Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում դիեր հանձնել կամ գերեվարել ու փոխարինել մեր գերիների հետ

Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

Պարոն Այվազյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Նախ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ այդպիսի հարց բարձրացրել։ Նա ավելի վաղ ասել էր, որ Արցախի խնդիրը արցախցիների ուսերի վրա է, իսկ Ցեղասպանության հարցը Սփյուռքի հարցն է։ Ուրեմն, ինքը վերահաստատեց իր դիրքորոշումը, և գովելի է, որ ինքն իր դիրքորոշումից հետ չի կանգնում։ Հայտարարելով, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է՝ Նիկոլ Փաշինյանը դրանով հրաժարվեց այսպես կոչված անկլավներից ու Արցախից։ Լավ է դա, թե՞ ոչ։ Մենք տեսանք վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ հանրապետության ամենախոցելի բնակավայրերում մարդիկ շարունակում են ձայներ տալ Նիկոլ Փաշինյանի թիմի թեկնածուներին։ Եվ ուրեմն, պետք է գանք եզրակացության, որ ունենք այն, ինչ ունենք և ունենք այն, ինչին արժանի ենք։ Ցավալի՞ է արդյոք դա, դա ճշմարտությունն է։ Ինչ-որ ցավալի որոշումների մասին ենք մենք խոսում, դրանից ավելի ցավալի այդ ընտրությունների արդյունքներն են։

Իշխանության աղբյուր համարվող լրատվամիջոցը հրապարակեց այն կետերը, որոնք Ադրբեջանը պահանջում է։ Այդ կետերի թվում են՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարումը, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ՝ նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Այն, ինչ որ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ինքը անում է։ Ի՞նչ պետք է անենք մենք, մենք ասելով՝ ո՞ւմ նկատի ունենք, ովքեր նրա թիմի օգտի՞ն են քվեարկել։ Մենք պետք է համախմբվենք, բայց ոչ թե առաջին նախագահի ասածի շուրջ, ոչ էլ վարչապետի անձի շուրջ, այլ մեր ազգային պետականության գոյության և Հարավային Կովկասում մեր ազգի գոյության շուրջը պետք է միավորվենք։ Դա այսօր ամենակարևորն է, և շատ կարևոր է հավատալ նրան, ինչ քարոզում ես։ Ես ցավում եմ, որ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահները, ոչ էլ այսօրվա վարչապետն այդ բանաձևը չեն դավանում։

Նրանք բոլորը զիջումներից են խոսում։

Այստեղ արդեն զիջելու բան չմնաց, հոգին չի վաճառվում։ Մենք արդեն տեսել ենք, որ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա գտնվող շրջափակված ադրբեջանական խումբը պետք է սովամահ լիներ ու հանձնվեր։ Բայց չէ՞ որ ադրբեջանցիները մեզ հանձնում են մեր զինվորների դիերը, իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում դիեր հանձնել կամ գերեվարել ու փոխարինել մեր գերիների հետ։ Ի՞նչ է պակասում դրա համար, և ես կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրս մեր մեջ ունենք՝ քրեական օրենսդրության սահմաններում։