուրն  ասաց, որ հավաքվել են Գյումրիում, որպեսզի պայքար մղեն ռուսական օկուպացիայի դեմ, որը տեռորի է ենթարկում Ուկրաինան, Հայաստանը և բոլոր այն երկրներին, որոնք անկախություն ու ազատություն են ուզում։

Բանախոսը հիշեցրեց,  որ ռուսական զորքերը 11 ամիս է՝ ոչնչացնում են Ուկրաինան։
Նրա ելույթից հետո ցուցարարները բացականչեցին «Փա՜ռք Ուկրաինային»։

Վահե Գասպարյանը հարկ համարեց պարզաբանելու, որ Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային զենք չի վաճառել, այս մասին հայտնել է նաև Վոլոդիմիր Զելենսկու խորհրդականը, և որ այդ սուտը տարածում են ռուսաստրուկները, ռուսաճորտերը։ Այսպիսով, ըստ նրա, փորձում են սեպ խրել Հայաստանի և Ուկրաինայի միջև, արհեստական տարաձայնություններ ստեղծել։

«Մենք բոլորս մղում ենք մեկ պայքար՝ ազատագրական պայքար, ազատագրվում է Ուկրաինան, ազատագրվում է Հայաստանը՝ Արցախը ներառյալ»,- ասաց Վահե Գասպարյանը։

Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդն ինքնորոշվել է 1918 թվականի մայիսի 28-ին և այն ճանաչվել է աշխարհի կողմից։ ԱԺԲ-ի ներկայացուցիչները հանդես եկան Արամ Մանուկյանի, Նժդեհի անունից, հայտարարեցին, որ հայկական ռևանշը մոտենում է, Նիկոլ Փաշինյանն էլ պիտի պատրաստվի հայկական Նյուրնբերգին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ