Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քայլելը, ֆիզիկական ակտիվությունը կանխում է ուղեղի վաղաժամ ծերացումը՝ բարելավելով մտավոր գործառույթները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գլխուղեղը դինամիկ օրգան է, որն անընդհատ «շարժման» մեջ է գտնվում՝ կախված հանգամանքներից դրական կամ բացասական փոփոխությունների ենթարկվելով։

Այն կրում է մեր առօրյա անգամ սովորական թվացող գործողությունների ազդեցությունը, օրինակ մեկ-երկու օրվա անբավարար քունը կարող է հաջորդ օրը հիշողության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Իսկ այ առողջ սովորությունները ոչ միայն պահպանում են գլխուղեղի առողջությունը, այլև նպաստում  նոր նեյրոնների ձևավորմանն ու եղած կապերի պահպանմանը։ Հետազոտությունները փաստել են, որ այն, թե ինչպես է մեր օրգանիզմն արձագանքում սթրեսին, կարող է գլխուղեղի ծերացման գործոն դառնալ՝ մեծացնելով դեմենցիայի ու Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը։

Հետաքրքիր եզրահանգում են կատարել մեկ այլ հետազոտության հեղինակները՝ պարզելով, որ մարզումները նույնքան օգտակար են գլխուղեղի ու նյարդային համակարգի համար, որքան մկանների։ Ըստ հեղինակների՝ տարեց մարդիկ սննդային առողջ սովորությունների ու ֆիզիկական վարժությունների շնորհիվ կարող են բարելավել գլխուղեղի աշխատանքը, առաջին հերթին՝ իրենց մտավոր գործառույթները։

Դյուկի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ 6 ամսում հնարավոր է բարելավել տարեցների մտավոր գործառույթները։ Հետազոտությանը մասնակցել են 160 տարեց պացիենտներ, որոնք ունեցել են զարկերակային բարձր ճնշում, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկեր, երբեք չեն զբաղվել ֆիզիկական վարժություններով և կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիրներ են ունեցել։ Նրանց միջին տարիքը եղել է 65 և թեև նրանց շրջանում չեն եղել դեմենցիայով պացիենտներ, հետազոտության մասնակիցների մտավոր ունակությունները համապատասխանել են 93 տարեկան մարդու կարողություններին։

Մի քանի խմբի բաժանված հետազոտության այն մասնակիցները, որոնք մարզվել են, ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան այն խումբը, որը ֆիզիկական ակտիվություն չի պահպանել։ Մեկ այլ խումբ, որը և՛ փոխել է իր սննդակարգը, և՛ մարզվել է, շատ ավելի լավ արդյունք է գրանցել՝ պատկերավոր ասած՝ մոտ 9 տարով նրանց գլխուղեղը «երիտասարդացել է»։

Հետազոտության մասնակիցները, որոնք լավ արդյունք են գրանցել, շաբաթը 3 անգամ 35 րոպե անընդմեջ քայլել կամ հեծանիվ են վարել, զբաղվել ուժային վարժություններով։ Նրանց գրանցած արդյունքները փաստում են՝ նյարդային առողջության համար անհրաժեշտ են  ոտքերի մկաններից գլխուղեղին հղվող ազդակները, և հակառակը՝ գլխուղեղից  մկաններին հղվող ազդակները։

Գիտությունների դոկտոր Ջոան Վերնիկոսը իր «Նստակյաց կյանքը սպանում է, իսկ շարժումը՝ բուժում» գրքում  նկարագրում է, թե որքան կարևոր է ուղղահայաց դիրքը մարդու մարմնի ու գլխուղեղի օպտիմալ գործունեության համար։

Մեկ այլ առանցքային գործոն է համարվում այն, որ ֆիզիկական վարժություններն ազդում են ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի վրա, որն առկա է ինչպես գլխուղեղի, այնպես էլ մկանների մեջ։ Ֆիզիկական վարժությունները ակտիվացնում են համապատասխան սպիտակուցի աշխատանքը, որն էլ իր հերթին գործարկում է ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնը, ինչն էլ պահպանում է գլխուղեղի բջիջները՝ խթանելով նոր նեյրոնների ձևավորումն ու գլխուղեղի աճը։

Ֆիզիկական ակտիվության շնորհիվ նաև արագանում է նյութափոխանակությունը, նվազում դիաբետի ու քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը և պահպանվում է նորմալ քաշը։

Նստակյաց դիրքի կրճատումն ու ֆիզիկական ակտիվության ավելացումը բարենպաստ է ազդում ոչ միայն մտավոր գործառույթների բարելավման, այլև տարեց հասակում շարժունակության պահպանման համար։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ Մարկոլա