Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իտալիայի սենսացիոն ընտրությունը․ Ինչ ազդեցություն այն կունենա Եվրոպայի վրա

Պատմության մեջ առաջին անգամ Իտալիան կին վարչապետ կունենա։ Իտալիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքները անակնկալ են համարվում, քանի որ 2018 թվականին ընդամենը 4% հավաքած «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, որը գլխավորում է Ջիորջիա Մելոնին, հաղթանակ է տարել սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում։

Սակայն անակնկալը միայն ընտրության արդյունքն ու առաջին կին վարչապետի հանգամանքները չեն։ Մելոնին և նրա կուսակցությունը համարվում են ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչներ, նրանց հաճախ կնքում են պոստֆաշիստներ և նեոֆաշիստներ։ Նշվում է, որ եթե Մելոնին դառնա վարչապետ, նրա կառավարությունը կլինի ամենաաջ ուժը Բենիտո Մուսոլինիի ժամանակներից հետո։ Շատերը նրա քաղաքական ուժի ակունք են համարում հենց Մուսոլինիի քաղաքական հայացքները։

«Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կոալիցիան ընտրություններին ընդհանուր հավաքել է 44,53 տոկոս Սենատում և 44,34 տոկոս պատգամավորների պալատում: Ընդ որում, հաղթած կոալիցիայում առաջատար ուժը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն է (26,39 տոկոս՝ Սենատում, 26,44 տոկոս՝ Պատգամավորների պալատում):

«Եթե մեզ կանչել են կառավարելու այս երկիրը, մենք դա կանենք բոլոր իտալացիների համար՝ նպատակ ունենալով միավորել ժողովրդին, վեր հանել այն, ինչը միավորում է նրանց, այլ ոչ թե բաժանում», – ասել է Մելոնին։

Մելոնին Հռոմից է, քաղաքական կարիերան սկսել է որպես Իտալական սոցիալական շարժման ակտիվիստ, որը նեոֆաշիստական է համարվում։ Մելոնին հերքում է, որ իր քաղաքական հայացքները ֆաշիստական են։ 2008 թվականին 31 տարեկանում Մելոնին դարձավ Իտալիայի երբևէ ամենաերիտասարդ նախարարը՝ զբաղեցնելով երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում։ Մելոնին իր կուսակցությունը հիմնել է 2012 թվականին։

Փորձագետներն արդեն նշում են, որ Իտալիայում խորհրդարանի ընտրության արդյունքները խոշոր ազդեցություն կունենա Եվրոպայի ներքին քաղաքական վերափոխումների վրա։