Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կանխատեսվում է, որ կլինեն 2450 անձինք, որոնք կստանան անձնական օգնական. Աննա Ժամակոչյանը

«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայության տրամադրման միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը»,-կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ զեկուցելով Անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նա հայտնեց, որ որոշումը բխում է երկրի ստանձնած միջազգային հանձնառություններից:

«Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ բյուջեի միջոցներով և ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ հենշարժական, տեսողական և  հոգեկան-մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները նաև հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ: Այս պահին սահմանված է 10-ից բարձր անապահովության միավոր, որը կարող է փոխվել անապահովության համակարգի վերանայման դեպքում»,-ասաց Ժամակոչյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ այս պահին կանխատեսվում է, որ  2450 անձինք կստանան այդպիսի ծառայություն:

Նրա խոսքով՝ անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, որը կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը:

Աննա Ժամակոչյանն ասաց, որ ծառայությա մատուցման անհրաժեշտ պայմանները և տևողությունը կորոշվի ֆունկցիոնալության աստիճանի որոշաման նոր համակարգի միջոցով, որը ներդրվելու է 2023 թվականից, բուն ծրագիրը կմեկնարկի 2024 թվականին, իսկ որաշակի հիվանդություն և դատվածություն ունեցողները չեն կարող լինել օգնականներ:

Փոխնախարարը զեկուցեց նաև մյուս նախագիծը, որով նախատեսված է խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը աշխատավայրում և ուսումնական հաստատությունում կբացառի խտրականությունը:

«Կարգով սահմանվում են խելամիտ հարմարությունների տեսակները և պարտավորություններ ունեցող կողմերի համար պայմաններ ապահովելու ընթացակարգը, թե ինչպես պետք է հաշմանդանմություն ունեցող անձը պահանջի խլամիտ հարմարեցումներ և ինչ ժամկետներում պետք է պարտավորությունը ստանձնածը ապահովի այն»,-բացատրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը և տեղեկացրեց, որ ներկայում 27 հազար հաշմանդամ է աշխատում: