Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կանգնեցրե՛ք այս տեռորը, մի՛ դարձեք Ադրբեջանի հանցակիցը». Արցախցի մայրերը դիմեցին 7 երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ու ԵՄ դեսպանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր Արցախի մայրերը ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակի մոտ «Mothers for their children’s rights»,«Humanity!, Peace!» ցուցապաստառներով դիմեցին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ խնդրելով իրենց նամակը հանձնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին:

Նամակով արցախցի մայրերը դիմում են եվրոպացի ազդեցիկ կին գործիչ, յոթ երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ հուսով, որ արդարության զգացումն ու հումանիստական բարձր արժեքները կհաղթեն պահի քաղաքական շահերին։ Նրանք պահանջում են, որ Եվրահանձնաժողովի նախագահն իր ազդեցությունը գործի դնի եւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնի:

Հիշեցնենք, որ Արցախը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է, այս ցրտաշունչ ձմռանը Արցախի 120 000 բնակչի, այդ թվում՝ 30 000 երեխաների կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները ոտնահարվում են:

Մայրերը միասնություն, համերաշխություն խորհրդանշող թեւնոցներ էին կապում միմյանց ձեռքերին՝ սպիտակ, կարմիր, մանուշակագույն թելերով: Ինչպես բացատրեցին՝ սպիտակը անպարտելի ոգու մաքրությունն է, կարմիրը՝ հաղթանակի կամքը, մանուշակագույնը անցած ուղին, հիշողությունը:

Թեւնոցներից մեկն էլ ուղարկեցին Եվրահանձնաժողովի նախագահին՝ նամակի հետ:

Նախաձեռնության անդամ Արաքսյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջազգային կառույցների արձագանքը բավարար չէ. «Յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր ոք անելիք ունի, պետք է ամեն հնարավորություն օգտագործենք, որ նպաստենք Արցախի ապաշրջափակմանը, 30 հազար երեխաներ մատնված են սովի ու ցրտի: Սա բոլորի խնդիրն է ու բոլորը պետք է զբաղվեն այդ խնդրով: Կոչեր կան, որ բացեք ճանապարհը, մենք պիտի պայքարենք, որ ճանապարհը բացվի»:

Մեր հարցին՝ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, ինչպես նաեւ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչները սպասարկում են իրենց տնտեսական, քաղաքական շահերը, այսպիսի էմոցիոնալ քայլերով հնարավո՞ր է սայլը տեղից շարժել՝ Արաքսյա Գրիգորյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քայլ պետք է անենք՝ դա կլինի էմոցիոնալ, քաղաքական, տնտեսական: Որեւէ հնարավորություն, որեւէ ձեւաչափ չպետք է ստորադասել»:

Հեռակա դիմելով Անդրեա Վիկտորինին՝ արցախցի մայրերն ասացին. «Կանգնեցրե՛ք այս տեռորը, թույլ մի՛ տվեք Ադրբեջանին գերի պահել մեր 30 հազար երեխաներին, մի՛ դարձեք Ադրբեջանի հանցակիցը»: ԵՄ պատվիրակությունից նամակն ու թեւնոցը վերցրեցին՝ փոխանցելու խոստմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ