Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔԿ-ին պետք է հորդորել, որ զերծ մնա իրականությունից դուրս հայտարարություններ անելուց. ՀՅԴ-ական գործչի պաշտպան Արսեն Բաբայան

ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն արդեն ազատության մեջ է։ Դատարանը Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր, ձերբակալությունն էլ ճանաչել ոչ իրավաչափ:

Արտավազդ Մարգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշման մեջ նշվում է՝ բացակայում է  հիմնավոր կասկածը, այսինքն անգամ նվազագույն տվյալներ գոյություն չունեն, որ այդ անձն այդ հանցագործության հետ որևէ առնչություն ունի, այսինքն՝ անձանց նյութապես շահագրգռելով հանրահավաքի բերելը։

Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ «ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքով»,  մեղադրանք է ներկայացվել  Արարատի մարզի ՀՅԴ կառույցի երեք գործիչների։ Նրանցից  Արտավազդ Մարգարյանի, Հունան Մելքոնյանի կալանավորման միջնորդությունները մերժվել են։ Դատարանը բավարարել է Գառնիկ Մանուկյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում, որ նույն գործով անցնող երկու անձի նկատմամբ կալանավորման միջնորդությունը մերժվում է, երրորդը կալանավորվում է, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարող այն երկուսի մասով ասել, միայն Արտավազդ Մարգարյանի պաշտպանն եմ, բայց  կարող եմ պնդել, որ, ըստ էության, բոլոր տվյալները, փաստերը ներկայացված երեքի մասով էլ նույնն են։ Այս դեպքում, եթե երկուսը կալանքից ազատվում են, մեկին կալանավորում, ողջամտորեն ենթադրում եմ, որ այդ անձի նկատմամբ քաղաքական բանտարկություն է տեղի ունենում։ ԵԽԽՎ բազմաթիվ բանաձևերում հստակ գրված է, որ եթե մեկ անձի նկատմամբ նույն պայմաններում կիրառվել է մի որոշում, մեկ այլ անձի նկատմամբ միանգամայն այլ որոշում, դա հենց քաղաքական հետապնդման հատկանիշներ է պարունակում»։

Այսօր քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացել այս գործի վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ «Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․ Մ․-ի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող  այլ անձանց տվյալները»։

Արսեն Բաբայանը ևս մեկ անգամ ասաց, որ նշված տվյալներն այս պահին ամբողջությամբ հերքվել են մեղադրյալ Արտավազդ Մարգարյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշմամբ.


«Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ քննչական կոմիտեի ներկայացրած նյութերը բավարար չեն հաստատված համարելու համար քննչականի այն պնդումը, թե ձայնագրության մեջ խոսում է Արտավազդ Մարգարյանը: Ուստի՝ քննչականի պնդումը, թե պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող  այլ անձանց տվյալները, առնվազն Արտավազդ Մարգարյանի մասով իրականությանը չեն համապատասխանում»: 

ՔԿ-ի ներկայացրած մեկ այլ հանգամանք. «Վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք»  գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա  ցուցակի տեսքով,  մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր  գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա  են  սև և կարմիր գույներով  ձեռագիր գրառումներ  «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ,  անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով,  հեռախոսահամարներով,  եռանիշ և քառանիշ թվեր,  «Բարգավաճ»,  «Չեն ընտրելու»,  «Հանված է», «Չգրել», «Չզանգել»,  «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև  գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ»։

Այս հանգամանքը Արսեն Բաբայանը պարզաբանեց. «Մեկ անգամ էլ պաշտոնապես հայտնում եմ, որ Արտավազդ Մարգարյանի բնակարանում խուզարկությամբ որևէ առարկա կամ ցուցակ չի հայտնաբերվել: Քննչականը ոչինչ չի առգրավվել բնակարանից:

Իսկ այլ անձանց բնակարաններից կամ այլ վայրերից այդպիսի հնարավոր առգրավված թղթերի վերաբերյալ քննչական կոմիտեի կողմից արված մեկնաբանությունները բոլորովին չեն վկայում այն մասին, թե դրանք որևէ կապ ունեն գումարներ բաժանելու հետ: Հենց քննչականի հաղորդագրությունից էլ ակնհայտ է դառնում, որ այդպիսի գրառումները, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն, կարող են հուշել, օրինակ՝ նախընտրական քարոզչության կամ որևէ ընկերական հավաքույթ կազմակերպելու մասին»։

ՔԿ հաղոդագրության մեջ նաև նշված է. «Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գ․Մ․-ն և Ա․Մ․-ն 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հ․Մ․-ին, ով իր հերթին, նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը»:

Ի պատասխան սրան՝ փաստաբան Արսեն Բաբայանն ասաց. «Այո, այդպիսի մեղադրանք ներկայացվել է նաև Արտավազդ Մարգարյանին, սակայն դատարանը ներկայացված այդ մեղադրանքի հիման վրա կալանավորման միջնորդությունը քննելիս արձանագրել է շատ կարևոր հանգամանք, այն է՝ ներկայացված փաստական տվյալներով չի հաստատվում Արտավազդ Մարգարյանին մեղսագրվող հանցանքին նրա առնչությունը: Ավելի պարզ ասած՝ որևէ տվյալ գոյություն չունի, թե Արտավազդ Մարգարյանը որևէ կերպ առնչություն ունի այդպիսի հանցավոր արարքի:


Այս պայմաններում քննչական կոմիտեին պետք է հորդորել, որ զերծ մնա ապակողմնորոշ, իրականությունից դուրս հայտարարություններ անելուց»: