Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարող ուժի վստահված անձը ճմրթել է այլ ուժի քվեաթերթիկ․ Սիսիանում արձանագրված ընտրախախտումներն ուղարկվել են մարզի դատախազին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ի տեղեկություններով,  հոկտեմբերի 4-ին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազին՝ տեղեկացնելով  սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած ավագանու անդամի  համամասնական ընտրության քվեարկության օրը արձանագրված մի քանի  խախտումների մասին։

Մասնավորապես,  թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ,  ըստ դիտորդի կողմից գրանցամատյանում կատարած գրառման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Արամ Հովհաննիսյանը  քվեաթերթիկների տրցակի վրայից խլել է  «թիվ 13 քվեաթերթիկներից մեկը, ճմրթել՝ այն դարձնելով անվավեր»։  Նշենք, որ 34/06 տեղամասը գտնվում էր  Սիսիան համայնքի թիվ 2 դպրոցում, քվեարկությանը  1788 ընտրողից մասնակցել է 891-ը։ «Քաղաքացիական պայմանագիրը» այստեղ ստացել է 349 քվե, իսկ 13-րդ քվեաթերթիկը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը 178 քվե, «Ապրելու երկիրը»՝ 199, «Հանուն Հանրապետությանը»՝ 60, ՀՅԴ–ն՝ 34, «Մեկ Հայաստանը»՝ 36, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 31 քվե։

Մեկ այլ հաղորդման համաձայն, սեպտեմբերի 25-ին՝ քվեարկության օրը ժամը 12.00-ից մինչեւ ժամը 14-ը ընկած ժամանակահատվածում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ահազանգ է ստացվել, որ  34/16 ընտրական տեղամասում քվեաթերթիկներին փակցվելու համար նախատեսված ինքնասոսնձվող դրոշմապիտակները սոսնձվել են այնպես, որ դրանք  միաժամանակ « կպել են  քվեաթերթիկին եւ ծրարին»։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգի մասին զգուշացրել է  Բռնակոթի մշակույթի կենտրոնում  գտնվող 34/16 տեղամասային հանձնաժողովի նախագահին։  Վերահաշվարկի ընթացքում պարզվել է, որ 34/16 տեղամասային հանձնաժողովի կողմից նման 11 քվեաթերթիկ  համարվել է անվավեր:  Հետաքրքիր է, որ այդ 11 անվավեր համարված քվեաթերթիկներից  9-ը  մեկ ուժի օգտին են քվեարկված եղել։

Սյունիքի մարզի դատախազին հասցեագրված  մեկ այլ հաղորդման մեջ նշվել է, որ Շաքիի դպրոցում  ձեւավորված  34/29 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկելու իրավունք ունեցող  Շողիկ Կարապետյանը  ՝ տեխնիկական սարքի մասնագետին  իր նույնականացման քարտի փոխարեն տվել է  հարեւանուհու՝ Սաթենիկ Գրիգորյանի  նույնականացման քարտը: Սարքի միջոցով կտրոնը տպվելուց հետո սարքի մասնագետը պարզել է, որ ընտրողը ներկայացրել է այլ մարդու նույնականացման քարտ, որի մասին կազմվել է արձանագրություն: Վերահաշվարկի ժամանակ 34/29 տեղամասային հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ս.Գրիգորյանը քվեարկության օրն եղել է Երեւանում։  Առկա է այլ անձի փոխարեն քվեարկելու առերեւույթ փորձ:

Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է  քննություն։

Հիշեցնենք, որ Սիսիան համայնքի ավագանու  անդամի 21 մանդատները  բաշխվել են հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ, «Ապրելու երկիր»՝4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան»՝ 2-ական մանդատ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ