Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարեն Ֆարխոյանի որոշմամբ «Ալֆայի Չիկո»-ն կմնա կալանավորված

ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանին կալանքից գրավի դիմաց ազատելու միջնորդությունը դատարանը մերժել է։

«Այս դատարանի դեպքում նման որոշումը բավականին կանխատեսելի էր։ Ասել, որ ակնկալում էինք արդարադատություն, այդպես չէ։ Մենք խոսում ենք մի դատավորի մասին, որը յոթ ամիս դատական նիստ չէր  արել կալանավորված անձի առկայության դեպքում։ Յոթ ամիս  չի տեսել, թե ինչ վիճակում է մարդը,  որին ինքն է կալանավորել։ Սա ինչ-որ իմաստով ռեկորդ է։ Մյուս ռեկորդն էլ անձի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածն է՝ այսօր արդեն 531 օր»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արամ Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ այս գործով դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Վարդևանյանը  Գասպարյանի պաշտպան ներգրավվեց երեկվա նիստում, որի ընթացքում հարցաքննվեց նաև վկա Հովհաննես Սարգսյանը։

Արամ Վարդևանյանը հայտնեց, որ դատարանի որոշումը ստանալուն պես կներկայացվի վերաքննիչ բողոք։

«Մեր դատավարական զինանոցում ունենք նաև այլ գործողություններ։ Դրանք ևս կիրացնենք, բայց ոչ բոլոր փակագծերն այժմ կբացենք։ Ես մի հանգամանք նշեմ։ Դատավորի  թվարկածս վարքագծի դեպքում, կարծում եմ, ցանկացածը կտեսնի կարգապահական  նորմերի հետ անհամապատասխանություն, ինչը պետք է հետևանքներ ունենա։ Այս հանգամանքին, մեղմ ասած, հետևողական ենք լինելու»,-մանրամասնեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստն ընդմիջվեց ամբաստանյալ Արամ Գասպարյանի առողջական վիճակի վաթարացման հետևանքով։

Պաշտպանի խոսքով, այս մասին իրենք չբարձրաձայնեցին, քանի որ արցախյան երեք պատերազմների մասնակից, ԱԱԾ փոխգնդապետ Գասպարյանը թույլ չի տալիս խոսել իր առողջական խնդիրների մասին։

«Նրան ճանաչողները գիտեն առողջական վիճակի վերաբերյալ բարձրաձայնելու դժվարությունների մասին։ Երեկ մենք մեծ դժվարությամբ կարողացանք այդ մասին խոսել դատարանում։ Ինքը դրան դեմ էր։ Այսօր նրա վիճակը բավականին բարդ է»,-ասաց Ա. Վարդևանյանը։


Լուսանկարները երեկվա դատական նիստից են։