Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 23 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ

Գործադիրն այսօրվա նիստում ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման  և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերը հաստատելու մասին: Վերջիններով ԵՄ բյուջեից Հայաստանին կտրամադրվի 33 մլն եվրո դրամաշնորհ:

Հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 3-ին և 28-ին ստորագրվել է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշներին համապատասխան։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է (հատուկ նպատակներ).

1. Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար (շահառու մարմիններ՝ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Ներդրումների աջակցության կենտրոն)

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

2.Ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում (շահառու մարմիններ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ):

Նպատակի ներքո աջակցություն կտրամադրվի սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը և իրականացմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը: Օժանդակություն կտրամադրվի ոլորտային վարչական համակարգերի կարողությունների և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի և ծառայությունների ընդլայնմանը:

Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով»,-ասվում է առաջին նախագծի հիմնավորման մեջ:

Երկրորդ դրամաշնորհային ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 10 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

1. Արդյունավետ և հաշվետու ինստիտուցիոնալ համակարգի (Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների) ձևավորում և գործադրում՝ եվրոպական և միջազգային չափանիշների և ԵՄ լավագույն փորձի հիման վրա (շառահու մարմիններ՝ Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն):

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Ներքին գործերի նախարարության հիմնադրմանը, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը:

2. Տեխնիկական աջակցության ծրագրով միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավում՝ խթանելու լավ կառավարվող և ապահով շարժունությունը (շահառու մարմիններ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միգրացիոն ծառայություն, Ոստիկանություն):

Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի միգրացիայի կառավարման հաստատությունների նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև միգրացիոն և փախստականների պաշտպանության քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացմանը: Համապարփակ և հավասարակշռված միգրացիոն կառավարման նպատակով աջակցություն կտրամադրվի նաև միգրացիայի կառավարման համակարգերի բարելավմանը՝ ԵՄ լավագույն փորձին համապատասխան:

3.Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ամրապնդված իրավունքահեն մոտեցման խթանում՝ երաշխավորելու պաշտպանությունը, հավասարությունը և ներառականությունը (շահառու մարմիններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակներ, Արդարադատության նախարարություն):

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և համապատասխան այլ հանրային կառույցների կարողությունների ազգային և տեղական մակարդակներով հզորացմանը: Աջակցություն կտրամադրվի մարդու և, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների մասին հանրային իրազեկվածության խթանմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների 2020-2022թթ. ռազմավարության և գործողության ծրագրի իրականացմանը և Մարդու իրավունքների նոր՝ 2023-2025թթ. գործողության ծրագրի մշակմանը»,-ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: