Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա Ադրբեջանի հետ. Արմեն Գրիգորյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե  Ադրբեջանի հետ  ինչ ուղղություններով են քննարկումներ ընթանում։

«Հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն  Հայաստանի և Ադրբեջանի միջև. դա ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որը  փորձում ենք դելիմիտացնենք և դեմարկացնենք, ապաշրջափակումն է և կան հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումներն հենց այս ուղղություններով են»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն են ձեռք բերել  Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի արդեն երեք խմբագրումներ են եղել,  Արմեն Գրիգորյանն ասաց. «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա։ Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի  կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է, մնացած  բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»։

Ինչ վերաբերում է հարցին, որ Ադրբեջանը հերքում է Վաշինգտոնում միջազգային մեխանիզմների մասով պայմանավորվածություն ձեռք բերելը, իսկ հայկական կողմը պնդում է, եղե՞լ է նման համաձայնություն հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, ընդհանրապես, այս  խնդիրը բազմաթիվ անգամ ենք ունեցել։

Նույնիսկ Բրյուսելում մայիսի  22-ին առաջնորդների հանդիպումից հետո նախագահ Ալիևը վերադառնալով Բաքու  հայտարարել էր, որ միջանցք են քննարկել, որ ղարաբաղյան հարցը լուծված է։ Դրանից հետո Շառլ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարել էր, որ միջանցք չի քննարկվել և  ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական արդյունքը որևէ մեկին հայտնի չէ, այսինքն  ԼՂ հիմնախնդիրը շարունակվում է քննարկվել։ Այս առումով մեր  պատգամավորները, հանրությունը,  ովքեր սրա հետ կապված հարց ունեն, պետք է ուշադրություն դարձնեն, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո  հայտարարում է  մի բան, որն իրականության հետ կապ չունի»։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ ասաց, որ Ադրբեջանը փորձում է  հերքել  Վաշինգտոնում ձեռք բերած պայմանավորվածությունը ԼՂ հայերի անվտանգության և  իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմներով, այն ինչի մասին խոսել է հայկական կողմը։

Այս առումով Ա. Գրիգորյանն ասաց. «Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան: Բանակցությունները, որոնք ըթնացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել: Ամերիկյան կողմն էլ է եղել: Կա դրա մասին արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։

Զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը:

Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։

Նա նշեց, որ վերջին շրջանում իրենց միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն են տեսել այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները:

«Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Հարցին՝ հայկական կողմը պնդում է, որ տարաջանտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը, այս առումով հայկական կողմը շարունակում է հարցերը տարանջատա՞ծ քննարկել, թե՞ քննարկվում են զուգահեռաբար ու նախատեսվում է մեկ ընդհանուր փաստաթուղթ ունենալ այս առումով, Ա. Գրիգորյանն ասաց. «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել  և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Բայց, երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, դա դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ»։ 

Նա նշեց, որ Ադրբեջանի մոտեցումը, որ ԼՂ հարցը լուծված է, որևէ  ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ։

«Ադրբեջանական կողմի համար ղարաբաղյան հարցը դարձել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել,որ այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել։ Որոշակիչափով ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»,- ասաց Ա. Գրիգորյանը։