Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսրայելի զինվորականները Հորդանան գետի արևմտյան ափին 5 պաղեստինցի զինյալի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող փախստականների ճամբարում իսրայելական ուժերը սպանել են 5 պաղեստինցի զինյալների, որոնք կապված են իսլամական «Համաս» խմբավորման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հավելելով, որ այս վերջին արյունահեղությունը, հավանաբար, է՛լ ավելի կսրի լարվածությունը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը բռնությունն անվանել է հանցագործություն՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ զսպելու նման ներխուժումները: Աբբասի գրասենյակից նաև հայտնել են, որ Իսրայելի նոր կառավարությունը «շարունակում է իր հանցագործությունների շարքը պաղեստինցի ժողովրդի դեմ»:

Ըստ իսրայելական կողմի՝ զինվորականները գործողություն են իրականացրել «Աքաբաթ Ջաբր» փախստականների ճամբարում, որպեսզի ձերբակալեն անցյալ ամիս Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերից մեկի ռեստորանում հարձակման փորձ իրականացրած անձանց: Նշվում է, որ հրաձգությունը չէր հաջողվել, ենթադրաբար, զենքի անսարքության պատճառով: Ըստ իսրայելցի զինվորականների՝ ձախողված հարձակումից հետո կասկածյալները փախել էին դեպքի վայրից:

«Համաս»-ը հաստատել է, որ սպանված 5 զինյալները խմբավորման անդամներ էին: «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը նշել է, որ հարձակումն անպատասխան չի մնա:

Իսրայելի նոր կառավարության պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Օրեր առաջ Ջենինում իսրայելցի զինվորականների գործողության հետևանքով 10 պաղեստինցի էր սպանվել: Այդ գործողությունից հետո մի պաղեստինցի կրակ էր բացել Արևելյան Երուսաղեմի սինագոգներից մեկում՝ սպանելով 7 մարդու: