Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջո Բայդենի նախագահական երկրորդ ուղերձը` Կոնգրեսի համատեղ նիստերի դահլիճից

ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի մեկ անգամ հանդես են գալիս ուղերձով` ուղղված երկրի Կոնգրեսի զույգ պալատներին: The State of the Union անվանումը կրող ուղերձում նախագահներն անդրադառնում են երկրի տվյալ պահի իրավիճակին: Այն ընդհանուր առմամբ կենտրոնանում է պետական բյուջեի, տնտեսության, նորությունների, պետական օրակարգի, առաջընթացի, ձեռքբերումների և նախագահի առաջնահերթությունների ու օրենսդրական առաջարկների վրա: Կարեւոր տեղ են զբաղեցնում արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը, գրում է Ամերիկայի ձայնը:

Նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երկրորդ այս ուղերձը շատերի կողմից դիտվում է որպես 2024 թվականի ընտրությունների նախաքայլ:

Բայդենն իր ուղեձը սկսեց քովիդի համավարակից ազատվելու, երկու տարի առաջ Ամերիկայի ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին խոսքերով: ‘’Մենք այսօր այստեղ ենք մեր երկրի պատմության նոր էջը գրելու համար’’, ասաց նա` ակնարկելով Կոնգրեսի շենքի դեմ Թրամփի աջակիցների կողմից իրականացված հարձակումը: Նա կոչ արեց հանրապետականներին ավելի սերտորեն աշխատել դեմոկրատ կոնգրեսականների հետ, ‘’որպեսզի վերականգնվի պետության ոգին’’, ասաց նա:

Բայդենն անդրադարձավ տնտեսության մեջ գրանցված դրական տեղաշարժին, նշելով, որ մեծաթիվ ընկերություններ սկսել են վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա նշեց, որ գործազրկությունն այսօր իջել է 3.4 տոկոսի, որն անցած հիսուն տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Նրա խոսքերով, անցած երկու տարիներին Ամերիկայում իրականացվել են 300 միլիարդ դոլարի ներդրումներ, իր կառավարման երկու տարիների ընթացքում երկրի դեֆիցիտը կրճատվել է ավելի քան 1 տրիլիոն 700 միլիարդ դոլարով, ինչն ամենամեծ ցուցանիշն է ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ:

Նախագահն անդրադարձավ առողջապահական ու կրթական համակարգերին, խոսեց այն քայլերի մասին, որոնք իրականացվում են բոլոր ամերիկացիների համար բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով:

Բայդենն անդրադարձավ ոստիկանների կողմից երբեմն իրականացվող բռնություններին, որոնց արդյունքում մահանում են մարդիկ: ‘’Կարեւոր է իրականցնել հավելյալ աշխատանք նման բռնությունները կանխելու եւ զենքերը վերահսկելու ուղղությամբ’’, ասաց նա ու ավելացրեց, որ եկել է մահաբեր զենքերի վաճառքն արգելելու ժամանակը:

Նա կոչ արեց Գերագույն դատարանին չեղարկել հղիության վաղաժամ ընդհատումներն արգելելու որոշումը:

Արտաքին քաղաքականության գլխավոր հարցն Ուկրաինայի պատերազմն էր:

‘’Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի կողմից սկսված պատերազմից մի քանի օր անց այս ամբիոնից ես հանդես եկա հայտարարությամբ: Մարդասպան հարձակում, որն իր հետ բերեց մահ ու ավերածություն, այնպիսին, ինչպիսին Եվրոպան տեսել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ’’, ասաց ԱՄՆ-ի նախագահը` շարունակելով.‘’Պուտինի ներխուժումը դարձել է փորձառություն բոլորի համար, Ամերիկայի համար, փորձառություն ամբողջ աշխարհի համար’’, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահն ու ավելացրեց. ‘’Իհարկե պիտի կանգնեինք բռնակալությունից ազատ ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդի կողքին: Իհարկե պիտի կանգնեինք հանուն մեր ժողովրդավարության պաշտպանության’’, ասաց նա:

‘’Ուկրաինայի նկատմամբ մեր ցուցաբերած պաշտպանությունը կարեւոր է մեզ համար նաեւ, քանի որ այն պահպանում է խաղաղությունը և կանխում հավանական ագրեսորների ճանապարհը, ինչը սպառնում է մեր անվտանգությանն ու բարգավաճմանը: Եվ մենք միասին արեցինք այն, ինչն Ամերիկան միշտ է անում իր հնարավորությունների սահմաններում’’:

Խոսքն ուղղելով Կոնգրեսի համատեղ նիստին ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին` Բայդենն ասաց, որ ‘’նա ներկայացնում է ոչ միայն իր պետությունը, այլ նաեւ իր խիզախ ժողովրդին’’:

‘’Տիկին դեսպան, Ամերիկան միասնական է ձեր երկրի նկատմամբ մեր աջակցության հարցում: Մենք ձեր կողքին կկանգնենք այնքան ժամանակ, որքան լինի անհրաժեշտ’’, հայտարարեց Բայդենը:

Բացի Ուկրաինայի դեսպանից նախագահն իր ելույթում հիշատակեց տարեկան ուղերձին ներկա Մեմֆեսի ոստիկանության կողմից սպանված 29 ամյա աֆրոամերիկացի Թայր Նիքոլսի ծնորղներին, ինչպես նաև 26-ամյա Բրենդոն Ցային, ով վերջերս կանխել էր զանգվածային սպանությւոնը: Հայտնի է, նաև որ բազմաթիվ այլ հյուրերի հետ մեկտեղ նախագահի տարեկան ուղերձին ներկա է գտնվել նաև ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով:

Խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին` Բայդենն ասաց. ‘’Ես պատրաստ եմ աշխատել Չինաստանի հետ այն բնագավառներում, որտեղ կան ամերիկյան շահեր ու հետաքրքրություններ, այնտեղ, որտեղ կա օգուտ աշխարհի համար’’:

‘’Ինքնակալություններն աշխարհում թուլացել են, ասաց Բայդենն իր ամենամյա ուղերձում ու շեշտեց, որ ‘’Ամերիկան կրկին համախմբում է աշխարհը այդ մարտահրավերներին դիմակայելու համար` սկսած կլիմայից և գլոբալ առողջությունից, պարենային անապահովությունից մինչև ահաբեկչություն և տարածքային ագրեսիաներ: Դաշնակիցների թիվն աճում է, կամուրջներ են ձևավորվում Խաղաղ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսի գործընկերների միջև: Եվ նրանք, ովքեր խաղադրույք են կատարել Ամերիկայի դեմ, հասկանում են, թե որքան վատ են կատարել իրենց հաշվարկը’’:

‘’Ամուր է մեր ժողովրդի ոգին, քանի որ ամուր է այս պետության ողնաշարը: Ես երբեք այսքան լավատես չեմ եղել Ամերիկայի ապագայի նկատմամբ’’, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախագահական ամենամյա իր ուղեձի վերջում:

Այն պարունակում էր համագործակցության կոչեր՝ ուղղված հանրապետական ընդդիմությանը: «Եկե՛ք ավարտին հասցնենք գործը» բազմիցս հնչեց ամբիոնից նախագահի ելույթի ընթացքում, երբ խոսքը գնում էր կրթության, ոստիկանության, հարկային, առողջապահության բարեփոխումների, հարձակողական զենքի արգելման, արդյունաբերության զարգացման և այլ խնդիրների մասին: անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի նորընտիր հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթիին, նախագահն պատրաստակամություն հայտնեց աշխատել հանրապետական առաջնորդի հետ:

«Դիմում եմ հանրապետական գործընկերներիս. եթե մենք կարողացանք միասին աշխատել վերջին Կոնգրեսում, ապա պատճառ չկա, որ չկարողանանք միասին աշխատել նորընտիր այս Կոնգրեսում և հասնել համաձայնության կարևոր հարցերի շուրջ»,- հայտարարել է նախագահը:

Վերջինիս ելույթը, սակայն, միանշանակ չընդունվեց որոշ հանրապետականների շրջանում: Մի շարք հանրապետական օրենսդիրներ անհամաձայնության ու բողոքի կոչեր էին հնչեցնում տեղից նախագահի ելույթի ընթացքում:

The State of the Union ավանդույթի համաձայն պատասխան խոսքով հանդես է եկել ընդդիմությունը: Այս տարի ընդդիմության խոսնակի պատվին է արժանացել Արիզոնայի նահանգի հանրապետական նորընտիր նահանգապետ Սառա Սանդերսը, ով ժամանակին զբաղեցրել է նախագահ Թրամփի մամլո խոսնակի պաշտոնը: Նա իր խոսքում սուր քննադատության է ենթարկել նախագահ Բայդենի ելույթը՝ դեմոկրատների քաղաքականությունը որակելով ձախողված: