Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանության ճյուղերի տարանջատում կա միայն նախագահական հանրապետություններում։ Սրանք զբաղված են դատարկաբանությամբ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր որոշել է, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցում չի լինելու, ինչպե՞ս եք գնահատում սա։

Սահմանադրական բարեփոխումների նպատակով պետք է կարդալ միջազգային փաստաթղթերը, ի վերջո սա գիտություն է, լակոտանոց չէ։ Սահմանադրությունն ունի առաքելություն, և որևէ փոփոխություն կատարվում է այդ առաքելությունը ճիշտ կիրառելու համար։ Որպես կանոն՝ ամբողջ աշխարհում իշխանակիրներն ավելի շատ շահագրգռված են ընտրվելու հնարավորություններն ընդլայնելու և այդ իշխանությունը հարմարավետ օգտագործելու նպատակադրումներով, ոչ թե Սահմանադրության հիմնական առաքելությամբ։ Սահմանադրության առանցքում պիտի լինի քաղաքացին։ Խորհրդարանական համակարգը նախագահական կամ կիսանախագահական համակարգերից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը՝ խորհրդարանի ընտրած վարչապե՞տը, թե ժողովրդի ընտրած նախագահը: Այսինքն՝ մի դեպքում ժողովուրդն է ընտրում գործադիրի ղեկավարին, մյուս դեպքում՝ պառլամենտը։ Այսինքն՝ խորհրդարանականի դեպքում ժողովրդին արտամղում ես, միջնորդավորված կառույց ես դնում, դա արդեն ժողովրդավարության նվազում է նշանակում։ Սա այն խնդիրն է, որից ապագայում կախված է մեր ամեն ինչը։ Քաղաքակիրթ աշխարհը բարձրագույն արժեք է ազդարարում ժողովրդավարությունը, և համաշխարհային տարբեր հզոր պետությունների ղեկավարների կողմից հնչեցվում է միտք, որ, օրինակ, այսօր Ուրկրաինայում պայքարում են բռնապետությունն ու ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդավարությունը գլխավոր արժեքն է։ Եվ այդ պայմաններում Հայաստանում կա մեկը, ով հրաշքով գտել է մի լուծում՝ բացարձակ ժողովրդավարության համակարգը, որն ամբողջ աշխարհի համար է նորամուծություն, և դա անտեսելու փորձը շատ վատ բան է։ Հայաստանի նկատմամբ ընկալումը փոխելու տեսանկյունից է իմ նախագիծը կարևոր, շատ կարևոր է, թե ինչպես է աշխարհը վերաբերվում քեզ։ Սրանք դա արհամարհում են, որովհետև իրենց երեխաներին էլ չեն սիրում։ Անասունն անգամ մտածում է իր երեխայի մասին, բայց սրանք անասունի բնազդ էլ չունեն, չեմ ասում՝ խելքը։

Ի՞նչ արձանագրեցինք Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման պայմաններում, այս տարիներին շատ է քննարկվել հարցը, որ փաստացի սուպերվարչապետական համակարգ է ստեղծված, չկա իշխանության թևերի հավասարակշռում։

Սա ամենաահավոր բանն է, որը ժամանակակից աշխարհում հնարավոր է ունենալ։ Այսպիսի Սահմանադրություն աշխահում չկա, որտեղ օգտագործվի և «համամասնական», և «ներկայացուցչական կառույց» ձևակերպումները, բայց այդ երկուսի հետ էլ Ազգային ժողովը կապ չունենա։ Եթե նայում ենք մեր պատմությանը, մենք անցյալ դարի 1922 թվականին ունեինք իշխանություններ, որոնք խոսում էին նոր Սահմանադրության մասին՝ հասկանալով, որ խորհրդարանականը լավը չէ։ Եվ այդ խորհրդարանական համակարգով մենք թուրքերին էլ պարտվեցինք, բոլշևիկների առջև էլ դռները բացեցինք։ Թվում է, թե խորհրդարանը ներկայացուցչական կառույց է, բայց հակակաշիռ չկա։ Ամերիկյան սահմանադրագետ Շվարցը մի խումբ մասնագետների առաջ ասաց՝ վերջ տվեք դատարկաբանություններին, իշխանության ճյուղերի տարանջատում կա միայն նախագահական հանրապետություններում։ Հիմա սրանք բոլորն զբաղված են դատարկաբանությամբ։

Հայաստանում Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հիմքում պետք է լինի միայն մեկ բան՝ մարդն է երկրի տերը, և այդ մարդու իրավունքները ընդլայնում ենք։ Նրանք, ովքեր վախենում են, որ իրավունքների ընդլայնմամբ պարտականությունները կարող են նվազել, նրանք պարզապես մեկ քայլանի մտածողներ են։ Եթե դու գործը վստահում ես մարդուն, ունենում ես աշխարհի ամենալավ Սահմանադրությունը։ Հրաշքով ես գտել եմ այդ ճանապարհը, այսօր ասում եմ՝ եկեք և մեր երկիրը բազմակողմանի հզորացնենք, քաղաքացուն արժևորենք, Հայաստանը դարձնենք բոլոր հայերի համար ցանկալի երկիր, և միաժանամակ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունենանք։ Բայց այս մարդիկ չեն ուզում։ Ես նախկինում գլխավորել եմ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, առաջին բարեփոխումները ես եմ նախաձեռնել, ինչքան բթամիտ ու ստոր պետք է լինես, որ այդ բոլորը փորձես անտեսել։ Նույնիսկ, երբ չափորոշիչներ էին ընդունում, թե ով կարող է լինել այդ հանձնաժողովի անդամ, այնքան ճղճիմ էին, այնպես էին գրում, որ հանկարծ Հայրիկյանը չանցներ։ Մինչդեռ ես լուրջ ու էական բարեփոխումներ եմ կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի սարքած բռնապետական Սահմանադրության մեջ։