Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղության պայմանագրի 2 տարբերակ կա, մեկը ՌԴ-ն է առաջարկել, մյուսը՝ Ադրբեջանը․ Արմեն Գրիգորյան

«Մենք շարունակում ենք աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, փորձում ենք տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին և  մոտակա շրջանում կազմակերպել հանդիպում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, ջանքներ են ներդնում, որպեսզի մինչև տարեվերջ ունենան խաղաղության պայմանագիր։

«Հայաստանն՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի  կարողանանք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր։ Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի,  բայց մենք շարունակելու ենք աշխատել»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Նա նշեց, որ  հայկական խմբագրված տարբերակը շուտով կփոխանցեն Ադրբեջանին։

«Ադրբեջանը փոխանցել էր  խաղաղության պայմանագրի  տեքստը, հայկական կողմն այդ տեքստի վրա  աշխատել էր և պատասխանը տվել էր  Ադրբեջանին, երբ Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում։ Դրանից հետո Ադրբեջանը փոխանցել է Հայաստանին այդ  տեքստի վրա աշխատած իր տարեբարկը։ Հայաստանը  հիմա աշխատում է  այդ տեքստի վրա, իր պատասխանները՝ լրացումներով կամ փոփոխություններով, շուտով կփոխանցի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով, դեռևս վերջնական որոշում չկա՝ արդյոք խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմն են ստեղծելու. «Գիտեք, որ Վաշինգտոնում իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև հանդիպմանը, որը կազմակերպել էր Ջեյք Սալիվանը, համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ի հայերի  իրավունքներն ու անվտանգությունը: Մինչ այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև  հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ այդ պայմանագրից դուրս»։

Հարցին՝ Երևանը ո՞ր տարբերակին է կողմ, Գրիգորյանը պատասխանեց. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել:

Ես ենթադրում եմ, որ երբ Ադրբեջանն այդ 5 կետերը գրել է, այդ 5 կետերից երեքը ԼՂ մասին են՝ առանց ԼՂ-ի անունը տալու: Խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է ԼՂ մասին առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա ԼՂ-ի մասին, դա պետք է հստակ  նշվի։ Հստակություն պետք է մտցվի, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ կամ պայմանագրում հստակ նշվի կամ ստեղծվի միջազգային մեխանիզմ»:

Նա հայտնեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսն այն տեքստն է, որի վրա աշխատում են: Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարկվել:

«Միայն կա երկու տեքստ, մեկն առաջարկվել է Ռուսաստանի կողմից, մյուսը՝ Ադրբեջանի: Արևմուտքը որևէ տեքստ մեզ չի առաջարկել: Արևմուտքը  փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար: Մոսկվան ևս այդպիսի միջավայր փորձում է ստեղծել բանակցությունների համար:  Մեսիջները, որոնք երկու կողմից ստացել ենք, կարևոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են հիմնական շահառուն, պետք է փորձեն աշխատել այս ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք ռուսական տարբերակն ավելի շահավետ չէ, որով առաջարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ կողմ ենք դրան, եկեք առաջ շարժվենք: Մենք Սոչիի հանդիպումից առաջ հրապարակային և ոչ հրապարակային առաջարկել ենք, որ Ռուսաստանի առաջարկած փաթեթը նշվի Սոչիի հայտարարության մեջ: Դա Սոչիի հայտարարությունում չի նշվել: Թե ինչու, կդժվարանամ պատասխանել, ավելի ճիշտ կլինի Ռուսաստանից հարցնել»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մինչև տարեվերջ կկազմակերպվի Փաշինյան-Ալիև հանդիպում, նա ասաց. «Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծել, բայց Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը, դա կարող է լինել Սանկտ-Պետերբուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որեւէ այլ տեղ»։

Նա նաև նշեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում և այս առումով ահագին արդյունավետ է։

«Հայկական կողմը գտնում է, որ լավ կլիներ, եթե նրանք ավելի երկար մնան տարածաշրջանում: Գիտեք, որ եվրոպական մայրաքաղաքներից ևս այդպիսի մեսիջներ կան, որ նրանք ցանկանում են դա անել:  Եթե եվրոպական կողմից նման քայլ լինի, Հայաստանը կողջունի»,-ասաց Արմեն Գրիգորյանը: