Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Խաղաղ գործընթացի», «բարեկեցիկ ապագա ապահովելու» ցանկությամբ ոգեւորված միջազգային հանրությունը շրջանցում է Ադրբեջանի մութ կողմը՝ հայատյաց հռետորաբանությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս օրերին տարածաշրջան է այցելել Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, որն, ըստ էության, համակարգում է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Սա ենթադրում է ոչ միայն Արցախի հարցի լուծում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհարաբերություններն ամրագրող պայմանագրի ստորագրում, այլեւ Վրաստանի հետ առկա խնդիրների հանգուցալուծում։

Ամերիկացի դիվանագետն իր այցն սկսել է Բաքվից, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է Ադրբեջանի կարեւորությունն ԱՄՆ-ի համար։ Այդ մասին են վկայում նաեւ Ռիքերի տեսաուղերձում հնչած շեշտադրումները։ «Ադրբեջանի ներուժը նկատելի է։ Ամեն անգամ, երբ վերադառնում եմ այստեղ, տեսնում եմ տնտեսության աճը եւ հնարավորություններն ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»,- ասել է նա՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հասնելու Հարավային Կովկասի հնարավորություններին ու ներուժին։ «Գիտակցելով աշխարհագրության կարեւորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել այս տարածաշրջան: Հիմա Բաքվում եմ, այստեղից գնալու եմ Թբիլիսի ու Երեւան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը»,- հավելել է Ռիքերը։ Ուշադրություն է պետք դարձնել այն ձեւակերպումներին, որտեղ խոսվում է գնում «հարավկովկասյան» տարածաշրջանը մեկ ամբողջականության մեջ դիտարկելու մասին։ «Խաղաղ գործընթացի», «բարեկեցիկ եւ խաղաղ ապագա ապահովելու», «պատմության նոր էջի» ցանկությամբ ոգեւորված միջազգային հանրությունը շրջանցում է Ադրբեջանի մութ կողմը՝ հայատյաց հռետորաբանությունն ու պատերազմական անթիվ հանցագործությունները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի հրապարակել Ռիքերի հանդիպումների օրակարգը։ Ադրբեջանում նրան ընդունել են երկրի նախագահը, արտգործնախարարը։

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում բոլոր կողմերի հետ. արձագանքելով Ռիքերի նշանակմանը` պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ Ֆրանսիայի նկատմամբ դժգոհության հիմքում նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւի ընդունումն է Սենատի կողմից, ինչպես նաեւ տարբեր առիթներով նախագահ Մակրոնի հայամետ հայտարարությունները։ Ադրբեջանական որոշ վերլուծաբաններ տեսականորեն չեն բացառում, որ Եվրամիությունը դեռ կարող է պահպանել իր միջնորդությունը, եթե օրինակ՝ Շառլ Միշելին հաջողվի հեռացնել Ֆրանսիային բանակցություններից։ Եվ, վերջապես, Ռուսաստանի նկատմամբ ճնշման արդյունավետ լծակը խաղաղապահ առաքելությանը կողմնակալության մեջ մեղադրելն է։

Ադրբեջանը նախընտրում է «գործ ունենալ» այն կողմի հետ, որը կլինի կողմնակալ եւ կբավարարի ադրբեջանական օրակարգը։ Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումն Ալիեւը վիժեցրեց։ Այլ հարց է՝ կհաջողվի՞ արդյոք ամերիկյան կողմին կազմակերպել նման հանդիպում, թե ԱՄՆ-ն նույնպես Բաքվի կողմից կարժանանա կողմնակալ լինելու «պատվին»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: