Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կա վտանգ, որ ցանքատարածություններում դժվարությամբ կկարողանան բերքահավաք իրականացնել․ Մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսում դիվանագետների հետ հանդիպման ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց ՝ մարզ այցելելու և  տեսնելու ,թե ինչ վնասներ են հասցրել ադրբեջանական ԶՈՒ-ն համայնքներին։

«Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով, մենք ունենք երեք բնակավայրերում ավերածություններ. Դպրոցներն են վնասվել, մանկապարտեզներ, տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: 148 բնակարան վնասվել է Սոթք բնակավայրում, 12 բնակարան՝ Կութում և երկուսը՝ Վերին Շորժայում: Այս պահի դրությամբ գրեթե բոլորի մասով ունենք կարիքների գնահատման թերթիկներ:Սոթքում 7 տուն ամբղջությամբ ավերված է ու նորի կառուցման խնդիր ունենք։ Մնացածի մասով էլ կարիքները գնահատված են»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կլինեն արդեն փոխանցումները բնակիչներին, որպեսզի նրանք  սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները։

«Այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցներում, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի դպրոցներում ամբողջությամբ դասապրոցես չի իրականացվել: 7702 աշակերտ չի հաճախել դպրոց, 887 երեխա չի հաճախել մանկապարտեզ: Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասեր չկան՝ անվտանգության խնդիրներից ելնելով։ Այդ դպրոցների աշակերտների թիվը 1245 է։ Ռմբակոծությունները սկսվելուց հետո իրենք կարողացել են տարհանման որոշակի աշխատանքներ կազմակերպել, և դա է եղել պատճառը, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհ չենք ունեցել»,- ասաց նա:
 

Մարզպետի փոխանցմամբ՝ ունեցել ենք 10-ից ավելի վիրավորներ, մեկ ծանր վիրավորում, երկու միջին ծանրության, մնացածը եղել են թեթև վնասվածքներ:

«Ներկա պահին Ադրբեջանի զորքերի մեր ինքնիշխան տարածքում գտնվելու պատճառով գյուղատնտեսական աշխատանքների վրա են մեծ ազդեցություն թողնում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 հազար հա ցանքատարածություն չի մշակվել: Ներկա պահին կա վտանգ, որ ցանքատարածություններում դժվարությամբ կկարողանան բերքահավաք իրականացնել: Մարզպեպատարնն ու համայնքապետարանը անում են ամեն հնարավոր, որ բնակչությունը կարողանա բերքահավաքը կազմակերպել»,- հայտնեց նա։